Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՇՄՆ տեղակալը Հնդկաստանում կարևորել է մեծ կատուների դերն ու նշանակությունը՝ առողջ էկոհամակարգեր ունենալու գործում

ՇՄՆ տեղակալը Հնդկաստանում կարևորել է մեծ կատուների դերն ու նշանակությունը՝ առողջ էկոհամակարգեր ունենալու գործում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ապրիլի 9-ից 10-ը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ կայացած «Վագրի նախագիծը» (Project Tiger) 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» (կատվազգի` վագր, ընձառյուծ, լուսան, առյուծ և այլն) ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Վագրի նախագիծը» մեկնարկել է դեռևս 1973 թվականին և վագրերի պահպանությանն ուղղված ամենամասշտաբային նախաձեռնություններից է, որը հետևողական գործողությունների ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարողացել է օգնել աշխարհում վագրերի թվաքանակի պահպանմանը և վերականգնմանը։ Աշխարհի տարբեր երկրներից Հնդաստան ժամանած բնապահպանության ոլորտի ներկայացուցիչ պաշտոնատար անձինք, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երկօրյա համաժողովի ընթացքում քննարկել են աշխարհում մեծ կատուների նվազող պոպուլյացիայի պահպանությանն ուղղված ջանքերի միավորման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորութունները։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով և խոսել մեր երկրի հարուստ կենսաբազմազանության և 2002 թվականին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստանը) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում ընձառյուծի պահպանություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ավելացնել ընձառյուծի պոպուլյացիայի թիվը Հայաստանում՝ պաշտպանելով նրա ապրելավայրերը,  ուժեղացնել բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, որոնք հանդիսանում են ընձառյուծի բնակության բնական միջավայրեր, ինչպիսիք են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արևիք» ազգային պարկը: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ապօրինի գործողությունները պահպանվող տարածքներից դուրս, ստեղծել փոխհատուցման մեխանիզմներ՝ մեղմելու մարդկանց և ընձառյուծի միջև հակամարտությունը։ Արամ Մեյմարյանը ներկայացրել է ծրագրի հաջողություններն ու ձեռքբերումները, կարևորել մեծ կատուների դերն ու նշանակությունը առողջ էկոհամակարգեր ունենալու գործում։ Եզրափակելով իր ելույթը՝ նա ևս մեկ անգամ կարևորել է կենսաբազմազանության պահպանման նպատակով ջանքերի միավորման անհրաժեշտությունը։ «Հայաստանում ընձառյուծի պահպանման ծրագիրը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են աշխատել մեր մոլորակի կենսաբազմազանությունը պաշտպանելու և վերականգնելու համար: Պաշտպանելով առանցքային տեսակներին, ինչպիսիք են ընձառյուծը և այլ մեծ կատուները` մենք ապահովում ենք էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարևոր է այլ տեսակների գոյատևման համար»,-նշել է Արամ Մեյմարյանը։ Համաժողովի շրջանակներում դաշտային այցելությունների ընթացքում հնարավորություն է ընձեռնվել մասնակից երկրների պատվիրակություններին ծանոթանալու Հանդկաստանի հարուստ կենսաբազմազանությանը, ինչպես նաև պահպանությունն իրականացնող կառույցների կառավարման համակարգին և գործունեությանը։ Համաժողովի ընթացքում գործարկվել  է «Մեծ կատուների միջազգային դաշինքը» (IBCA), որը կենտրոնանալու է աշխարհի յոթ խոշոր կատուների պաշտպանության և պահպանման վրա։ Դաշինքնին անդամակցությունը բաց է լինելու այն երկրների համար, որոնք հանդիսանում են այս տեսակների բնական ապրելամիջավայր և այլ շահագրգիռ երկրների, միջազգային կազմակերպությունները, բնապահպանական գործընկերների, գիտական կազմակերպությունների և բիզնեսների համար, որոնք պատրաստ են նպաստել IBCA-ի նպատակներին և գործունեությանը:

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում

Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում
Ապրիլի 6-12-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 9-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին, Շենգավիթում՝ ապրիլի 8-ին և 10-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՝ Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 7-ին, 10-12-ը, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 11-ին և 12-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝ Հրազդանում ապրիլի 4-ին, Ալավերդիում՝ ապրիլի 6-ին։

Կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն շուրջ 50 երկարամյա ծառերով

Կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն շուրջ 50 երկարամյա ծառերով
Մայրաքաղաք Երևանում այս օրերին տեղի են ունենում ինտենսիվ ծառահատումներ։  Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ հատվում են կենսունակությունը կորցրած ծառերը։ Իսկ հատված ծառերի փոխարեն անմիջապես տնկվում են նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներ: Այսօր վաղ առավոտից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կատարում էր Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը: Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ: ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: Տվյալ հատվածում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 50 ծառ:

Հաստատվել է խեցգետնաբուծության զարգացման 2024-26 թվականների ծրագիրը

Հաստատվել է խեցգետնաբուծության զարգացման 2024-26 թվականների ծրագիրը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը» Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարոթյունից։ Ծրագրի նպատակն է՝ 1․ պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, 2․բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձռնվի՝ 1․ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման  միջոցով կազմակերպել բարձրարժեք սննդամթերքի արտադրություն, 2․ ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների արհեստական աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և ավելացնել խեցգետնի արտահանման ծավալները, 3․ նպաստել արտադրատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, 4․ էականորեն ավելացնել ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող շահառուների եկամուտները։

Միջազգային կոնֆերանսում կքննարկվեն Արարատյան դաշտի պալեոֆլորան և պալեոֆաունան

Միջազգային կոնֆերանսում կքննարկվեն Արարատյան դաշտի պալեոֆլորան և պալեոֆաունան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ: Կոնֆերանսը կյանքի է կոչվել «Արմենիա Վայն» ընկերության աջակցությամբ։ Փակ կոնֆերանսը հասանելի կլինի օնլայն տիրույթում․ Հայաստանի գինու պատմության թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը կապահովեն կոնֆերանսի ուղիղ հեռարձակումը ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։ Մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը «հելլենիստական» Հայաստանը ունեցել է ընդհանուր առմամբ 6 տարբեր մայրաքաղաքներ, որոնցից հինգը գտնվում էին Արարատյան դաշտավայրի տարածքում։ Արմավիրից (մ.թ.ա. 330–210) մայրաքաղաքը տեղափոխվել է Երվանդաշատ-Երվանդակերտ (մ.թ.ա. 210–180), այնուհետև՝ Արտաշատ   (մ.թ.ա. 180–77), Տիգրան Մեծի օրոք` հայկական տերության ընդլայնումից հետո, Մեծ Հայքի մայրաքաղաքը կարճ ժամանակով գտնվում էր Արարատյան դաշտից դուրս՝ Տիգրանակերտում (մ.թ.ա. 77–69), որը հետագայում տեղափոխվեց Արտաշատ (մ.թ.ա. 69–մոտ 120 թ.)։ Այստեղից մայրաքաղաքը տեղափոխվել է Վաղարշապատ (մ.թ.ա. մոտ 120–330), իսկ ավելի ուշ՝ Դվին (336–428 թթ.)։ Հենց այս բնակավայրերի և մայրաքաղաքների քաղաքաշինության դիախրոնիկ ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով էլ Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի պատվիրակությունն ամիսներ շարունակ հնագիտական աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքները կամփոփվեն կոնֆերանսի ընթացքում։ Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում մասնավորապես կքննարկվեն Արարատյան դաշտի երկրաբանությունը և աշխարհագրությունը, պալեոֆլորան և պալեոֆաունան, ինչպես նաև անտիկ հուշարձանների մարդաբանությունը, Արարատյան դաշտավայրի կապի և առևտրային ուղիները։ Պեղումներում ներգրավված գիտնականները կզեկուցեն Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրում, Երվանդաշատ-Երվանդակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Դվինում իրականացված ծրագրերի արդյունքները։ Քննարկումը կկենտրոնանա քաղաքաշինության նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մայրաքաղաքների մի վայրից մյուսը տեղափոխելու հնարավոր պատճառների շուրջ: Առանձին ժամանակ կհատկացվի նաև Մեծամորի, Գառնու և Օղլանքալայի հուշարձաններին։ Մասնագետները կանդրադառնան նաև Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս տեղակայված մայրաքաղաքներին։ Միջագետքի ավանդույթների արտացոլումը Հայաստանի քաղաքաշինության համատեքստում կգնահատվի՝ ուսումնասիրելով Միջագետքի մայրաքաղաքները, ինչպես նաև Աքեմենյան և հետաքեմենյան Կովկասի զարգացումները՝ հատկապես Վրաստանում:

Ի՞նչ բազային հետազոտություններ է պետք անցնել գարնանը

Ի՞նչ բազային հետազոտություններ է պետք անցնել գարնանը
Ձմեռային սեզոնի ընթացքում լույսի, ֆիզիկական ակտիվության, վիտամինների պակասը օրգանիզմի համար հաճախ դառնում է սթրեսի նախապայման: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել սեփական առողջությունը անցնելով գարնանայուն «check-up»: Որո՞նք են այդ հետազոտությունները և ի՞նչ նպատակ ունեն։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կողմից մշակած 5 կարևոր հետազոտություն 1 Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն. Օգնում է գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը։ 2․  Արյան կենսաքիմիական հետազոտություն. Ավելի խորացված հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել լյարդի, երիկամների,ստամոքսաղիքային և սիրտանոթային համակարգերի գործառույթը։ Այս հետազոտությունը նաև թույլ է տալիս հաստատել կամ բացառել բորբոքային պռոցեսները և նյութափոխանակության խանգարումները։ Խորհուրդ է տրվում ստուգել՝ ԷՆԱ, ԱՍԱՏ, ԱԼԱՏ, բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, միզանյութ, կրեատինին, միզաթթու, խոլեստերին, եռգլիցերիդներ, գլյուկոզ։ 3․  Վահանաձև գեղձի հորմոններ՝ ԹԹՀ, T3, T4: Վահանաձև գեղձը վերահսկում է կենտրոնական նյարդային համակրգի գործունեությունը, հոգեկան և մտավոր կարգավիճակը, ազդում է նյութափոխանակության, սրտի աշխատանքի, շնչառական օրգանների և վերարտադրողական գործառույթի վրա։ Գեղձի աշխատանքի խանգարումը կարող է բերել տագնապի և սթրեսի աստիճանի բարձրացմանը։ 4․  Կոագուլոգրամա. Ցանկալի է հանձնել, եթե անձը զգում է թուլություն, հոգնածություն, կենտրոնացման դժվարացում, գլխացավեր, ապաթիա: Հաճախ այս երևույթների պատճառը լինում է արյան մակարդելիության բարձրացումն է։ 5․  Վիտամին D-ի մակարդակի որոշում. Համաձայն վիճակագրության՝ բնակչության 80%-ը ձմռան ավարտից հետո ունենում են վիտամին D-ի պակասուրդ, որը կարող է բերել մկանային թուլության, դեպրեսիայի, ավելորդ քաշի և ոսկրերի խտության նվազման։ Հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո կարևոր է խորհրդակցել Ձեզ բուժող բժիշկի, կամ ընտանեկան բժշկի հետ: Առողջ եղե՛ք․

Սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները

Սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։ 1․Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, 2․Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները, 3Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի), 4․Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր), 5․Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում։

Մարտին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ

Մարտին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ
2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 160 հազար։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Ըստ կոմիտեի տվյալների 2023 թվականի մարտին զբոսաշրջիկների վիճակագրական այցի տվյալները լավագույնն են՝ նախորդ տարիների համեմատ։ 2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ: Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի թվերից:

Բուսաբանականը մետրոյում՝ մեկնարկել է հանրային իրազեկման նոր արշավ

Բուսաբանականը մետրոյում՝ մեկնարկել է հանրային իրազեկման նոր արշավ
Ապրիլի 7-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայից։ Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի քան 1500 բուսատեսակ ամբողջ աշխարհից: Այս արշավի նպատակն է հանրությանը ներկայացնել բուսաբանական այգիների դերը, գործունեությունը և նշանակությունը: Երևանի մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռում Երևանի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին բացահայտելու Երևանի բուսաբանական այգին՝ մեր քաղաքի «կանաչ թոքերը»։

Շուրջ 400 ծառ տնկվեց «Եռաբլուրում» հիմնված նոր անտառպուրակում

Շուրջ 400 ծառ տնկվեց «Եռաբլուրում» հիմնված նոր անտառպուրակում
Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տեղեկատվության, ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: Ընդհանուր առմամբ այս տարի Երևանում կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնի՝ շուրջ 12 հա զբաղեցնող տարածքում ծառատունկն իրականություն դարձավ։ Իսկ մինչ այդ արդեն նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում ձևավորվել էր մասնագիտական խումբ, որոնք  գիտականորեն հիմնավորված մշակել և նախագծել են անտառտնկման և տեղաբաշխման սխեմաներ։ Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը, բարդությունը եւ կտրտվածության աստիճանը՝ տարածքը բաժանվել է քառակուսիների։ Յուրաքանչյուր առանձնացված քառակուսու համար կազմվել են հատուկ խառնման եւ տեղաբաշխման սխեմաներ, որոնց տեսականին ընդգրկում է ինչպես դեկորատիվ, այնպես էլ պտղատու տեսակներ։ Հաշվի է առնված տեղանքի քարքարոտության աստիճանը, հողային պայմանները, ինչպես նաեւ տարածքում գոյություն ունեցող գծային էրոզիան՝ ձորակը։ Հատկանշական է․ որ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից «Փառքի անտառը» հիմնվեց հենց հերոսների ծնողների ձեռքերով, որոնք ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին տնկեց շուրջ 4000 ծառ և թուփ։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել