Միջազգային կոնֆերանսում կքննարկվեն Արարատյան դաշտի պալեոֆլորան և պալեոֆաունան

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b6%d6%86%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%b6/

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքելու է համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:
Կոնֆերանսը կյանքի է կոչվել «Արմենիա Վայն» ընկերության աջակցությամբ։
Փակ կոնֆերանսը հասանելի կլինի օնլայն տիրույթում․ Հայաստանի գինու պատմության թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը կապահովեն կոնֆերանսի ուղիղ հեռարձակումը ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։

Մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը «հելլենիստական» Հայաստանը ունեցել է ընդհանուր առմամբ 6 տարբեր մայրաքաղաքներ, որոնցից հինգը գտնվում էին Արարատյան դաշտավայրի տարածքում։
Արմավիրից (մ.թ.ա. 330–210) մայրաքաղաքը տեղափոխվել է Երվանդաշատ-Երվանդակերտ (մ.թ.ա. 210–180), այնուհետև՝ Արտաշատ   (մ.թ.ա. 180–77), Տիգրան Մեծի օրոք` հայկական տերության ընդլայնումից հետո, Մեծ Հայքի մայրաքաղաքը կարճ ժամանակով գտնվում էր Արարատյան դաշտից դուրս՝ Տիգրանակերտում (մ.թ.ա. 77–69), որը հետագայում տեղափոխվեց Արտաշատ (մ.թ.ա. 69–մոտ 120 թ.)։ Այստեղից մայրաքաղաքը տեղափոխվել է Վաղարշապատ (մ.թ.ա. մոտ 120–330), իսկ ավելի ուշ՝ Դվին (336–428 թթ.)։

Հենց այս բնակավայրերի և մայրաքաղաքների քաղաքաշինության դիախրոնիկ ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով էլ Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի պատվիրակությունն ամիսներ շարունակ հնագիտական աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքները կամփոփվեն կոնֆերանսի ընթացքում։

Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում մասնավորապես կքննարկվեն Արարատյան դաշտի երկրաբանությունը և աշխարհագրությունը, պալեոֆլորան և պալեոֆաունան, ինչպես նաև անտիկ հուշարձանների մարդաբանությունը, Արարատյան դաշտավայրի կապի և առևտրային ուղիները։ Պեղումներում ներգրավված գիտնականները կզեկուցեն Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրում, Երվանդաշատ-Երվանդակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Դվինում իրականացված ծրագրերի արդյունքները։ Քննարկումը կկենտրոնանա քաղաքաշինության նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մայրաքաղաքների մի վայրից մյուսը տեղափոխելու հնարավոր պատճառների շուրջ: Առանձին ժամանակ կհատկացվի նաև Մեծամորի, Գառնու և Օղլանքալայի հուշարձաններին։ Մասնագետները կանդրադառնան նաև Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս տեղակայված մայրաքաղաքներին։ Միջագետքի ավանդույթների արտացոլումը Հայաստանի քաղաքաշինության համատեքստում կգնահատվի՝ ուսումնասիրելով Միջագետքի մայրաքաղաքները, ինչպես նաև Աքեմենյան և հետաքեմենյան Կովկասի զարգացումները՝ հատկապես Վրաստանում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով