Blog
In
other , shrjaka-mijavayr
Համաշխարհային բանկից նոր դրամաշնորհ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման համար
Posted on 22 Հունվարի, 2021

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագիրը: Համաձայնագրի հաստատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը գործադիրը հաստատեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում: Համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկանքում նշված է. «Հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր օրենքները և այլ իրավական ակտերը ընդունված են, սակայն կարգավորման համակարգը տուժում է անորոշության և տարբեր օրենքների միջև անհամապատասխանության պատճառով (օրինակ՝ «մեկ պատուհանի» սկզբունքի ոչ լիարժեք կիրառման հնարավորությունները, ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողօգտագործման իրավունքի տրամադրման օրենսդրական հակասությունները. գործընթացը չի հենվում փոխհատուցման և տարաբնակեցման հարցերում հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն փորձի վրա և այլն), որը ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնն է: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետևում է, որ ոլորտը՝ որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, կարևոր կշիռ ունի ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով բարձր հարկային եկամուտներ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ոչ ամբողջական կերպով է ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով (բնապահպանական, սոցիալական և տնտեսական հիմնահարցերի համակցման և համակարգված գործողություններ): Այս առումով կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարևոր է ունենալ կայուն, պարզ և թափանցիկ իրավական դաշտ: Իսկ ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու և ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման և ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին: Հարկ է նշել, որ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը ամրագրված է նաև 2019թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշման 127.2 կետում: Համաշխարհային բանկից ստացվող ֆինանսական միջոցների հաշվին 2019-2020 թվականներին ԱՃԳԾԱ ՀՀ Դրամաշնորհ թիվ TF0A5519 ծրագրով (Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ծրագիր) նախատեսված էր եղել ռազմավարության մշակումը՝ երկու թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումից հետո: Սակայն Խորհրդատուների կողմից աշխատանքների կատարումները ուշացան, իսկ նախկին դրամաշնորհի հիմնական ֆոնդը փակվեց, որի արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել ռազմավարության մշակումը: Հաշվի առնելով նպատակի կարևորությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բանակցություններ սկսեց Համաշխարհային բանկի հետ՝ նպատակը անավարտ չթողնելու և նոր դրամաշնորհ ներգրավելու համար: ՀՀ կառավարությունը 2020 թվականի դեկտեմբերի 10-ի № 2006-Ն որոշմամբ հավանություն է տվել Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, և հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր` որոշման 1-ին կետում նշված միջազգային պայմանագրի իրականացումն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի հաստատումը»:
In
other , eco-aprelakerp , eco-snund
Մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը
Posted on 21 Հունվարի, 2021

Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբնական խնդիրների։ Լավ տրամադրություն ապահովելու համար սննդարար մթերքները պարունակում են հետևյալ կարևոր էլեմենտները. • Ֆոլաթթու • Երկաթ • Oմեգա 3 ճարպաթթուներ • Մագնեզիում • Կալիում • Սելեն • Թիամին • Վիտամին A • Վիտամին B6 • Վիտամին B12 • Վիտամին C • Ցինկ Ահա մի քանի ուտեստների օրինակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, մանրաթելեր, ամբողջական ածխաջրեր և շատ սննդարար են, ուստի կփոխեն ձեր տրամադրությունը։ • քինոայով և հավի մսով աղցան • նուշ, խաղող • սաղմոնով, կարտոֆիլով, շագանակագույն բրնձով և լոլիկով աղցան • կոկոսով և բրնձով պատրաստված հավ • կանաչեղենով լցոնված տավարի միս՝ քաղցր կարտոֆիլով և տապակած բրոկոլիով Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
In
other , eco-dexatun
Առողջապահության նոր նախարարը
Posted on 21 Հունվարի, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա 2021թ. հունվարի 18-ին ՆՀ-2-Ա հրամանագրով Առողջապահության նախարարի պաշտոնում է նշանակել Անահիտ Ավանեսյանին: Նա մինչ այդ զբաղեցնում էր Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
Նախագահի ՆՀ-1-Ա հրամանագրով էլ Արսեն Թորոսյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Վարչապետի՝ հունվարի 18-ի 34 - Ա որոշմամբ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Անահիտ Ավանեսյանի կենսագրությունը
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թ. մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004թթ-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստրի կոչումը:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):
2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:
2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:
2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:
2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ-ի խորհրդի անդամ:
2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:
2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
In
other , eco-snund , eco-dexatun
Էկո հանրագիտարան.Օշինդր
Posted on 21 Հունվարի, 2021

Օշինդրն աճում է գրեթե ամենուր ճանապարհների մոտ, անապատներում, անտառային զբոսայգիներում: Ես սովորաբար բերքը հավաքում են հունիսի վերջին, հուլիսի սկզբին, ծաղկման ժամանակ: Դրանից հետո նուրբ կտրում եմ և չորացնում են: Հետո այն լցնում են ապակե տարայի մեջ և պահում խոհանոցի պահարանում:Այս բույսն ունի բազմաթիվ օգտակար և բուժիչ հատկություններ: Ես այստեղ մանրամասն չեմ ընդլայնվի, բայց կկենտրոնանամ դրա կիրառման հիմնական մեթոդների վրա: Գլխացավի համար. Կարող եք խմել օշինդրից պատրաստված հյութը: Թարմ տերևները անցկացրեք հյութա-մզիչով: Պատրաստի հյութին կարող եք ավելացնել մեղր` դառնությունը խեղդելու համար և խմել մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ օրական երեք անգամ: Ատամի ցավից ազատվելու համար․ Օշինդրի մի քանի թարմ տերևներ լցրեք մեկ բաժակ տաք ջրի մեջ (պար-զապես ոչ եռացող ջրով), թողեք թրմվի։ Ցավոտ ատամը ողողեք տաք թուրմով: Մրսածության համար․ Երկու ճաշի գդալ չոր օշինդրը լցրեք 250 գրամ օղու մեջ, թողեք 30 րոպե թրմվի մութ տեղում: Լցրեք այն մուգ շշի մեջ և դրեք սառնարանում: Մրսածության առաջին իսկ նշանների դեպքում խմեք օրական երկու անգամ 50 գրամ: Փորլուծության դեպքում․ Օշինդրն ունի աղիների վարակները վերացնելու ունակություն, նորմալացնում է իր աշխատանքը, թունավորումների դեպքում հեռացնում է տոքսինները և բարելավում է սննդի կլանումը: Դուք կարող եք օգտագործել այն երկու եղանակով:Ուտելուց առաջ, եթե կան օշինդրի թարմ տերևներ, ապա լավ ծամեք և կուլ տվեք, կարող եք մի քանի անգամ կրկնել այն: Կամ պատրաստել թուրմ: Տեղադրեք թերմոսի մեջ երկու ճաշի գդալ չոր օշինդր, լցրեք տաք ջուր և թողեք, որ թրմվի: Խմեք կես բաժակ ուտելուց առաջ:Անքնության և նյարդային համակարգը հանգստացնելու համար: Ես խմում եմ այս թուրմից կես բաժակ քնելուց կես ժամ առաջ և քնում «մահացած» մարդու նման: Օշինդրը նվազեցնում է ալկոհոլի նկատմամբ փափագը, հեռացնում է տոքսինները, վերականգնում է ալկոհո-լային խմիչքների ավելորդ ընդունումից հետո տուժած լյարդը:Ես խորհուրդ չեմ տալիս այն օգտագործել ստա-մոքսի խոցերի և գաստրիտների, ցածր թթվայնություն ունեցող մարդկանց, ալերգիաներ ունեցողներին, հղի և կերակրող կանանց: Հոդվածը ներկայացված է տեղեկատվական նպատակներով։ Նախքան որևէ բուժում սկսելը խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Եղեք առողջ
In
other , eco-energia
Մինչև 2030թ-ը Հայաստանը ծրագրում է արևային էներգետիկայի մասնաբաժինը էներգետիկ համակարգում հասցնել 15%-ի
Posted on 21 Հունվարի, 2021

Առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային էներգետիկայի զարգացմանը: Հունվարի 14-ին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը)» և այս ծրագրի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ ծրագրի՝ մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի՝ 1.8 մլրդ կՎտժ: Այդ նպատակով կկառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ներառյալ ինքնավար կայաններ: Մինչև 2022թ-ի հուլիսը կավարտվի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի տարածքում: «Մասրիկ-1»-ը տարեկան կարտադրի 0.11 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրում ներդրման չափը հաշվարկված է 60 միլիոն դոլար: Ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի վարկային միջոցներով: Կայանի տարածքը կազմելու է 128.3 հա: 2023թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը: Կայանը տարեկան կարտադրի 0.32 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ծրագրի ներդրման չափը հաշվարկված է 170 միլիոն դոլար: 2024թ. դեկտեմբերին կավարտվի 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Այգ-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը: Այն տարեկան կարտադրի 0.32 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրի համար հաշվարկված է 150 միլիոն դոլարի մասնավոր ներդրում: Այս կայանների կառուցումը նախատեսված է «Մասդար Արմենիա Ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակներում: Այն նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF): Կայանները կառուցվելու են Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա: Առաջին կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքներից: Երկրորդ կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Եղվարդ, Նոր Եդեսիա համայնքներից: ՀՀ կառավարությունը դիտարկում է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: 2024թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 120 ՄՎտ հզորությամբ արևային 5 ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրեր: Արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 0.192 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրերի համար նախատեսվում է մրցութային կարգով մասնավոր ներդրումներ ներգրավել նվազագույն գնի առաջարկի հիման վրա: 2029թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 315 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արևային փոքր (մինչև 5 ՄՎտ հզորությամբ) կայանների կառուցումը, որից 15 ՄՎտ հզորությունը նախատեսվում է համայնքային արևային կայանների կառուցման նպատակով։ Հաշվարկված է, որ այս կայանները տարեկան կարտադրեն 0.326 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս նպատակի համար ակնկալվում է 340 միլիոն դոլար մասնավոր ներդրում: 2023թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել ինքնավար արևային կայանների կառուցումը՝ ընդհանուր դրվածքային հզորությունը 40 ՄՎտ-ից հասցնելով 100 ՄՎտ: Այս կայանները տարեկան կարտադրեն մոտ 0.16 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս նպատակի համար նախատեսվում է մասնավորի կողմից ներդնել 80 միլիոն դոլար:
In
other , shrjaka-mijavayr
Կենդանի մոլորակ Հաշվետվություն 2020. Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)
Posted on 20 Հունվարի, 2021

Eco.am-ը ներկայացնում է ձեզ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Կենդանի մոլորակ Հաշվետվություն 2020»-ի «Ընդհանուր պատկերը», «SOS բնության համար» և «Պոպուլյացիայի մակարդակով․ ի՞նչ է ցույց տալիս Կենդանի մոլորակ համաթիվը 2020 թվականին» ենթաբիժինները: Առաջիկայում կներկայացնենք հաշվետվության մյուս բաժինները նույնպես: Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) WWF-ն աշխարհի ամենամեծ և ամենափորձառու բնապահպանական կազմակերպություններից մեկն է։ Այն ունի 5 միլիոնից ավել աջակից ամբողջ աշխարհով մեկ և գրասենյակներ 100-ից ավելի երկրներում։ WWF-ի առաքելությունն է կանգնեցնել մոլորակի բնական միջավայրի հետընթացը և ստեղծել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ՝ պահպանելով մոլորակի կենսաբազմազանությունը, ապահովելով բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, նպաստելով մոլորակի աղտոտվածության և ոչ խելամիտ սպառման կրճատմանը։ Կենդանաբանության ինստիտուտ (Լոնդոնի կենդանաբանական հասարակություն) Կենդանաբանության ինստիտուտը (Լոնդոնի կենդանաբանական հասարակություն)` ZSL-ը, հիմնադրվել է 1826 թվականին։ Այն միջազգային բնապահպանական բարեգործական կազմակերպություն է, որն աշխատում է ստեղծել մի աշխարհ, որտեղ վայրի բնությունը բարգավաճում է։ ZSL-ի աշխատանքը հիմնված է նորարարական գիտական ձեռքբերումների, ամբողջ աշխարհով մեկ բնապահպանության ու 2 կենդանաբանական այգու միջոցով միլիոնավոր մարդկանց ներգրավվածության վրա (Լոնդոնի կենդանաբանական այգի և Ուիփսնեյդի կենդանաբանական այգի)։ ZSL-ը կառավարում է Կենդանի մոլորակ համաթիվը® հաշվարկելու գործընթացը՝ WWF- ի հետ համատեղ: WWF. 2020. Կենդանի մոլորակ զեկույց 2020: Բեկելով կենսաբազմազանության կորստի կորը Almond, R.E.A., Grooten M. and Petersen, T. (Eds) WWF, Gland, Switzerland Ընդհանուր պատկերը Մարդն առանց բնության չի կարող ապրել։ Բնությունն անհրաժեշտ է մարդու գոյության և կյանքի լավ որակի համար։ Բնությունը մարդկությանն ապահովում է մաքուր օդով, քաղցրահամ ջրով և բերրի հողերով, որոնցից կախված ենք մենք բոլորս: Բնությունը կարգավորում է նաև կլիման, ապահովում է փոշոտում, պաշտպանում վնասատուներից և նվազեցնում բնական վտանգների ազդեցությունը: Այսօր մարդկության կողմից սննդի, էներգիայի և այլ նյութերի բավական մեծ ծավալի սպառումն ուղեկցվում է բույսերի և կենդանիների գերօգտագործմամբ, որն ավելի ու ավելի է կասկածի տակ դնում ապագայում բնության կողմից դրանց տրամադրման հնարավորության հավանականությունը: Լայնածավալ առևտրի, անընդհատ աճող սպառման և բնակչության թվի, ինչպես նաև ուրբանիզացիայի հսկայական ծավալների պատճառով վերջին 50 տարում մեր աշխարհն արագ տեմպերով վերափոխվում է: Այս ամենն իհարկե հանգեցնում է աննախադեպ ծավալներով բնական ռեսուրսների գերօգտագործման, սա էլ իր հերթին բերում է բնության ոչնչացման։ Քիչ թվով երկրներ են պահպանում մոլորակի վերջին վայրի տարածքները: Արդյունքում, մեր բնական աշխարհն ավելի արագ է վերափոխվում, քան երբևէ: 2020 թ.-ի Կենդանի մոլորակի համաշխարհային համաթիվը ցույց է տալիս 1970-ից 2016 թթ․ ժամանակահատվածում դիտարկված կենդանիների, այն է՝ մի շարք կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների պոպուլյացիայի միջինում 68% անկում: Տեսակների պոպուլյացիայի միտումները կարևոր են, քանի որ դրանք էկոհամակարգի առողջության գրավականն են: Ճիշտ է, չափազանց բարդ է հաշվարկել բոլոր կենդանատեսակների թվաքանակի փոփոխությունը, քանի որ կենդանական աշխարհը չափազանց բազմազան է, և հնարավոր չէ կիրառել այնպիսի հաշվարկման մեխանիզմ, որն ընդգրկի բոլոր տեսակների հետազոտությունը, սակայն, այնուամենայնիվ, ստացված արդյունքները վկայում են, որ վերջին տասնամյակներում գրանցվել է կենսաբազմազանության էական կորուստ։ Հարց է ծագում՝ կարո՞ղ ենք կասեցնել կորստի այս միտումները: Սա այն հարցն է, որ բարձրացվել է 2017 թ.-ին՝ Bending the Curve (Բեկենք կորը) (WWF-ի և ավելի քան 40 համալսարանների, բնապահպանական կազմակերպությունների և միջկառավարական կազմակերպությունների գործակցություն) նախաձեռնության կողմից, որպեսզի հետազոտվեն և մոդելավորվեն այն ուղիները, որոնք կօգնեն կասեցնել կենսաբազմազանության կորստի միտումը: Այժմ վստահորեն կարող ենք ասել, որ այս նորարարական մոդելը վկայում է այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել ցամաքային հատվածի կենսաբազմազանությունը հողօգտագործման մոդելի փոփոխության դեպքում։ Պահպանության նկատմամբ աննախադեպ և անմիջական ուշադրության, ինչպես նաև մեր ժամանակակից սննդային համակարգի վերափոխման շնորհիվ, մենք կարող ենք ունենալ կենսաբազմազանության վերականգնման և աճող բնակչությանը բավարար պարենով ապահովելու գործողությունների արդյունավետ ծրագիր: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն և կամք: Բացի «Բեկելով կորը» նախաձեռնության կողմից բարձրաձայնած թեզերից մենք դիմեցինք ամբողջ աշխարհով մեկ սփռված տարբեր երկրների ինչպես երիտասարդ, այնպես էլ կայացած մշակութային գործիչների, ստեղծագործողների, մտածողների, տարբեր ոլորտների մասնագետների, որպեսզի նրանք մեզ հետ կիսվեն իրենց տեսակետներով, թե ինչպես են նրանք պատկերացնում առողջ մոլորակը մարդկանց և բնության համար: Նրանց մտքերն առաջին անգամ ամփոփված են «Կենդանի մոլորակ 2020» զեկույցում՝ «Իմ ձայնը կենդանի մոլորակին» հատուկ հավելվածով: Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցան մի շարք աղետալի իրադարձություններ՝ հրդեհներ, միջատային համաճարակներ, COVID-19՝ ցնցելով աշխարհի բնապահպանական գիտակցությունը։ Այս ամենը շեշտադրեց կենսաբազմազանության պահպանության առաջնային և օրհասական խնդիր լինելու փաստը։ Եթե մարդկությունը ցանկանում է պահպանել իր առողջությունը, անվտանգությունը, ինչպես նաև կարողությունները, ապա օր առաջ պետք է կատարվեն բոլոր անհրաժեշտ ռազմավարական ներդրումները բնության առողջացման ուղղությամբ։ 2020 թվականը նախատեսում էր լինել «գեր-տարի», որի ընթացքում միջազգային հանրությունը պլանավորում էր անցկացնել կլիմային, կենսաբազմազանությանը և կայուն զարգացմանն ուղղված հանդիպումների պատմական շարք, որն իր ձեռքը կվերցներ Անթրոպոցենի (մարդածին) կառավարումը, սակայն COVID-19-ի պատճառով դրանցից շատերը տեղափոխվեցին 2021 թ.։ Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը հաստատում է, որ երկրների առաջնորդները պետք է գան նոր համաշխարհային համաձայնության, ինչը մեզ կտանի այնպիսի ճանապարհով, որի պայմաններում և՛ մարդկությունը, և՛ բնությունը կկարողանան բարգավաճել: Մենք գիտենք, որ այս զեկույցը հրապարակվում է դժվարին ժամանակներում: Քանի որ աշխարհն այսօր անխուսափելիորեն թևակոխում է ավելի մեծ իրարանցման, անկայունության և փոփոխությունների մի շրջան, այս զեկույցում մենք ներկայացրել ենք բավական կարևոր տեղեկատվութուն և գիտելիք, որոնք հուսով ենք շարժիչ ուժ կհանդիսանան կարևորագույն որոշումների կայացման, էկոլոգիական, սոցիալական և տնտեսական մարտահրավերների դիմակայման ու խնդիրների լուծման համար: SOS բնության համար Կենսաբազմազանությունը, ինչպես մենք նրան այսօր ծանոթ ենք, հիմնարար նշանակություն ունի մարդու կյանքի համար Երկիր մոլորակի վրա։ Սակայն պարզից էլ պարզ է, որ մենք այն ոչնչացնում ենք աննախադեպ արագությամբ։ Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր, մարդկային գործունեության հետևանքով ավելի ու ավելի շատ են ոչնչացվել և քայքայվել անտառները, խոտհարքները, ջրավազանները և այլ կարևոր էկոհամակարգեր՝ սպառնալով մարդու բարեկեցությանը: Երկրի ոչ սառցային մակերեսի 75%-ը զգալիորեն փոխվել է, օվկիանոսների մեծ մասն աղտոտված է, իսկ ջրաճահճային տարածքների ավելի քան 85%-ը կորսվել է: Վերջին մի քանի տասնամյակում ցամաքային համակարգերում կենսաբազմազանության կորստի ամենակարևոր պատճառը եղել է հողօգտագործման փոփոխությունը, առաջին հերթին` չբնակեցված տարածքները գյուղատնտեսական համակարգերի վերածելու հաշվին, միևնույն ժամանակ օվկիանոսների մեծ մասում ձկնորսությունն իրականացվել է թույլատրվածից շատ ավելին: Ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխությունը մինչ օրս չի հանդիսացել կենսաբազմազանության կորստի ամենակարևոր պատճառը, սակայն առաջիկա տասնամյակների ընթացքում կանխատեսվում է, որ այդպես կլինի, կամ այն կդառնա ամենակարևոր պատճառներից մեկը: Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ զարգացման, տնտեսական, համաշխարհային անվտանգության, էթիկական և բարոյական: Դա նաև ինքնապահպանման խնդիր է: Կենսաբազմազանությունը չափազանց կարևոր դեր ունի սննդի, մանրաթելերի, ջրի, էներգիայի, դեղամիջոցների և գենետիկ այլ նյութերի տրամադրման գործում։ Այն նաև առանցքային նշանակություն ունի մեր կլիմայի, ջրի որակի, աղտոտվածության, փոշոտման, ջրհեղեղի և փոթորիկների զսպման հարցում: Բացի այդ, բնությունն ընկած է մարդու առողջության բոլոր հարթությունների հիմքում և ներգործում է ոչ նյութական մակարդակների վրա` ոգեշնչում և ուսուցանում է, ֆիզիկական և հոգեբանական փորձառության շնորհիվ ձևավորում է մեր ինքնությունը։ Իսկ այս ամենն առանցքային է կյանքի որակի և մշակութային ամբողջականության տեսանկյունից: Պոպուլյացիայի մակարդակով․ ի՞նչ է ցույց տալիս Կենդանի մոլորակ համաթիվը 2020 թվականին Տեսակների պոպուլյացիայի միտումները կարևոր են, քանի որ դրանք էկոհամակարգի ընդհանուր առողջության գրավականն են: Լուրջ անկումներն ահազանգում են բնության փոփոխության կամ կորստի մասին: Կենդանի մոլորակ համաթիվը (ԿՄՀ) այժմ հետևում է ամբողջ աշխարհում շուրջ 21,000 կաթնասունների, թռչունների, ձկների, սողունների և երկկենցաղների պոպուլյացիայի փոփոխություններին։ Վերջիններս կցված են ԿՄՀ-ին 1970 թվականից ի վեր պոպուլյացիաների թվաքանակի միջին տոկոսային փոփոխությունը հաշվարկելու համար` օգտագործելով համաթիվը (նկար 1): Այս տարվա համաթիվը ներառում է գրեթե 400 նոր տեսակ և 4,870 նոր պոպուլյացիա: 2018 թ.-ի վերջին ԿՄՑ-ի հաշվարկից հետո հաշվարկում ընդգրկված տեսակների քանակն ավելացել է տարածաշրջանների մեծ մասի և տաքսոնոմիկ խմբերի համար, ընդ որում՝ ավելի շատ երկկենցաղների հաշվին: Ներկայումս ԿՄՀ-ն պարունակում է տվյալներ միայն ողնաշարավոր տեսակների վերաբերյալ, քանի որ պատմականորեն նրանց ավելի հեշտ է վերահսկել։ Սակայն ներկայումս մենք արդեն ձեռնարկում են քայլեր անողնաշարավորներին ընդգրկելու ուղղությամբ, քանի որ փորձում ենք ընդլայնել մեր պատկերացումները վայրի կենդանիների պոպուլյացիայի փոփոխության վերաբերյալ։ 2020 թ.-ի ԿՄՀ-ն ցույց է տալիս 1970-2016 թթ․ ընկած ժամանակահատվածում կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների դիտարկված տեսակների պոպուլյացիայի միջինում 68% անկում (միջակայք՝ -73%-ից -62%) ։
In
other , shrjaka-mijavayr
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ գերխնդիր
Posted on 20 Հունվարի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարար Ա. Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի. Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ. Ավետիսյանը։ Խորհրդակցությանը քննարկվող թիվ մեկ խնդիրը վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարին պատրաստվելն ու դրա իրագործումն էր։ Որոշակի հանգամանքների բերումով 2021 թվականին այդ բնագավառում մեծ ծավալի անելիք կա։ Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։ Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը։ Քննարկվեց պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորություններն այս նպատակով մեկտեղելու եւ գործադրելու հնարավորությունը։ Նախարարը հատուկ հանձնարարականներ տվեց՝ վերհանել պետական կառավարման այլ մարմինների ու գերատեսչությունների կարողությունները, տարբերակներ գտնել դրանց համատեղման և Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների միջոցով այդ ծավալի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։ Հանձնարարականներ տրվեցին դիտարկել նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացներն այդ տարածքներում ևս իրականացվեն։ Երկրորդիվ քննարկվեց ՇՄՆ Անտառային կոմիտեի կազմում Անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման եւ գործարկման գործընթացը՝ ամենասեղմ ժամկետներում։ Դրա շուրջ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
In
other , eco-snund
Էկո հանրագիտարան. Կաղամբ
Posted on 20 Հունվարի, 2021

Կաղամբում պարունակվող հակաօքսիդանտները մաքրում են արյունը, պայքարում են արթրիտի դեմ, լավացնում են մաշկի վիճակը, մի խոսքով այն օգնում է մեզ առողջ լինել: Կաղամբն արագացնում է նյութափոխանակությունը, բուժում է պզուկները, խայթոցները, էկզեման, ցանը, փսորիազը, ոտքի խոցերը: Վիտամին С-ի բարձր պարունակության շնորհիվ դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Կաղամբը հանում է գլխացավը: Պետք է գլխին կաղամբի տերևներով կոմպրես դնել: Հոդերում և ծնկներում ցավից ազատվելու համար կաղամբի տերևը տաքացնել միկրոալիքային վառարանում կամ վառարանի մոտ , վրան քսել մեղրի բարակ շերտ և դնել ցավող հատվածի վրա: Ամրացնել բինտով և փաթաթել տաք շարֆով: Հազը բուժելու համար կաղամբի տերևը 1-2 պահել եռացող ջրի մեջ, այնուհետև վրան մեղր քսել և դնել կրծքավանդակին (ուժեղ հազի դեպքում նաև՝ մեջքին): Մի քանի օր կրկնել և հազը լիովին կանցնի: Դանդաղ նյութափոխանակութթյունն արագացնելու համար խորհուրդ է տրվում խմել կաղամբի տերևների թուրմ՝ առանց աղի, շաքարավազի և մեղրի: Տերևները եփել 10 րոպե, քամել և խմել տաք վիճակում 150 մլ ուտելուց 20 րոպե առաջ: Երակների վարիկոզ լայնացման դեպքում կաղամբի թարմ տերևը գրտնակել, մի երեսին քսել բուսայող և այդ կողմով դնել ախտահարված հատվածի վրա: Բուժման տևողությունը՝ մեկ ամիս: Պզուկներից ազատվելու համար կօգնի կաղամբի հյութից պատրաստված դիմակը: Հյութը սնում է մաշկը, ապահովելով բոլոր անհրաժեշտ վիտամիններով, ընդ որում պզուկները չորանում են անմիջապես: Կաղամբի տերևները դեմքին պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ տաք ջրով և քսել հարթեցնող կրեմ:
In
other , shrjaka-mijavayr
Ոստիկանները հայտնաբերել են 62 կգ սիգով բեռնված ավտոմեքենա, շրջակա միջավայրին պատճառվել է 310 հազար դրամի վնաս
Posted on 20 Հունվարի, 2021

ՀՀ ոստիկանության աշխատակիցները Գեղարքունիքի մարզում քաղաքացի Ս.Հ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով 115 հատ սիգ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 310 հազար դրամ: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժին: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
In
other , eco-energia
Հայաստանում մինչև 2036թ. ատոմային էներգետիկայի զարգացման համար կպահանջվի 480 միլիոն դոլար
Posted on 19 Հունվարի, 2021




