Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Աղ+ջուր=Սեր

Աղ+ջուր=Սեր
Աղաբլի՞թ, թե՝ սերաբլիթ․ ինչպես ծարավ չմնալ իրական սիրուց Սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի վաղը՝ հունվարի 30-ին։ Ով է Սուրբ Սարգիսը Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու այն քարոզելու համար հալածանքների է ենթարկվել իր երկրում, այնուհետև՝ Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Տոնի իմաստը սերն է, որը Սուրբ Սարգիսը տածել է Աստծու և մարդկանց հանդեպ: Եվ գիտակից մահվան գնացել՝ հանուն ուրիշների երջանկության ու վաղվա  օրվա։ Ավանդության համաձայն՝ տոնին նախորդող գիշերը, երիտասարդներն Աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն ապագա հարսնացուին կամ փեսացուին, որն էլ կհագեցնի ծարավը՝ երազում մեկ բաժակ ջուր տալով։ Ի դեպ, ասում են, որ Աղի բլիթ ուտելուց մի քանի ժամ առաջ ցանկալի է ծոմ պահել` հաց չուտել ու ջուր չխմել, որպեսզի ծարավն ավելի սաստիկ լինի: Շատ երիտասարդներ, իրենց կերած Աղի բլիթից մի կտոր դնում են պատուհանին՝ հետևելով, թե թռչունը ո՞ր ուղղությամբ կթռչի և իր հետ կտանի այդ կտորը։ Համաձայն հավատալիքի, որ կողմ գնա թռչունը, հենց այդ ուղղությամբ էլ աղջիկները հարս կգնան, իսկ տղաներն էլ՝ այդ կողմերից հարս կբերեն տուն: Փոխինդն ու Սուրբ Սարգսի ձիու պայտի բախտավոր հետքը Տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինդով մատուցարան են դնում տան տանիքին կամ պատշգամբին և սպասում են, որ Սուրբ Սարգիս զորավարը, հրեշտակների ուղեկցությամբ գիշերը կանցնի ու ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Ըստ ավանդույթի, եթե զորավարի պայտի հետքը հայտնվեց փոխինդի վրա, ապա այն բախտավորություն կբերի տան երիտասարդներին ու նրանց երազանքն իրականություն կդառնա։ Շատ տանտիրուհիներ, այդ փոխինդով խաշիլ են պատրաստում։ Ինչպես պատրաստել Աղի բլիթ՝ տնային պայմաններում Աղի բլիթ պատրաստելու մասին տարբեր ավանդույթներ կան՝ նորապսակ հարսներից մինչև ամուրի կանանց ձեռքով բլիթներ պատրաստելու մասին։ Բայց, իրականում, ցանկալի է, որ Աղի բլիթները պատրաստեն նորապսակ հարսները կամ ամուսնացած ու երջանիկ կանայք, որպեսզի իրենց երջանկությունը, Աղի բլիթի միջոցով փոխանցեն երիտասարդ սիրահարներին։ Աղի բլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են․ ալյուր – 1 բաժակ, աղ – 1 ճ. գդալ, ջուր Ալյուրը մաղել տարայի մեջ, ապա լցնել աղը։ Հետո ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Գրտնակով բացել խմորը՝ ստանալով բարակ շերտ, որից հետո բաժակի օգնությամբ խմորից կլորակներ առանձնացնել։ Երբեմն նաև ձևաթիթեղներով խմորից ստանում են սրտի տեսք։ Այս ամենից հետո դնել թավայի մեջ` թխելով 15-20 րոպե, որպեսզի բլիթի մակերեսները վարդագույն տեսք ստանան։ Հիշե՛ք, երազում ձեր ապագա սիրուն տեսնելու համար պարտադիր չէ խմորը պատրաստելիս դատարկել տան աղամանի ողջ պարունակությունը։ Նախ՝ դաժան չլինենք ինքներս մեր հանդեպ, և հետո՝ աղը վնասակար է առողջությանը։ Կարելի է, օրինակ, Աղի բլիթի միայն արտաքին շերտը պատել աղով։ Կարևոր բաղադրիչ է, որ Աղի բլիթ պատրաստելիս անպայման անհրաժեշտ քանակությամբ սեր համեմեք, որպեսզի ծարավ չմնաք իրական սիրուց։ Ի դեպ, եթե ճակատագրի հեգնանքով ապագա հարսնացուն կամ ասպետը չհայտնվեն ձեր երազում, կարիք չկա համառել ու ծարավ մնալ՝ ինքներդ ձեզ նախատելով, թե հավանաբար ուշադիր չքնեցիք։ Պարզապես, քնելուց առաջ ձեր կողքին մեկ բաժակ ջուր դրեք, որպեսզի նման դեպքերում հույսներդ միայն ձեր վրա դնեք։ Իսկ ասպետի կամ հարսնացուի ձեռքից ջուր խմելու համար մի վհատվեք, փորձե՛ք հաջորդ տարի։

Միջազգային կառույցներն արձագանքել են ՇՄ նախարարին

Միջազգային կառույցներն արձագանքել են ՇՄ նախարարին
Միջազգային կառույցներն արձագանքել են ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով ստեղծված բնապահպանական աղետների մասին ահազանգին: «Մեր գործընկերներից շատերն արդեն այդ գրությունների հիման վրա որոշակի հարցումներ են մեզ ուղղել ավելի հանգամանալից, փաստական դետալներ ներկայացնելու վերաբերյալ: Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել էր բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված  ծանր հետևանքներին: Նախարարը ներկայացրել էր պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր կիրառելու մասին: Նա կոչ էր արել միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածքներ են վնասվել: Շրջակա միջավայրի նախարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» տարածքում, հրդեհվել է շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գորիսի անտառտնտեսության» տարածքում՝ 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք ։ ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20 հա և 40 հա մակերեսներով։ Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի գրությունն ուղարկվել է. - Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ. Շարփին - Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ. Ուրեգոյին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է. Մրեմային - «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ.  Տրուվիեյին - Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է.   Ֆրենկելին - Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկն Ու. Ստիքերին - ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի.  Անդերսենին - Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ.  Օբերլին - Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին - Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում  են տեղումներ:  

7 պատասխան՝ 10 մլն ծառ տնկելու մեկնարկած ծրագրի մասին

7 պատասխան՝ 10 մլն ծառ տնկելու մեկնարկած ծրագրի մասին
Eco.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ծրագրի պաշտոնական կայքը տվել է 7 հարցի պատասխան՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին: Ե՞րբ ու որտե՞ղ է անցկացվելու ծառատունկը։ 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում ծառատնկման աշխատանքների մեկնարկը տրվելու է 2020 թվականին եւ իրականացվելու է մի քանի փուլով՝ անտառապատման, անտառվերականգնման եւ կանաչապատման նպատակներով։ Անտառապատումն ու անտառվերականգնումը նախատեսված է Հայաստանի ամբողջ տարածքում՝ անտառամերձ լանդշաֆտներում։ Կանաչապատում կատարվելու է հիմնականում հանրային վայրերում։ Քանի՞ հեկտար տարածք է հարկավոր 10 մլն ծառ տնկելու համար։ Կախված տնկարկի (ծառուտի) նպատակային նշանակությունից, ինչպես նաեւ աճման պայմաններից, անհրաժեշտ մակերեսը կարող է տարբեր լինել։ Վերջին տարիներին Հայաստանում հիմնականում կիրառվել է 3000-3300 հատ տնկի/հա խտությունը, սակայն գործնականում առկա են նաեւ ավելի խիտ տնկարկներ։ Կանաչապատման աշխատանքների համար նման չափանիշներ չկան: Նախաձեռնության իրականացման համար հարկավոր կլինի մոտ 3000 հեկտար տարածք: Ի՞նչ ծառատեսակներ են տնկվելու։ Անտառապատման եւ անտառվերականգնման համար տնկվելու են հիմնականում տեղական ծառատեսակներ, մասնավորապես՝ սոճի եւ կաղնի, ինչպես նաեւ կեչի, հացենի, թխկի, վայրի պտղատուներ եւ այլ ծառատեսակներ։ Կանաչապատման նպատակով կտնկվեն առավելապես գեղազարդ եւ պտղատու ծառատեսակներ։ Քանի՞ մարդ պետք է մասնակցի ծառատունկին։ 10 միլիոն տնկի տնկելու համար անհրաժեշտ է առնվազն 300 հազար մասնակցի ներգրավվածություն։ Մասնակցությունը լինելու է կամավոր։ Մասնագիտական կառույցները կհամակարգեն աշխատանքները եւ հանդես կգան որպես խորհրդատուներ: Որտեղի՞ց են ձեռք բերվելու տնկիները։ Քանի որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է առավելապես օգտագործել փակ արմատային համակարգող աճեցված տնկիներ, իսկ Հայաստանում նման տնկիների արտադրության ծավալն առայժմ սահմանափակ է, տնկիներ կներմուծվեն նաեւ արտասահմանյան տնկարաններից (Բելառուս, Իրան, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆինլանդիա եւ այլն)։ Ներկրվող տնկիները համապատասխանելու են Հայաստանի տեղական տեսակային կազմին ու աճման պայմաններին։ Ովքե՞ր եւ ինչպե՞ս են իրականացնելու տնկիների հետագա խնամքը։ Հիմնված տնկարկների խնամքը իրականացնելու է հողի սեփականատերը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող հողերում հիմնված տնկարկների խնամքը կիրականացնեն ՊՈԱԿ-ի մասնաճյուղերը: Այդ նպատակով պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ: Մի շարք մասնավոր կառույցներ կաջակցեն նորարարական լուծումների զարգացմանը, որոնք կնպաստեն տնկված ծառերի կպչողականությանը եւ հետագա հաջող աճին։ Ի՞նչ ազդեցություն կունենա լայնածավալ ծառատունկը շրջակա միջավայրի վրա։ Անտառները ածխածնի երկօքսիդի հիմնական կուտակիչներն են։ Տարբեր հետազոտությունների համաձայն՝ անտառապատումը նպաստում է կլիմայի մեղմմանը տարվա բոլոր եղանակներին՝ կարգավորելով օդի ու հողի ջերմաստիճանը, ջրի մակերեսային հոսքերը եւ մեղմելով քամիների ազդեցությունը։ Տնտեսական տեսանկյունից հատկապես կարեւոր են հողապաշտպան, ջրապաշտպան, ինչպես նաեւ քամու ազդեցությունը կարգավորող տնկարկները։ Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տնկարկները կարող են նաեւ լինել ռեկրեացիոն, սանիտարական կամ գեղազարդ նշանակության։ Իսկ վայրի պտղատուներով հարուստ տնկարկները ապահովելու են վայրի կենդանատեսակներին սննդով ու ապաստարանով:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Այսօր Բանակի օրն է՝ Հայոց բանակը դարձավ 29 տարեկան։ Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է: Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը:Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում: Այսօր մենք տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 29-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության  տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է: Հայ զինվորն ու զինվորականն իր ուժը և հայրենասիրությունն ի ցույց դնելու, դժբախտաբար, հաճախակի առիթներ է ունենում: Վերջի դեպքերն ապացուցեցին, որ նույնիսկ արյունոտ մարտերն ու հերոսաբար ընկած ընկերները չեն կարող կոտրել հայ զինվորի՝ հանուն Հայրենիքի կռիվ տալու և անձնվիրաբար սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը: Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն յուրաքանչյուր նոր հաղթանակի, նոր օրվա, նոր ու լուսավոր հույսի համար:

Ռուս տիեզերագնացը ցուցադրել է Սեւանի պատկերը տիեզերքից

Ռուս տիեզերագնացը ցուցադրել է Սեւանի պատկերը տիեզերքից
Սեւանը բնության  եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլ նաեւ քաղցրահամ ջրի կարեւոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը: Այս մասին գրել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը` իր Instagram-ում տեղադրելով լճի պատկերը տիեզերքից: «Սեւանա լիճը հաճախ Հայաստանի «ջրային մարգարիտ» են անվանում, քանի որ այն ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը` մոտ 100 մետր: Սեւանը բնության եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլ նաեւ քաղցրահամ ջրի կարեւոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»,- գրել է նա:
 
View this post on Instagram
 

A post shared by Sergey Kud-Sverchkov (@kudsverchkov)

 

Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում.ՇՄ նախարարություն

Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում.ՇՄ նախարարություն
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։ ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Կապան և Քաջարան համայնքների 8 բնակավայրերի 6 դպրոցներում իրականացրեց «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարելավել հանրակրթական դպրոցներում էկոկրթության մակարդակը։ Ծրագրի հիմնական արդյունքները. «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է տեղեկատվա-ճանաչողական էքսկուրսիա դեպի Տանձավեր, որտեղ քայլարշավային նոր արահետներ և էկո-ճամբար է հիմնվել։ Կապանի թիվ 5, Ծավի, Շիկահողի, Քաջարանի թիվ 1, Լեռնաձորի և Գեղիի դպրոցների 12 ուսուցիչների համար անցկացվել են 30-ժամյա վերապատրաստումներ։ Կապան և Քաջարան համայնքների վերոնշյալ դպրոցների 60 աշակերտների համար անցկացվել են 5-օրյա դասընթացներ, վերջիններիս մոտ ձևավորել են բնապահպանական գիտելիքներ, կարողություններ և մշակույթ, ստեղծելվել են «Կանաչ պարեկներ» բնապահպանական աշակերտական խմբեր։ Շահառու 4 դպրոցների 13-ից 16 տարեկան 29 աշակերտների համար կազմակերպվել է էկոկրթական ճամբար «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու Պուրակ» վրանային ճամբարում։ Ճամբարին մասնակցած դպրոցականները ձեռք են բերել կայուն բնապահպանական գիտելիքներ, գործնական կարողություններ և սրտացավ վերաբերմունք՝ պահպանելու բնությունը։ Շահառու դպրոցների կարիքների գնահատման հիման վրա կազմվել է դպրոցական գույքի և գրականության ցանկ, յուրաքանչյուր դպրոցի տրամադրվել է 9 անուն գիրք և 39 անուն լաբորատոր նյութատեխնիկական պարագաներ։ Դպրոցներում ստեղծվել են էկոանկյուն-արահետներ։ Վերոնորոգվել, տեղեկատվական-հանրամատչելի էկոդաստիարակչական պաստառներ են տեղադրվել Կապանի Ա. Մանուկյանի փողոցի կանգառում։ Ծրագրի ողջ ընթացքը լուսաբանվել է Facebook սոցիալական ցանցի, տեղական հեռուստալիքի և թերթերի միջոցով։ Ծրագրի ավարտին անցկացվել է վերջնական ամփոփիչ միջոցառում-ցուցահանդես։

Էկո հանրագիտարան. Կաթ

Էկո հանրագիտարան. Կաթ
Ինչ գիտենք կաթի մասին Արդեն խոսել ենք օրգանիզմում կաթի անհրաժեշտության և օգտակար հատկությունների մասին։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է եւս մի քանի օգտակար հատկություններ։ Կաթը մարդու օրգանիզմի համար կարևոր կենսական ուժի անփոխարինելի աղբյուր է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ։ Կաթից ստանում են մածուն, պանիր, կարագ, սերուցք, որոնք հայի սննդի հիմնական բաղադրիչն են։ Կաթի  85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը: Հայկական լեռնաշխարհի կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ պրոբիոտիկներ, որոնց շնորհիվ էլ օժտված է բուժիչ և կանխարգելիչ  հատկություններով։ Դրա վառ օրինակը «Նարինե» կաթնամթերքն է, որը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, նպաստում աղիների  համար կարւոր և անհրաժեշտ մանրէների ակտիվ գործունեությունը 9 փաստ կաթի մասին 1Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ հորթուկ չի ունեցել: 2 Ամեն օր կովը տալիս է 90 բաժակ կաթ, այսինքն՝ մոտավորապես 200.000 կաթ իր ողջ կյանքի ընթացքում: 3․ 10 լիտր կաթից կարելի է ստանալ 1 կգ պանիր: 4․ Իսկ 1964 թվականից սկսած կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերի մեջ փաթեթավորված։ 5․ Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և ավելի շատ C վիտամին է պարունակում, նաև ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:Սակայն մայրական կաթին իր բաղադրությամբ ամենից նման համարվում է այծի կաթը, այնպես որ հենց այդ կաթն է խորհուրդ տրվում փոքրիկ երեխաներին: 6․Կենդանական կաթ մարդիկ սկսել են օգտագործել 8000 տարի առաջ, երբ կովը և մյուս կաթնատու կենդանիները դարձել են ընտանի: 7 Կաթի օգնությամբ դուրս է գալիս նաև  հագուստի վրայի թանաքի թարմ հետքը: 8․Ասում են, թե կաթն ավելի արագ է թթվում ամպամած եղանակին: Դրան մարդիկ հավատում էին դարեր առաջ, սակայն, որքան էլ զարմանալի է, գիտնականներն ապացուցեցին, որ իրականում էլ հենց այդպես է, իսկ մեղավորը էլեկտամագնիսական ազդակներն են: 9․Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում: Կաթը՝ անքնության դեմ Եթե դուք տառապում եք անքնությամբ, ապա կաթն ու մեղրն օգնության կգան։ Կաթի շնորհիվ կարելի է պայքարել նաև անքնության դեմ: Թեպետ, միայն կաթն արդեն անքնության լավագույն զենքն է, բայց մեղրի օգնությամբ ազդեցությունն ավելի զորավոր է։ Ինչ է կատարվում․ Կաթը մեղրի համադրությամբ  հանգստացնում է նյարդերը, օգնում լիցքաթափվել, խաղաղվել և հանգիստ քուն մտնել: Այսպիսով՝ քնից մեկ ժամ առաջ պարզապես 1 բաժակ տաք կաթը խմեք 1 թեյի գդալ մեղրով: Ի դեպ, կաթն էլ ունի միջազգային օր Շատ երկրներում հունիսի 1-ը նշվում է Կաթի միջազգային օրը: Որոշ երկրներ տարբեր ամսաթվերի են այն նշում, օրինակ՝  Ավստրալիայում այն տոնում են սեպտեմբերի 26-ին, Մալազիայում՝ հունիսի 11-ին, Ֆինլանդիայում էլ՝ հունիսի 3-ին: Հիշե՛ք Կաթն օգտակար է ցանկացած տարիքում, սակայն առավել կարևոր է երեխաների համար: Այն աճող օրգանիզմը սնուցում է B1 վիտամինով: Այն կարևոր է շաքարը մարսելու համար` հաշվի առնելով երեխաների սերը քաղցրեղենի նկատմամբ: Դե ինչ, համոզվեցի՞ք, որ կաթը ձեր օրգանիզմիդ համար օգտակար ու սննդարար կարևոր բաղադրիչ է, ուրեմն առանց վայրկյան անգամ վարանելու շտապեք մոտակա խանութ՝ թարմ կաթ գնելու։ Ի դեպ, լավ կլինի, որ կաթն օրական մեկ բաժակ խմեք կամ քնելուց առաջ, կամ՝ առավոտյան, սոված վիճակում։ Առաջինը նպաստում է հանգիստ քուն մտնելուն, երկրորդը՝ օրգանիզմը ավելորդ ճարպերից մաքրելուն։  

Լադշաֆտային դիզայն.Kandalyan Landscape Decisions

Լադշաֆտային դիզայն.Kandalyan Landscape Decisions
Ցանկացած առանձնատան գրավականը նրա հարակից տարածքի գեղագիտական տեսքն է և բարեկարգությունը, որոնց կարելի է հասնել միայն շրջակա բուսականության, ճարտարապետության և դեկորատիվ տարրերի ներդաշնակ համադրության շնորհիվ: Լանդշաֆտային դիզայնը ցանկացած տան այցեքարտն է:     Դեռևս Հին Հունաստանում այգիները հանդիսանում էին տան և քաղաքային բնապատկերի անբաժանելի մասը: Արիստոտելի կարծիքով դրանք կոչված էին՝ դարձնելու  մարդուն երջանիկ: Զբոսայգիների ձևավորման մեջ այն ժամանակ մեծ նշանակություն ունեին քանդակային կոմպոզիցիաները, մասնավորապես՝ քանդակներով ձևավորված շատրվանները: Հին հույների լանդշաֆտային տեսությունը հիմնվում էր կոմպոզիցիաների բնական ուրվագծերը կրկնելու և բնական գեղեցկությանը չմիջամտելու վրա: Հարուստ մարկանց առանձնատները ընդգրկում էին լանդշաֆտային դիզայնի և դեկորատիվ աշխատանքների բազմազանությունը՝ շատրվաններ,  ջրվեժներ, ծաղկաթմբեր,  վարպետորեն ձևավորված ծառեր և թփեր, կտրուկ նրբանցքներ, դեկորատիվ քանդակներ, նստարաններ և շատ այլ բաներ: Այսօր լանդշաֆտային դիզայներական լուծումներ իրենց կարող են թույլ տալ ոչ միայն հարուստ մարդիկ, ինչպես անցյալում:   Eco.am-ը  հայկակական Kandalyan Landscape Decisions կանաչապատման ծառայություններ իրականցնող ընկերության ղեկավարությունից հետաքրքրվեց, թե որքանո՞վ  են այսօր Հայաստանում  նման ծառայությունները մատչելի և հասանելի շատերի համար և ինչ է իրենից ենթադրում այն: Պարզվում է, որ կանաչապատման ծառայություններն Հայաստանում այսքան մատչելի և հասանելի երբեք չի եղել, ինչպես այսօր, իսկ ընկերության կողմից առաջարկվող լադշաֆտային դիզայնն իր մեջ ընդգրկում է հետևյալ  ծառայությունները. 1. Առանձնատների այգիների հիմնում և խնամք: 2. Սիզամարգերի հիմնում: 3. Քարապարտեզների և արհեստական ջրվեժների, առվակների հիմնում: 4. 3 D ձևավորում: 5. Շենքերի, բակերի կանաչապատում, հետագա խնամք:

Մեկնարկը տրված է. միասին տնկենք 10 միլիոն ծառ Հայաստանում

Մեկնարկը տրված է. միասին տնկենք 10 միլիոն ծառ Հայաստանում
Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մեր երկրի կայուն զարգացմանը եւ անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի եւ ռազմական դրության այս օրերին իր մեջ կարեւոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին. «Մենք ամուր ենք՝ կանգնած մեր հայրենի հողին»։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ: «Իջեւանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30 հազար տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թխկի, արջատխլենի: Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկին՝ գրանցվելով www.10m.am  կայքում ու դառնալով մեկը՝ 10 միլիոնից: Ամեն ոք իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը՝ հատուկ նախատեսած վայրում, այն անվանակոչելով իր անունով եւ կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետեւել ընթացքին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարել էր 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին: Ծրագիրը թեպետ հետաձգվեց, բայց այսօր արդեն իրականություն է, եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2021 թվականին: Սա կլինի յուրատեսակ պայքար՝ կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության եւ հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաեւ միտված է պահպանելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնելու էկոհամակարգերը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել