Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 36 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 36 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում (2021 թվականի հունիսի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ) արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 դրամի չափով վարչական տուգանք։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 դրամ)։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 857.600 դրամ:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:
 «Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ համայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով:
Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին: Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարող եք զանգահարել 012595939 հեռախոսահամարին»:

Սիբիրախտի դեպքեր Գեղարքունիքի մարզում

Սիբիրախտի դեպքեր Գեղարքունիքի մարզում
«Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթեւ։ Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաեւ Վանեւան բնակավայրից եւ արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ սիբիրախտը հողային ինֆեկցիա է, եւ չոր հողերում, ինչպես մեր մոտ է՝ ամենաշատն է տարածված: «Այստեղ տեսեք, ինչն է հետաքրքիր. արոտային շրջանը մեզ մոտ սկսվում է ապրիլի վերջից: Այսինքն, երբ օրերը տաքանում են, անասուններին քշում են արոտ: Հիմնականում նույն գյուղի կենդանիներն արածում են նույն տեղը: Իսկ սիբիրախտը հարյուրամյակներով հողում պահպանվում է, ու ՀՀ ամբողջ տարածքն ազատագրված չէ դրանից: Դրա համար մենք բոլոր անասուններին սրսկում ենք, ներառյալ՝ խոզերին: Սիբիրախտը չի փոխանցվում կենդանուց կենդանուն. հողով, մսով է փոխանցվում: Հարց է, թե ինչու հենց Վարդենիսի տարածաշրջանում՝ դեպի Սոթք տանող ճանապարհի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը: ՍԱՊԾ նախկին պետը նշեց՝ շատ հնարավոր է, որ դա լինի սիբիրախտի այլ շտամ, որը բավականին ուժեղացված է եւ որից չի պաշտպանում ամբողջ աշխարհում երկար տարիներ կիրառվող պատվաստանյութը: Խոսելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին՝ Գրիգոր Գրիգորյանն առաջին հերթին կարեւորեց անասնագլխաքանակի պատվաստումը, հատուկ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը: «Արոտավայրը պետք է փակվի, հականախվի, հողից նմուշներ վերցնեն եւ հասկանան տարածվածությունը: Պետք է որոշել՝ սա բնակա՞ն, թե՞ լաբորատոր հարուցիչ է: Արոտավայրում պետք է զոնավորում կատարվի, որպեսզի կենդանիներն անապահով տարածքում չգնան արածեն, որովհետեւ հնարավոր է, եթե չվարակվեն՝ սիբիրախտի սպորները տարածեն, բերեն բնակավայր»,- եզրափակեց ՍԱՊԾ նախկին պետը: Հավելենք, որ սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն են, ձիերը եւ ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի: Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը եւ դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը եւ մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի եւ այլնի հետ ուղղակի շփման հետեւանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս: Հնարավոր է նաեւ վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման եւ սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետեւանքով: Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձեւ՝ Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձեւն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետեւանքով: Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի եւ խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սեւ կենտրոնով, այտուց խոցի շուրջը: Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս եւ ենթամթերք: Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի եւ պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խռպոտություն, սրտխառնոց եւ փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց: Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հեւոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր: Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում: Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը եւ մկանները»։

Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին: «Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ, տարածաշրջանային մի շարք ծրագրեր: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է  վերջին տարիներին ՀՀ կրթական ծրագրում կլիմայի փոփոխության և բնապահպանական կրթության ուղղությամբ իրականացված համագործակցության հաջողված արդյունքները և դրանց արտացոլումը կրթական բարեփոխումներում: Փոխնախարարի խոսքով` «Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակում ավելի քան 15 հազար դպրոցահասակ երեխա ծանոթացել է կլիմայի փոփոխության թեմաներին, որոնք առնչվում են աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներին, ներառում են նաև արտադպրոցական պարապմունքները և էկոլոգիական ակումբների գործունեությունը, խաղերն ու մրցույթները: ««Կլիմայի արկղիկ» ծրագրի գործիքակազմը թարգմանվել և տեղայնացվել է հանրակրթական ծրագրերում, որոնք տարբեր առաջադրանքների ձևաչափով ներառված են նոր մշակվող առարկայական ծրագրերում և չափորոշիչներում: Կարող ենք արձանագրել, որ դպրոցների և ուսուցիչների համար ձևավորված են կարևոր և օգտակար կրթական ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակներով: Կարևոր է, որ ծրագրի արդյունքում ուսումնական պաշարները համալրվել են հավելյալ նյութերով, մասնավորապես՝  «Էներգիայի արդյունավետություն» ձեռնարկով և «Ադապտացում կլիմայի փոփոխությանը» պաստառով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Մշակված կրթական պաշարները` շուրջ 900 օրինակ, բաժանվել են Հայաստանի բոլոր շրջանների դպրոցներին: Վերապատրաստվել են մոտ 500 ուսուցիչներ` Climate Box ինտերակտիվ գործիքով ուսուցում իրականացնելու և կիրառելու նպատակով: «Հատկապես ուզում եմ ընդգծել ինֆորմացիայի փոխանակման համար ստեղծված առցանց հարթակի կարևորությունը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված  իրավիճակը և այն խնդիրները, որոնց անցած տարի բախվեց Հայաստանը: Համավարակի պայմաններում, հատկապես առաջին փուլում, կրթությունը կազմակերպվում էր հեռավար և առցանց հարթակներն օգնում էին ավելի արդյունավետ դարձնել տարածաշրջանային նախագծերը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ավելացրել, որ բնապահպանական կրթության զարգացումն այժմ ընթացող կրթական բարեփոխումների նոր ուղղություններից է: Նշենք, որ «Կլիմայական արկղիկ» ծրագրի առաջնահերթությունը երիտասարդների համախմբումն է կլիմայի և շրջակա միջավայրի փրկության գաղափարի շուրջ: Այդ համատեքստում կրթության խնդիրները, մասնավորապես բնապահպանական կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունեն: Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի կողմից` Ռուսաստանի գործընկեր կառույցի աջակցությամբ:

Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա

Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։ Նախնական գնահատականով այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա։

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերի ու գործընկերների նախագծերը դրական եզրակացություն են ստացել

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերի ու գործընկերների նախագծերը դրական եզրակացություն են ստացել
Սևանի անտառածածկ ափին հանգստի գոտիներ կկառուցվեն Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքներում, որոնք առավելապես ծառապատ են, հանգստի գոտիներ կառուցելու երկու նախագծի։ Հիշեցնենք՝ դրանցից մեկը «Դրախտիկա» ՍՊԸ-ն էր ներկայացրել, որը նախատեսում է քոթեջներից բաղկացած հանգստյան համալիր կառուցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի ափամերձ հատվածում: Երկրորդը՝ «Փոքր կղզի» ՍՊԸ-ն է, որը նույն տարածքից ոչ շատ հեռու նմանատիպ հանգստի գոտի է կառուցելու։ Հիշեցնենք՝ «Դրախտիկա» ՍՊԸ-ի բաժնետերերից են ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերեր Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների կանայք՝ Գայանե Վերդյանը և Կարինե Զաքարյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Էդուարդ Գասպարյան ու նրա ազգականը։ Գասպարյանները նաև բաժնետեր են «Փոքր կղզի» ՍՊԸ-ում։ Նախագծերը նույն ժամանակ են ներկայացրել, նույն ժամանակ էլ դրական եզրակացություն ստացել։ Եվ այսպես, «Դրախտիկա» ՍՊԸ-ն 1,5 հա-ի վրա է գործունեություն ծավալելու, որի կառուցապատման ենթակա տարածքը «Սևան ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում է։ Շինությունները Սևանա լճից 50-60 մ հեռավորությամբ են լինելու։ 1905,0 բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չեն նախատեսվում։ Հողամասի 64 %-ը գտնվում է 1905 նիշից բարձր հատվածում։ Շինաշխատանքների ընթացքում ծառահատում չի իրականացվելու։ Իսկ ավարտից հետո նախատեսվում է 50 հատ փշատերև ծառ տնկել՝ կաղնի, գիհի, սոճի։ Եզրակացությունից տեղեկանում ենք, որ Շողակաթ համայնքում իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում ՏԻՄ-ը և հասարակությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը։ Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՇՄՆ ստորաբաժանումները, Առողջապահության նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Գեղարքունիքի մարզպետարանը և Շողակաթ համայնքը։ Ըստ այդմ, արձանագրվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները հիմնականում պայմանավորված կլինեն շինարարական աշխատանքների իրականացմամբ, որոնք կկրեն ժամանակավոր բնույթ, և ազդեցությունները կլինեն թույլատրելի նորմայի սահմաններում։ «Փոքր կղզի» ՍՊԸ-ն գործունեություն է իրականացնելու 3,5 հա-ի վրա, Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում։ Ծառահատում նույնպես խոստացել է չկատարել, տնկելու է 72 հատ ծառ։ ՇՄՆ դրական եզրակացություն երկու ընկերությանն էլ տրվել է փորձաքննական մի քանի ստանդարտ պահանջներով՝ պահպանելու օրենսդրությամբ և Կառավարության որոշումներով սահմանված չափորոշիչները, ցանկապատել շինհրապարակը, շինությունները ծածկել համապատասխան բարձրությամբ փոշու տարածումը կանխող ցանցով, կանաչապատման աշխատանքներն իրականացնել ՊՈԱԿ-ի հետ համաձայնեցված՝ կանաչապատման նախագծին համապատասխան և այլն։ Լուսանկարում «Փոքր կղզի» ՍՊԸ-ի տարածքն է

Պաղպաղակի ավանդական փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 6-ին

Պաղպաղակի ավանդական փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 6-ին
Երազ այգու արդեն ավանդույթ դարձած «ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՌԱՏՈՆ»-ն այս տարի կկայանա ՀՈՒԼԻՍԻ 6-ին: Այս յուրօրինակ միջոցառմանը մասնակցում են ամենահայտնի ու համեղ պաղպաղակի բրենդները` իրենց հետաքրքիր պաղպաղակներով: Փառատոնն անցնում է ուրախ ու հաճելի միջավայրում: Օրը հագեցած է կլինի հետաքրքիր ծրագրով`համերգային շոու, հերոսներ, կերպարներ, խաղեր մրցույթներ, նվերներ, շահումներ և իհարկե հյուրասիրություն։

Հայաստանի հարուստ բուսական աշխարհը 7-րդ անգամ ներկայացվեց «Հայ բույս» փառատոնում

Հայաստանի հարուստ բուսական աշխարհը 7-րդ անգամ ներկայացվեց «Հայ բույս» փառատոնում
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 7-րդ անգամ անցկացվեց հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Ամենամյա փառատոնի նպատակն է՝ ներկայացնել և ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն Տավուշի մարզի համայնքները, այլև  մասնակցության աշխարհագրությունն ընդգրկում էր Գյումրին, Եղեգնաձորը, Ստեփանակերտը։ Մասնակիցների զգալի մասը հայկական տարբեր արտադրանք ներկայացնող ընկերություններն են, սոցիալական ձեռներեց կանայք, ովքեր զբոսաշրջիկներին ու փառատոնի այցելուներին էին ներկայանում իրենց իսկ գունեղ տաղավարներով՝ կիրառական արվեստ, բնական կոսմետիկա, թեյեր ու չրեր, բնական մեղր ու հայկական խաղեր։ ժողովրդական և ժամանակակից երաժշտության ուղեկցությամբ ամբողջ օրվա ընթացքում փառատոնի այցելուները հասցնում են ծանոթանալ բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորում ճիշտ համտեսել բուսական թեյեր ու մասնակցում ամբողջ աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը։ Այս տարի այն 40 մետր էր՝ լցոնված ավանդական  հայկական պանրի տեսակներով ու կանաչիներով։  

Ինչպես նվազեցնել արեւի բացասական ազդեցությունը. ներկայացնում է մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը

Ինչպես նվազեցնել արեւի բացասական ազդեցությունը. ներկայացնում է մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը
«Արեւի ճառագայթների բացասական ազդեցությունը մեզանում թերագնահատված է»,- ասում է մաշկաբանության եւ վեներոլոգիայի գծով ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը: Արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունը Սովորաբար արեւի մասին խոսում են, երբ գնում են ծովափ, իսկ մնացած բոլոր վայրերում, կարծես, այդքան էլ հաշվի չենք առնում արեւի ազդեցությունը, մինչդեռ քաղաքային արեւն ավելի վտանգավոր է, որովհետեւ մթնոլորտի մեջ կան բազմաթիվ գազեր՝ հատկապես մեքենաների շարժիչների այրման արդյունքում առաջացած, որոնք ավելի են ուժեղացնում արեւի բացասական ազդեցությունը: Իսկ ինչպե՞ս է դրսեւորվում այդ բացասական ազդեցությունը: 1. Արեւի ճառագայթների ազդեցությամբ՝ մաշկի բջիջներն անկանոն են կիսվում, որի արդյունքում ի հայտ են գալիս ուռուցքային փոփոխություններ: 2. Արեւի ճառագայթները ծերացնում են մեր մաշկը: Այն միտքը, որ որքան արեւի տակ մնանք, այնքան առողջ մաշկ կունենանք, եւ ճիշտ է, եւ՝ ոչ, այսինքն՝ կախված է, թե ինչպես ենք մենք պաշտպանում եւ խնամում մեր մաշկը: Եթե ճիշտ չխնամեցինք այն, ապա արեւահարված մաշկն ավելի ծեր կլինի: 3. Կան մաշկային մի շարք հիվանդություններ, որոնք առաջանում են արեւի ճառագայթների ազդեցության տակ, դրանք կոչվում են ֆոտոմաշկաբորբեր: Սովորաբար մարդիկ դրանք կապում են արեւից ալերգիա ունենալու հետ, մինչդեռ արեւից ալերգիա չի լինում: Արեւի դրական ազդեցությունը Առաջինը՝ արեւն իդեալական հականեխիչ ազդեցություն ունի: Շատ բակտերիաներ արեւի ազդեցության տակ վերանում են, այդ թվում՝ մաշկի վրա ապրող եւ բացասական ազդեցություն ունեցող բակտերիաները: Այսինքն՝ արեւի ազդեցության արդյունքում մենք ունենում ենք մաշկի ավելի ճիշտ բալանսավորված միկրոբիոմ: Երկրորդ՝ ապացուցված է, որ արեւի ազդեցության տակ մեր մաշկը վիտամին D է սինթեզում: Եվ միգուցե այն հանգամանքը, որ բոլորս խուսափում ենք արեւից կամ պաշտպանվում, առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատում ենք գրասենյակներում, բերեց նրան, որ այսօր գրեթե համատարած վիտամին D-ի դեֆիցիտ ունենք: Երրորդ՝ չենք կարող չհամաձայնել, որ արեւը տրամադրություն է փոխում: Անգամ ամենակիզիչ շոգին մեր տրամադրությունը բարձր է լինում: Արեւի տակ գտնվելու քիչ վնասակար ժամերն ու ժամանակահատվածը Արեւի տակ գտնվելու ամենահարմար ժամը՝ առավոտից մինչեւ ժամը 11:00-ն, եւ երեկոյան 5-ից հետո՝ որքան կցանկանաք: Ժամը 11:00-17:00-ին արեւի ճառագայթների ուղղությունը մաքսիմալ ուղղահայաց է երկրի մակերեւույթին, ինչի արդյունքում վնասն ավելի շատ է լինում: Կա մի միավոր, որը կոչվում է մինիմալ էրիթեմատոզ դոզա: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մաշկի վրա առաջանում է էրիթեմա՝ կարմրություն: Երեւանի համար դա միջինում 20-25 րոպեն է, թուխ մաշկ ունեցողների համար՝ մի փոքր ավելի երկար: Խորհուրդ կտամ բոլորին իրենք իրենց համար չափեն այդ ժամանակը: Ցերեկը դուրս եկեք բաց երկնքի տակ եւ ժամացույցով ֆիքսեք այն ժամանակը, թե որքան մնացիք արեւի տակ՝ մինչեւ Ձեր նախաբազկի մաշկը կարմրեց: Դա իմանալով՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչ պաշտպանիչ ուժով քսուք պետք է օգտագործենք, որպեսզի պաշտպանվենք արեւից: Արեւապաշտպան քսուքների օգտագործման մասին Սխալ կարծիք կա, թե որքան մեծ է արեւապաշտպան քսուքների SPF-ը (Sun Protection Factor), այնքան ուժեղ է այն: Եկենք պարզ հաշվարկ անենք. ենթադրենք Ձեր մաշկը կարմրում է արեւի տակ գտնվելուց 10 րոպե հետո, եւ Դուք օգտագործում եք SPF 20-ով քսուք, դա նշանակում է, որ Դուք 200 րոպե (20×10) կարող եք պաշտպանված լինել արեւի տակ: Այսինքն, եթե Դուք նախատեսում եք օրվա մեջ ընդամենը 15-20 րոպե անցկացնել արեւի տակ, SPF 20-ը լրիվ բավարար կլինի, պետք չէ SPF 50 օգտագործել: Հաջորդ սխալն այն է, որ քսում են արեւապաշտպան քսուքներն ու անմիջապես դուրս գալիս տանից կամ գնում լողափ: Քսուքը մեխանիկական պատնեշ չէ: Այն պարունակում է նյութեր, որոնք պետք է ներծծվեն մաշկի մեջ, այսինքն՝ ժամանակ է պետք, որպեսզի ստացվի արեւապաշտպան էֆեկտ: Ուստի SPF քսուքները պետք է օգտագործել տանից դուրս գալուց առնվազն 40-60 րոպե առաջ: Վերջերս մի շատ հետաքրքիր հետազոտություն կարդացի, որի համաձայն՝ այնքան կարեւոր չէ, թե ինչ քսուք ես գնում, որքան՝ ինչպես ես օգտագործում: Միայն արեւապաշտպանիչ քսուքներ դեմքին քսելու դեպքում սովորաբար դեմքի որոշ հատվածներ լավ չեն մշակվում՝ ի տարբերություն SPF-ով խոնավեցնող քսուքների: Շատ խոնավեցնողներ ունեն որոշակի կոմպոնենտներ, որոնք տալիս են արեւապաշտպանիչ էֆեկտ, որը կարելի է համեմատել հենց արեւապաշտպան քսուքների հետ, եւ տեսականորեն երկուսն էլ կարող են կիրառվել արեւի վնասական ճառագայթներից պաշտպանվելու համար: Սակայն որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արեւապաշպանիչները եւ խոնավեցնողները դեմքին կիրառվում են տարբեր ձեւով՝ խոնավեցնողներն ավելի հեշտ է կարելի քսել հարակնային շրջանում, քանի որ դրանք ավելի քիչ են գրգռում մաշկը, եւ աչքի մեջ ընկնելու դեպքում ավելի քիչ են մրմռացնում այն: Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն հինգերորդը արեւապաշտպան քսուք կիրառելուց բաց է թողում հարակնային շրջանը, իսկ խոնավեցնողների դեպքում այդ ցուցանիշը կազմում է 1:10: Սա չափազանց կարեւոր է, քանի որ հարակնային շրջանի մաշկը, լինելուվ ավելի նուրբ, պահանջում է ավելի մեծ պաշտպանություն արեւի ճառագայթներից, բայցի այդ, այս հատվածում են առավել հաճախ տեղակայվում մաշկի որոշ ուռուցքային հիվանդություններ: Չի՛ կարելի հույսը միայն արեւապաշտպան քսուքների վրա դնել Առաջին հերթին շատ կարեւոր է մի կողմից հագուստը (կան հատուկ կտորներ, որոնք մեր մաշկը պաշտպանում են ոչ միայն արեւից, այլեւ գերտաքացումից), մյուս կողմից՝ օրգանիզմի ընդհանուր վիճակը: Օրինակ՝ ալկոհոլի ազդեցության տակ մեր օրգանիզմն ավելի հակված է արեւահարվելու: Բացի այդ, որոշ դեղամիջոցների օգտագործումը (որոշ հակաբիոտիկներ) բերում է մաշկի զգայունության բարձրացման: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ամռան ամիսներին շատ ջուր օգտագործել եւ բանջարեղեն, հատկապես անտիօքսիդանտներ պարունակող, որոնք նույնպես պաշտպանիչ ազդեցություն ունեն: Արեւը ծովափում Ծովափում ամեն ինչ անում ենք, որ արեւը մեզ վնասի: Օրինակ՝ քսում ենք արեւապաշտպան քսուքները եւ մտնում ջուրը, իսկ ջրից դուրս գալուց հետո չենք թարմացնում այն, մինչդեռ ջուրը մաքրում է քսուքի 50%-ը: Ջրի կաթիլները, որոնք մնում են մաշկի վրա, կլանում են արեւի ճառագայթները, ինչի հետեւանքով արեւն ավելի ուժեղ է ազդում. թաց մաշկն ավելի հեշտ է արեւահարվում: Եթե աղի ջրում ենք գտնվել, ապա պետք է հաշվի առնենք, որ աղի ջուրը նպաստում է օրգանիզմից ջրի դուրս բերմանը, ինչի արդյունքում մաշկը չորանում է, իսկ չոր մաշկն ավելի ընդունակ է արեւահարվելու: Սեւանա լճում թեեւ ջուրը քաղցրահամ է, բայց այնտեղ քամի կա, որը շատ ուժեղ չորացնում է մաշկը, ուստի Սեւանում արեւահարվելու պատճառը ոչ այնքան արեւն է, որքան՝ քամին: Կարծում եմ՝ Սեւանում պաշտպանվելու լավագույն միջոցը հագուստն է, որովհետեւ անգամ արեւապաշտպանիչ քսուքները չեն կարող լիարժեք օգնել: Աղբյուրը՝ Doctors.am Զրուցեց Շուշան Շատիկյանը

5 ոսկե կանոն սրտի լավ աշխատանքի համար

5 ոսկե կանոն սրտի լավ աշխատանքի համար
Մահվան և հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը սրտանոթային համակարգի հիվանդություններն են։ Այսօր ավելի քան երբևէ աշխարհի տարբեր ծայրերում գիտնականները լուրջ հետազոտություններ են անցկացնում, որպեսզի գտնեն այդ հիվանդությունները կանխարգելելու մեթոդները։ Բոլորը միաբերան հաստատում են, որ առողջ սնունդը կարևորագույն պայմաններից մեկն է։ Պարզվում է, առողջ սննդակարգին և ապրելակերպին հետևելով, կարելի է 92 տոկոսով նվազեցնել կաթվածների առաջացման հավանականությունը։ Eco.am-ն առաջարկում է հետևել հինգ օգտակար խորհուրդներին և կունենաք առողջ սիրտ։ 1․ Մրգերը, բանջարեղենները, ձկնեղենը պետք է լինեն սննդակարգի հիմնական մթերքները։ 2․ Նվազագույնի հասցնել ոգելից խմիչքների օգտագործումը։ 3 Հետևել կազմվածքին՝ քաշին։ 4․ Օրը մեկ ժամ տրամադրեք մարմնամարզությանը։ 5․ Չծխել։ Ինչպես սնվել Անոթների հետ կապված խնդիրները կարող են առաջանալ տարբեր պատճառներով,այդ թվում նաև սխալ սննդի պատճառով: Առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել: Ընկուզեղեն- Դրանք իջեցնում են խոլեստերինի մակարդակը, հատկապես հունական ընկույզն ու նուշը: Խուրմա- Պարունակում է մեծ քանակով ստերիններ և իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Նարնջի հյութ- Խոսքը գնում է միայն թարմ քամված նարնջի հյութի մասին:Այն մաքրում է խցանված անոթները և պարունակում է հակաօքսիդանտներ: Նուռ- Անհրաժեշտ է օգտագործել մաքուր վիճակում, կամ թարմ քամած հյութի տեսքով:Այն լավացնում է սրտի աշխատանքը և արյան շրջանառությունը: Ավոկադո- Այն լավ է ազդում սրտի աշխատանքի վրա և փակում է ախորժակը: Սուրճ- Գիտականորեն ապացուցված է, որ 2-5 բաժակ սուրճը լավ է ազդում սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի վրա: Կանաչ թեյ- Կարգավորում է նյութափոխանակությունը, հանգստացնում է և օրգանիզմին տալիս անհրաժեշտ էներգիան: Բրոկոլի- Կարգավորում է ճնշումը և խոլեստերինի մակարդակը: Սպանախ- Նվազեցնում է սրտի կանգի հավանականությունը: Ծնեբեկ- Այն միանգամից լուծում է խոլեստերինի հետ կապված բոլոր խնդիրները: Կաղամբ- Պարունակում է մեծ քանակով վիտամիններ, հանքային նյութեր, պրոտեին և հակաօքսիդանտներ: Դդում- Օրական 1-2 բաժակ դդմի հյութ խմելու դեպքում սրտի աշխատանքը լավանում է: Խոլեստերինի մակարդակը իջնում է 40 %-ով: Ձմերուկ- Այն երիտասարդացնում է անոթները և թարմացնող աղդեցություն ունենում: Քրքում- Ունի հակաբորբոքային ազդեցություն, լավացնում է անոթների վիճակը, երիտասարդացնում մաշկը: Դարչին- Լավ ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա: Պանիր- Գիտնականները պնդում են, որ պանրի չափավոր օգտագործումը կարգավորում է զարկերակային ճնշումը:
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել