Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Վարդավառն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին

Վարդավառն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին
Վարդավառը Հայաստանում ամենասիրելի ամառային տոներից մեկն է, որին մեծ ոգևորությամբ սպասում են մեծից մինչև փոքր։ Այդ օրը մեծերը մի քանի ժամով ընկնում են մանկության գիրկը, իսկ փոքրերն էլ՝ արտոնություն են ստանում անարգել, մի լավ ջրել մեծերին։ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին։  Այս տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով: Հեթանոսական Հայաստանում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի  ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը՝ մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը։ Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ, իսկ ժողովրդական լեզվով անվանում էին Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը…Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում է իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն  այսօր պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը»,- գրում է Գրիգոր Տաթևացին: Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր է Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլև ազգային նվիրումի վկայությունն էր։ Հնում Վարդավառը, թերևս միակ տոնն էր, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ուներ, և նույնիսկ որոշ շրջաններում այդ օրը` հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները պարտադիր գալիս էին: Նրանք հանդիպում էին հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն էր, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր ուներ: Վարդավառը նաև իր մեջ պտղաբերության խորհուրդն էր կրում: Հնում տոնի առթիվ կազմակերպում էին խնջույքներ և մեծ շուքով տոնում էին այն:

Ձմերուկ․ Ինչու է օգտակար այս քաղցրահամ պտուղը

Ձմերուկ․ Ինչու է օգտակար այս քաղցրահամ պտուղը
Գիտնականները պարզել են, որ օրական մի քանի կտոր ձմերուկ ուտելը բարձրացնում է տրամադրությունը և օգնում խուսափել ընկճվածությունից։ Իրականում ձմերուկը օրագանիզմում խթանում է արգինինի արտադրությունը, ինչն էլ դրականորեն է անդրադառնում մարդու հոգեկանի վրա։ Քաղցրահամ այս հատապտուղը ամռանը դառնում է շատերիս սննդակարգի անբաժանելի մի մասնիկը, քանի որ այն և համեղ է և առողջարար։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ձմերուկի օգտակար ու առողջարար հատկությունները։ Հայտնի է, որ ձմերուկի մոտ 80 %-ը բաղկացած է ջրից, ինչի շնորհիվ օրգանիզմը հիանալի մաքրում է թունավոր նյութերից, խարամներից։  Բացի այդ ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր, ինչպեր նաև ֆոլաթթու։ Սա է պատճառը, որ հատապտուղն օգնում է հանգստացնել նյարդերը և համարվում է տրամադրությունը բարձրացնող, սթրեսի դեմ պայքարող արդյունավետ միջոց։ Ձմերուկը նաև համեղ միջոց է ձեր օրգանիզմը մաքրելու և ոչ ցանկալի մի քանի կիլոգրամներ կորցնելու համար: Ձմերուկն ունի ցածր կալորիականություն և ջրի բարձր պարունակություն, ինչն էլ օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Առողջարար հատկությունները Ձմերուկն ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։ Ձմերուկը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների դեպքում։ Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում, ինչպես նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց։ 100 գրամ ձմերուկը պարունակում է.
  • 8 գրամ ածխաջրեր
  • 6 գրամ պրոտեիններ
  • 2 գրամ ճարպեր
  • 30 կալորիա
  • գրամ բջջանյութ
  • 570 IU վիտամին A
  • 1 մգ վիտամին C
  • 112 մգ կալիում
  • 11 մգ մագնիում
  • 5 մգ երկաթ
  • վիտամիններ B1, B2, B3, B6
  • հանքանյութեր՝ ֆոսֆոր, մանգան:
Համեղ է սննդակարգում Ձմերուկը հիանալի բաղադրիչ է կոկտեյլներ պատրաստելու և այն սնունդ ընդունելու միջև ընկած հատվածներում ըմպելու համար, ինչն օրգանիզմին ապահովում է մեծ քանակությամբ հանքանյութերով և ջրով: Բացի թարմ վիճակում ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։ Քաղցրահամ պտուղի օգտակար հատկությունները՝ որոշ օրգանների համար Սիրտ - Ձմերուկը կարգավորում է նաև խոլեստերինի մակարդակը: Լիկոպինը ամենաուժեղ հակաօքսիդանտն է, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա: Մաշկ- Վիտամին A-ն օգնում է մաշկին արագ կարգավորվել, լինել հարթ և խոնավ: Երիկամներ- Շատերը գիտեն, որ ձմերուկը միզամուղ հատկություն ունի: Պարզվում է, որ այն կարգավորում է նյութափոխանակությունը՝ ընդ որում ուժեղ ճնշում չգործադրելով: Աչքեր - Ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն կանխում է աչքի մակերևույթի տարիքային փոփոխությունները: Ինչպես նաև օգնում է կանխել մեծ տարիքում առաջացող հավկուրությունը: Շագանակագեղձ -Հետազոտությունների համաձայն՝ լիկոպինը նվազեցնում է տղամարդկանց չբերության ռիսկը: Արյունատար համակարգ - Նատրիումի և մագնեզիումի հիանալի համադրությունը կարգավորում է արյան ճնշումը: Մկաններ - Ձմերուկի մեջ L-ցիտրուլին ամինաթթու է պարունակվում, որն օգտակար է մկանների համար: Թոքեր - Վիտամին С-ն օգնում է լավացնել թոքերի վիճակը: Այն օգտակար է հատկապես ասթմայի դեպքում: Ոսկորներ - Ձմերուկն օգնում է կանխել ոսկորների փխրունությունը:  

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այսպիսով՝ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝  պատշաճ կերպով իրականացնելու նպատակով, նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարից` 132,570.0 հազար դրամն ուղղել Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով մասնագիտացված մեքենամեխանիզմների և հատուկ սարքավորումների ձեռքբերմանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ»  հոդվածով), որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել թվով 3 հիմնական մասնագիտացված տեխնիկական միջոցներ և 6 շղթայավոր սղոց, 25,222.8 հազար դրամը՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին»  հոդվածով), նշված գումարը նախատեսված է 3 ամսվա ընթացքում աշխատանքների իրականացման համար։ մնացած 50,445.7 հազ.դրամը նախատեսվում է ուղղել  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Գնումների գործընթացն ավարտելուց հետո նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները։ 2021 թվականի ընթացքում, ելնելով ժամանակի սղությունից, նշված փոփոխությունների արդյունքում, հնարավոր կլինի մաքրել մոտ 50 հա տարածք։ Միաժամանակ «EU4Sevan» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հաստատվել է մոտ 60000 եվրո գումարի սահմաններում ամբարձիչ մեքենայի ձեռքբերումը: Նախարարության կողմից մշակվել և ԵՄ կողմին է տրամադրվել համապատասխան տեխնիկական առաջադրանքը։

Գազավորված ըմպելիքները գիրացնո՞ւմ են

Գազավորված ըմպելիքները գիրացնո՞ւմ են
Ամռան տապին ծարավը հագեցնելու համար մարդիկ հաճախ նախընտրում են խմել գազավորված ըմպելիքներ, երբեմն անգամ անհայտ ծագմամբ։ Բայց, քչերն են ուշադրություն դարձնում, որ գազավորված ըմպելիքների շատ օգտագործումը հանգեցնում է գիրացման։ Որպես առողջ ապրելակերպի ջատագով Eco.am-ն առաջարկում է, գազավորված ըմպելիքի փոխարեն խմեք սովորական ջուր, առանց որևէ հավելումների։ Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ գազավորված ըմպելիքը մարդու օրգանիզմ հասնելուն պես միանգամից գործի է անցնում՝ քայքայելով ստամոքսի պատերը։ Ավելին,  գազն ունի գրգռող հատկություն, իսկ երբ օրգանիզմում ճարպն ու գազը հանդիպում են արդյունքում, ժամանակի ընթացքում նկատվում է քաշի ավելացում։ Շատերն անգամ, ինքնամխիթարում են, թե դիետիկ գազավորված ըմպելիքները վնասակար չեն։ Սակայն, Ինդոնեզիայի համալսարանի բժիշկները ուսումնասիրել են դիետիկ գազավորված ըմպելիքների ազդեցությունը օրգանիզմի վրա, արդյունքում պարզվել է, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը քաղցի զգացում է առաջացնում, նույնիսկ, երբ մարդը կուշտ է։ Սա ստիպում է ուտել սովորականից շատ, ինչի հետևանքն՝ էլ հայտնի է,  գիրանալը։ Գերհագենալու պատճառն այն է, որ շաքարի փոխարինիչները թույլ չեն տալիս ուղեղին բնականոն կերպով հետևել օրգանիզմում ուտելուց հետո տեղի ունեցող գործընթացներին։ Հագեցածության զգացումն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդն արդեն չափից ավելի է կերել։ Բոլորս գիտենք, որ շաքարային, գազավորված ըմպելիքները լի են կալորիաներով. Մոտավորապես Կոլայի ստանդարտ տարան համարժեք է յոթ թեյի գդալ շաքարի։ Ըստ ուսումնասիրությունների, պարզ գազավորված ըմպելիքը տղամարդկանց մոտ ավելացնում է սովի հորմոնը։ Ըստ էության, երբ ձեր գրելինի մակարդակը բարձր է, դուք ձեզ ավելի սոված կզգաք և, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կուտեք: Նույնը դեռևս ապացուցված չէ կանանց դեպքում, քանի որ այդ ուղղությամբ դեռ հետազոտություններ են ընթանում։ Ինչ է պարունակում գազավորված ըմպելիքը Գազավորված ըմպելիքն իր մեջ պարունակում է սովորական ջուր, գումարած օդ, որոշ շշալցված սելցերներ և համային հավելումներ։ Պարունակում են նատրիում, բնական և արհեստական ​​թթուներ, համային տեսականի, քաղցրացուցիչներ և այլ հավելումներ: Այս ամենը կարող է պարունակել թաքնված կալորիաներ և լրացուցիչ նատրիում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հավելումները կարող են ժամանակի ընթացքում խոռոչների և քաշի ավելացման պատճառ դառնալ, ուստի տարաների վրա ուշադիր կարդացե՛ք պիտակները:

Մարզիկների և զբոսաշրջիկների ճիշտ սննդակարգ

Մարզիկների և զբոսաշրջիկների ճիշտ սննդակարգ
Մարզիկները` լարված մարզումների, իսկ զբոսաշրջիկները՝ արշավների ժամանակ ծախսում են մեծ քանակությամբ էներգիա։ Հետևաբար, նրանց սնունդը պետք է լինի բարձր կալորիական, բավարարի ռացիոնալ սննդի բոլոր պահանջները և համապատասխանի որոշակի պայմանների։ Eco.am-ը, հաշվի առնելով զբոսաշրջային ակտիվ շրջանը, իր ընթերցողներին ներկայացնում է զբոսաշրջիկների ու մարզիկների համար նախատեսված ճիշտ սննդակարգի մի քանի պայմաններ։ 1․Սնունդը պետք է լինի դյուրամարս։ 2․ Այն պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ։ C և B, ինչպես նաև որոշ այլ վիտամինների քանակը սննդում պետք է կրկնապատկվի և նույնիսկ եռապատկվի։ Նախապատվությունը պետք է տալ հեղուկ կամ շիլայանման սննդին։ 3․ Մարզիկները մրցումներից անմիջապես առաջ պետք է օգտագործեն դյուրամարս աշխաջրեր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և հասարակ շաքար, մրգահյութերի ձևով՝ լիմոնի կամ նարնջի հյութի հետ։ 4․ Լարված  մարզման դեպքում պետք է ավելացնել հիմնական սննդանյութերի քանակ, այսինքն՝ Ա․ սպիտակուցների՝ մինչև 150-170 գրամ Բ․ճարպերի՝ մինչև 100-120 գրամ Գ․ ածխաջրերի՝ մինչև 650 գրամ։ Օրական ընդհանուր կալորիականությունը պետք է հասնի 4500-5200 կկալ։ 5․ Անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մրգեր և կաթնամթերքներ, միս, բայց միաժամանակ պետք է խուսափել մարսողական համակարգը մեծ քանակությամբ թաղանթանյութով ծանրաբեռնելուց։ Ճարպերի մի մասը պետք է ընդունել բուսական յուղի ձևով։ Լեռներում 7-8 ժամ անցկացնող զբոսաշրջիկները  օրական ծախսում են 4000-5000 կկալ, այդ դեպքում կորցնելով նաև զգալի քանակությամբ հեղուկ, հատկապես շոգ եղանակին։ Հետևաբար, նրանք բարձր կալորիական հատուկ սննդի կարիք ունեն, որը միաժամանակ պետք է լինի խտացրած և վիտամիններով ու սպիտներով հարուստ՝ մարմնի զանգվածի մեկ կիլոգրամին՝ մոտ 1,5 գրամ։ Ինչից պետք է կազմված լինի զբոսաշրջիկի սնունդը Զբոսաշրջիկն իր ուսապարկում անհրաժեշտ սնունդը տեղավորելիս առաջին հերթին պետք է ներառի պանիր, երշիկ, միս և ձկան պահածոներ, խտացրած կաթ կամ կաթի փոշի, չորահացեր , շաքար, շոկոլադ, կոնֆետներ, մրգից մզվածքներ։  Բազմօրյա անցումների ժամանակ լավ է զբոսաշրջիկներին ապահովել տաք ճաշատեսակներով՝ կարտոֆիլով  կամ խյուսով, ինչպես  նաև տաք  թեյով  կամ սուրճով։  Շոգ եղանակին,  ծարավը  հագեցնելու համար, խորհուրդ է տրվում խմել քաղցրացած գազով ջուր կամ ուտել  բավականին աղի մի կտոր հաց՝ 5-10 գրամ։ Արշավների ժամանակ զբոսաշրջիկները  պետք է խուսափեն մեծ քանակությամբ ջուր խմելուց, ինչպես նաև պատահական աղբյուրների ջրերից։ Զբոսաշրջիկներին և մարզիկներին խորհուրդ է տրվում օգտագործել նաև տարբեր վիտամինավորված կոնֆետներ և վիտամինային պրեպարատներ։

Կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ

Կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի, և Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների՝ Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Հաստատել` խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին՝ 3-ամսյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը. խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմերը և աշխատակարգերը: Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan-ին՝ 1-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում: Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին: Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշումը: https://bit.ly/3hFID5z https://bit.ly/3qOksGc

Պարենային ճգնաժամն ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա. պարզաբանում է տնտեսագետը

Պարենային ճգնաժամն ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա. պարզաբանում է տնտեսագետը
Վերջին օրերին մի շարք ոլորտային մասնագետներ ահազանգում են՝ Հայաստանում պարենային ճգնաժամ է, ցորենի ու գարու գարնանացանը լրջորեն վնասվել է, ոռոգման ջուր չկա, ջրամբարները դատարկ են։ Պատերազմի հետևանքով Արցախի հետ միասին կորցրել ենք ցորենի դաշտերը, մոտավորապես՝ 100 հազար տոննա ցորենի բերք, և նույնքան էլ կորցնելու վտանգի առաջ ենք՝ երաշտի պայմաններում։ Eco.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այս ճգնաժամը վաղուց կանխատեսելի է եղել տնտեսագետների կողմից, բայց, եթե ճիշտ օգտագործվի ռեսուրսները, ապա Հայաստանը կարող է գերազանցապես ինքնաբավ լինել պարենի հարցում։ - Ընդհանրապես, վերջին 20 տարիների ընթացքում մշտապես Հայաստանի տարբեր կառավարությունների ուշադրությունը բևեռել ենք այն խնդրի շուրջ, որ համաշխարհային շուկայում միջազգային մասշտաբով գնալով ահագնանալու է պարենային ճգնաժամը։ Անգամ տնտեսագետներս հստակ թվեր ենք ներկայացրել, ինչն այսօր տեղի է ունենում։ Հայաստանը, եթե ճիշտ օգտագործի ռեսուրսները, ապա առաջին անհրաժեշտության ապրանքներով կարող է գերազանցապես ինքնաբավ լինել։ Միակ ապրանքատեսակները, որոնք մեզանում քիչ են ու ներկրում ենք սուրճն է ու թեյի մի մասը, քանի որ շատերը նախընտրում են թեյի օրինակ՝ ուրցի, դաղձի տարբերակը։ Բայց մնացած պարենային ապրանքների դեպքում ունենք այդ ռեսուրսները, այլ բան է, թե ինչպես ենք այն օգտագործում և ինչ թվեր են ներկայացնում։ Օրինակ, հացահատիկի գծով մշտապես ներկայացվել է, որ Հայաստանը կարող է ունենալ առավելագույնը 70% ինքնաբավություն, իսկ մնացած 30 %-ը կներկրի դրսից։ Հետազոտելով ողջ Հայաստանն ու Արցախը միասին՝ արդյունքում տեսնում ենք, որ լինի երաշտ կամ բերքատու տարի ամենամիջին  ցուցանիշներով առնվազն 120%  ինքնաբավություն ունենք։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե, որ այդ ավելցուկը  վաճառենք դրսում, այլ պետական ռեզերվները համալրենք, ինչի կարիքն այսօր կա և Հայաստանի հանրապետությունը, ցավոք, դրան քիչ է  ուշադրություն դարձնում։ -Պարոն Մանասերյան, այսինքն, ըստ Ձեզ, այսօր պարենային ճգնաժամը Հայաստանի վրա ծանր ազդեցություն չի՞ ունենա։ - Պարենային ճգնաժամը Հայաստանի վրա ծանր ազդեցություն կարող է չթողնել, եթե ճիշտ օգտագործենք պետական ռեսուրսները, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպենք, ոչ թե գյուղնախարարությունը վերացնենք, արդյունքում, այս պայմաններում, ըստ էության, ոչ ոք պատասխանատու չէ ոլորտի համար։ Հիմա մենք այդ իրավիճակից կարո՞ղ ենք պատվով դուրս գալ, իհարկե՝ ոչ։ Այո, պարենային ճգնաժամը Հայաստանի վրա կթողնի ազդեցություն, որովհետև ոլորտն ինքնահոսի է մատնված և, ըստ էության, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով տգետներն են տնտեսությունը ղեկավարում։ Իսկ այս իրավիճակում վնասներից չենք կարող խուսափել։ - Պարենային ճգնաժամի մասին տնտեսագետները ահազանգում էին Արցախի 80% կարստից հետո: Փաստորեն, հացահատիկի հիմնական պաշարներն Արցա՞խն էր ապահովում: - Պետք է հաշվի առնենք, որ Արցախից ՀՀ ներկրվում էր հացահատիկ, միրգ բանջարեղեն։ Այս առումով բավական կարևոր էր ոչ միայն արցախցու, այլ նաև հայաստանցու համար։ Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա Խորհրդային տարիներին Արցախը կերակրում էր Ադրբեջանին և պարենային անվտանգության կեսից ավելին բաժին էր հասնում հենց Լեռնային Ղարաբաղին։ Արցախը շատ հարուստ է, ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ հացահատիկի տեսակներ կան, որոնց որակն ավելի բարձր է, քան այն, ինչ ներկրում ենք արտերկրից, ինչպես նաև տարվա մեջ Արցախը երկու բերք առնվազն ապահովում էր։ Սա բավական կարևոր ցուցանիշ է, որ Արցախը ոչ միայն ինքնաբավ էր, այլ նաև կերակրում էր նաև Հայաստանի Հանարապետությանը։ Եթե վերցնենք առաջին անհրաժեշտ 10-11 ապրանքային խմբերն, ապա Հայաստանը կարող է դրանցից առնվազն  7-ի գծով լրիվ ինքնաբավ կամ գերազանցապես ինքնաբավ լինել։ Այսինքն՝ 90% և ավելին հացահատիկն է և տարբեր կուլտուրաները, որոնք մտնում են կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ։ - Կարելի՞ է ասել, որ նաեւ երաշտը և ջրամբարների դատարկ լինելն է բերել այսպիսի հետևանքի: - Այո, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց  այս տարին Հայաստանի համար անբարենպաստ չէ։ Ավելին, պետք է շեշտեմ, որ այս տարին բարենպաստ է գյուղացու համար, եթե մենք մեր՝ Հայաստանի հանրապետության ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործենք։ Իհարկե, սակավաջուր է եղել, անձրևներ քիչ են եղել, բայց երաշտ չէ: Բավական ջրային ռեսուրսներ ունենք և դրանք ճիշտ օգտագործելու դեպքում՝ ժամանակին ծախսը չափավոր կլինի։ Ես դեռ չեմ խոսում կաթիլային ոռոգման էֆեկտների, այլ խոսում եմ նորմալ պայմանների մասին, որով սովորաբար գյուղացին աշխատում է։ - Ստեղծված իրավիճակից Հայաստանն ինչպե՞ս պետք է դուրս գա։ - Եթե պետությունն իր տեղում լինի, իրազեկի գյուղացուն և կարողանա ճիշտ կառավարել այդ ռեսուրսները, այդ դեպքում կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից։ Բայց քանի որ վերևից ներքև ապաշնորհ ղեկավարություն ունենք, որտեղ Էկոնոմիկայի նախարարը տնտեսագետ չէ, ոլորտները նույնպես փնթի ձևով են կառավարվում, բնականաբար, նույնիսկ եթե համաշխարհային շուկայում հրաշալի իրավիճակ լինի, Հայաստանը էլի պիտի էշի ականջում մնա։ - Պարոն Մանսերյան, եթե այսպես շարունակվի Հայաստանում սպառողը պարենային ճգնաժամը կզգա գրպանի պարունակության վրա՞, այսինքն՝ հացի գինը կթանկանա՞, թե՞ սովի կմատնվի։ - Սև խավիար ուտողներին սա չի սպառնում, դրա համար էլ իրենք մտահոգ չեն։ Փոխանակ լուծումներ գտնեն, պատճառաբանություններ ու արդարացումներ են գտնում: Նույնիսկ կարող են ապացուցել, որ շատ լավ վիճակում ենք։ Իրականում, այո, չեմ բացառում, որ այս իրավիճակը նաև սոցիալական լարվածության կարող է  հանգեցնել։ Թեև հայ ժողովուրդն իր պատմության մեջ հացի խնդրի համար երբեք  դժգոհություն չի հայտնել կամ իշխանափոխություն չի արել։ Այնպես որ, շատ զուսպ, «յոլա գնալու» տարբերակով ամեն մեկն իր հարցը կլուծի, բայց նիկոլապաշտների բանակը դրանից չի պակասի։

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության թեմայով քննարկում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության թեմայով քննարկում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Հանդիպմանը ներկա էին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալներ Գայանե Շահնազարյանը, Գագիկ Սուրենյանը, տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, Հիդրոլոգիայի ծառայության պետ Էդգար Միսակյանը, Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Նունե Ստեփանյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Սոնա Գրիգորյանը։ Աստղիկ Դանիելյանը ներկայացրեց ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները` թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ, Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ, երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում։ տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։ Հանդիպման ընթացքում անրադարձ կատարվեց նաև Սևանա լճի ավազանում օդերևութաբանական կայանների բաշխվածությանը։ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, կարևորելով Սևանա լճի բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին:

Ո՞ր մթերքներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը

Ո՞ր մթերքներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը
Կոսմետիկ ոչ մի միջոց չի օգնի մաշկի երիտասարդության պահպանմանը, եթե խնդիրը չլուծվի «ներսից», պնդում է Էդինբուրգի համալսարանից գիտնական, բժիշկ Ռուփի Աույլան: Մաշկի վիճակի վրա ահռելի ազդեցություն ունի սնունդը. պարզվում է՝ սննդակարգում երկաթ պարունակող մթերքների ավելցուկը, ինչպես՝ կարմիր մսի, կնպաստի ծերացմանը, հայտնում է The Sun-ը: Իսկ ահա հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, հակառակը, կօգնեն երիտասարդության պահպանմանը: Մասնագետի խոսքով՝ մաշկի երիտասարդության եւ առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել հակաօքսիդանտներ, կոլագեն եւ հանքանյութեր պարունակող մթերքներ: Այդ միացություններն օժտված են հակաբորբոքային հատկություններով եւ նպաստում են մարմնի հյուսվածքների համարժեք վերականգնմանը ու մաշկի վիճակի վրա ազդող պրոցեսների կարգավորմանը: Ինչպես եւ սպասվում էր, օգտակար մթերքների թվում են բանջարեղենը եւ մրգերը: Մասնագետը նշում է, որ մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա գործածումը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները եւ բջիջները ծերացումից պաշտպանում է: Աույլան նաեւ խորհուրդ է տալիս գործածել որակյալ ճարպեր եւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդգրկվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդգրկվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,-ասված է որոշման մեջ։ Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը. Սուրեն Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ) Վահան Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արտաշես Աբգարյան – «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն