Նարնջի դիլիմներ, պատերազմ ու արցունքներ․ «Կարևորը, որ արևը շողա ու պատերազմ չլինի» ներկայացումը՝«Արմմոնոյի» շրջանակում

https://eco.am/%d5%b6%d5%a1%d6%80%d5%b6%d5%bb%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4-%d5%b8%d6%82-%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6/

Հայաստանի թատերական գործիչների միության բեմում, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, կայացավ Յուրի Կլավդիևի «Կարեւորը, որ արևը շողա ու պատերազմ չլինի» համանուն ստեղծագործության բեմադրությունը՝ Թագուհի Ասախալյանի ռեժիսուրայով:

«Խոտը գլուխ չունի որ թռնի, խոտը ցավը չի գոռում, չի ճվում ինչպես խոզը, չի փնտրում իր ընկած ձեռքը, չի սողում դեպի քեզ վերջին ուժերով, չի խռխռում ծռված բերանով, հնձած խոտին մինչև վերջ չեն խփում` համոզվելու համար որ սպանել են, նա չի հեկեկում, նրանից կեղտի ու արյան հոտ չի գալիս»,- ասում է ներկայացման հերոսը, ով ապրում էր խուլիգանի կյանքով, և հանկարծ հայտնվում է պատերազմի դաշտում՝ մնալով միայնակ…

Ներկայացման հերոսին մարմնավորել է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանը, որն Eco.am-ի հետ զրույցում շեշտեց, որ թեպետ 44 օրյա պատերազմից հետո դժվար է եղել խաղալ պատերազմի մասին, բայց կրկնակի բարդ է եղել խաղալ զոհված ընկերոջ ծնողների առջև․ «Շատ բարդ էր, իրականում տեսարաններ կային, որ փորձերի ժամանակ մի քանի անգամ խնդրել եմ ռեժիսորին, որ դադարեցնենք, փորձենք առանց էմոցիայի խաղալ որոշ հատվածներ, որովհետեւ տեքստային բառերի իրար կապակցվածությունն այնպես էր, որ դու իրոք զգում էիր ասվածը: Հետաքրքիրն այն է, որ այս ներկայացումը ռեժիսորի՝ Թագուհի Ասախալյանի դիպլոմային աշխատանքն է, եւ մենք այս պիեսն ընտրել էինք 44 օրյա պատերազմից առաջ: Իսկ պատերազմից հետո որոշեցինք, որ անպայման պետք է անդրադառնանք այս թեմային: Ինչքան էլ ցավոտ էր, ինչքան էլ դժվար մեզ համար, բայց կարողացանք հաղթահարել»։

Ներկայացման ավարտին հույզերից դառնացած հանդիսատեսին քաղցրացվեց նարնջի դիլիմների հյուրասիրությամբ, իսկ հանդիսատեսն ինքն իրեն մտորում էր ու խոստանում․ «Երբեք ու երբեք չհամեմատել զոհված զինվորներին հնձված խոտի հետ»:

Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։

Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով  http://armmono.com/guests/321–2021.html

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։