«Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում»,- այդ մասին ահազանգում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Ըստ կենտրոնի, հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են՝
1․ սննդամթերքի պատրաստաման,
2․ սննդամթերքի պահպանման կանոնների,
3․ սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով:
Ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել
«Մշտապես իրականացվում է խմելու ջրի նմուշառում՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Հունիս-օգոստոս ամիսներին Երևան քաղաքում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից շեշտելով, որ միաժամանակ, 2022 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածում նկատվում է հիվանդացության նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հարկ է նշել, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման և տարածման համար:

Որոնք են աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկման պատճառները
1․Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:
2․Աղիքային վարակների հարուցիչները մշտապես առկա են շրջակա միջավայրում, լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:
3․ Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների և սննդային թունավորումների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններն են՝
1․ լուծ,
2․թուլություն,
3․սրտխառնոց,
4․փսխում։
Այս ախտանշանները կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ, սննդային թունավորումների դեպքում կարող է լինել նաև գիտակցության մթագնում և կորուստ:
Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է․
1․դիմել բժշկի,
2․չզբաղվել ինքնաբուժմամբ,
3․խուսափել հակաբիոտիկներ անհարկի օգտագործելուց:
Միաժամանակ պետք է նշել, որ աղիքային վարակներով հիվանդների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխելու վարակի տարածումը և բռնկումների առաջացումը:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.
1․միրգը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
2․ սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
3․ գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
4․ չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք,
5․ սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել, հետագայում դրանք պահել փակ տարաներում և սառնարանում,
6․հում և եփած սննդամթերքը պահել առանձին,
7․ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, իսկ անհնարինության դեպքում՝ ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
8․չօգտագործել կասկածելի ջուր, խմելու ջրի որակի փոփոխությունների (համը և հոտը փոխված, պղտոր) դեպքում ահազանգել ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությանը,
9․ արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:






Թողնել մեկնաբանություն