Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը:
«Այդ առաջնահերթությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» նախագծում, որտեղ մենք նախանշել ենք բավականին հավակնոտ նպատակներ: ՄԿՈւ ոլորտում մեր անելիքները շատ են, որոնք առաջին հերթին ուղղված են այդ բնագավառի կադրերի զբաղվածունակությանը և դրա ներուժի օգտագործմանը՝ ի նպաստ հանրային և տնտեսության զարգացման»,– հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար:
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները:
Ռազմավարական զարգացման գործակալության և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները: Նշվել է, որ Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկել են ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցեն ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։ Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։
Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։
ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:





Թողնել մեկնաբանություն