Որտեղի՞ց է սկսվում Սևանա լճի ծաղկումը․ մեդիա տուր՝ Սևանի ջրհավաք ավազանում

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab%d5%9e%d6%81-%d5%a7-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

«2018 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Սևանա լճում տեղի է ունենում ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների ծաղկում, որը վատ ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա։ Սևանա լճում ծաղկման գործընթացը նվազեցնելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել լիճ ներհոսող գետերի առափնյա հատվածներում բուսատեսակների տնկումն ու արհեստականորեն ճահճային միջավայրի ստեղծումը»,- Սևանի ջրհավաք ավազանում «Պոնտոս» ծրագրի շրջանակներում իրականացված մեդիա տուրի ժամանակ Eco.am սոցիալական հարթակին ասաց «Պոնտոս» ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանչյանը։

Հետազոտողները նման եզրակացության են եկել շուրջ 3 տարվա ուսումնասիրությունից հետո։

«Սևանա լճի ծաղկման պրոցեսը տևում է մեկ շաբաթից տասը օր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» վերցրել ենք տարբեր տվյալներ՝ ջրի որակի, ազոտի, ֆոսֆորի պարունակության համար, որպեսզի ոչ միայն վերլուծենք էվտրոֆացիայի դինամիկան, այլ՝ ապագայում ավելի խորը վերլուծելով գտնենք ծաղկման հիմնական պատճառները։ 3 տարվա հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ոչ միայն Սևանում այլ համաշխարհային գետերում, կա էվտրոֆացման 3 պարզ ու կարևոր պատճառ՝ ազոտ, ֆոսֆոր և բարձր ջերմաստիճան»,- ասում է հետազոտողն ու թվարկում Սևանա լճի էվտրոֆացման այլ պատճառները․ «Դրան նպաստում են նաև լճի մակարդակի արհեստական տատանումները, մաքրման կայանների բացակայության պատճառով կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերի լիճ ներհոսքը, ջրում օրգանական նյութի մեծ քանակությունը, ձկնապաշարների անկումը, գլոբալ տաքացման հետևանքով ջրի ջերմաստիճանի բարձրացումը, լճի հարակից գյուղատնտեսական հողերում պարարտանյութերի կիրառումը։ Վերջինիս դեպքում, դրանք տեղումների և ձնհալի միջոցով ներհոսում են Սևանա լիճ»:

Ըստ Գ․Կազանչյանի, բարձր ջերմաստիճանը չենք կարող վերահսկել, բայց ազոտի և ֆոսֆորի պարունակությունը՝ կարող ենք։ Հարակից բնակավայրերի և հանգստյան գոտիների կոյուղաջրերը, որոնք կենսաբանական մաքրման չեն ենթարկվում, թափվում են լիճ գնացող գետերը։ Իսկ այդ կոյուղաջրերն իրենց հետ բերում են մեծ քանակի սնունդ, օրգանական նյութեր, որոնք էլ իրենց հերթին պարունակում են ազոտի և ֆոսֆորի մեծ քանակ։

«Տեսեք, Հայրիվանքի հատվածում, Սևանա լճի ծաղկման ինտենսիվությունը նվազում է, քանի որ այս հատվածում չկան հարակից բնակավայրեր և կա բուսականության առատություն, որն էլ կլանում է ջրում առկա օրգանական նյութերը»,- փաստեց «Պոնտոս» ծրագրի հետազոտող Գարաբեդ Կազանչյանը:

Սակայն, պատկերն այլ էր Գավառի և Մարտունու հատվածում՝ գետերի չափից շատ  աղտոտված լինելու պատճառով․ «Այստեղ արդեն ակնհայտ է ջրի աղտոտված լինելը»,- Գավառա գետի մոտ ցավալով ասաց Գ․Կազանչյանն ու փաստեց․ «Լճի այն հատվածներում, որտեղ կան եղեգներ ու չկան հարակից բնակավայրեր, ջուրը զուլալ է, իսկ եթե կան բնակավայրեր՝ պատկերն այսպիսինն է։ Արդյունքում՝ այստեղից էլ սկսվում է լճի ծաղկումը»։

Հետազատողները միաբերան պնդում են, որ պետք է ստեղծել ճահճային շրջաններ, իսկ լճի առափնյա որոշ հատվածներում բուսականություն տնկել․ «Ճահիճը մեր ընկալմամբ բացասական իմաստ ունի, բայց կարող է դրական ազդեցություն ունենալ լճի ջրի մաքրման համար: Բացի այդ, ճահիճներն ածխածնի մեծ կլանիչ են: Բույսերը ջրիմուռների հետ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ կկլանի: Իսկ բույսերը նեխում են, ձմռանը հող դառնում ու ածխածին կլանում օդից: Այսպիսի շրջաններ ստեղծելով՝ Հայաստանը կարող է դրական փորձ ցույց տալ ածխածնի կլանման կամ զրոյացման տեսանկյունից։ Եթե մեր վերլուծությունները հաստատվեն, ապա կարող ենք առաջարկել տարբեր շրջաններում ցանել կամ մշակել այնպիսի բույսեր, որոնք գետերի հոսող կեղտոտ ջրերը, նախքան Սևանա լիճ հասնելը կֆիլտրեն։ Գետերի ափամերձ հատվածներում նույնպես կարելի է օրինակ՝ եղեգ ու ջրոսպ տնկել, դրանք կկլանեն կեղտը, կֆիլտրացնեն ջուրը մինչև լիճ հասնելը»,- հույս հայտնեց «Պոնտոս» ծրագրի հետազոտող Գարաբեդ Կազանչյանը և շեշտեց, որ ստեղծելով ճահճային և բուսական հատվածներ դրանք ժամանակավորապես կենսաբանական մաքրման կայանների դեր կկատարեն։

Շրջայցի նպատակն էր լրագրողներին ներկայացնել «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ «Պոնտոս» ծրագիրը մեծամասամբ նպաստում է Հայաստանում համապատասխան կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, հետազոտությունների համար մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև առկա հրատապ խնդիրների վերհանմանը: Ծրագրի նպատակն է աջակցել և ամրապնդել  բնապահպանական մոնիտորինգի իրականցումը Սևծովյան ավազանի տարածքում։ Այն հնարավոր կլինի իրականացնել տիեզերական դիտարկման  արբանյակային և ցամաքային տվյալների օգտագործմամբ։

Մեդիատուրն իրականացվել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» «Պոնտոս» ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով