Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը, Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը:
Ի դեպ,
1․ Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը, 15,149 միավորով դուրս է եկել հենացատկի եզրափակիչ՝ առաջին հորիզոնական:
2․ Հարություն Մերդինյանը, 14,500 միավորով նույնպես նժույգթափերի եզրափակչում է՝ երրորդ հորիզոնական:
3․ Վահագն Դավթյանը 14,666 միավորով, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 14,633 միավորով, անցել են Օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ։
4․ Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտում նա վաստակել է 78,932 միավոր և դուրս է մնացել մեդալային պայքարից:
Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Մյունխենում պայքարի դուրս կգան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էլ ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:
Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես կգա թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցելու են բազմամարտին:



Թողնել մեկնաբանություն