Հայկական բնաշխարհի ոսկե մրգի՝ ծիրանի օգտակար հատկությունների մասին գիտի յուրաքանչյուր հայ, սակայն իր սննդարար հատկություններով, առանց հավելանյութերի, այս մրգից պատրաստված չիրն էլ չի զիջում իր դիրքերը։
Զուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել ծիրանաչիր, քանի որ այն նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը։ 100 գրամ ծիրանաչիրը պարունակում է 232 կալորիա։ Այն հարուստ է A, B1 B2, C վիտամիններով։
Eco.am մեդիա հարթակն այսօր կներկայացնի 8 պատճառ՝ ծիրանաչիրը ձեր սննդակարգում անփոխարինելի դարձնելու համար։
1.Նպաստում է առողջ մաշկ ունենալուն
Ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը, իր վիտամինների շնորհիվ՝ մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի:
Ծիրանից պատրաստված հյութն օգտակար է արևից այրվածքների և էկզեմայի մեղմացման համար։
Ձմռանը 0-ից ցածր ջերմաստիճանից մաշկի ցրտահարության լավագույն պաշտպանը ծիրանի յուղն է։ Այն սնուցում է մաշկն ու դարձնում առողջ։
2. Խարհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին
Ծիրանի չիրը օգտակար է հղի կանանց կամ կերակրող մայրերի համար։ Այն կարող է փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն, պետք չէ չարաշահել՝ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
3․Օգնում է փորկապությանն ու մաքրում է մարսողական համակարգը
Դատարկ ստամոքսին 1-2 չիր ուտելը կխթանի ճիշտ մարսողությանը, քանի որ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները: Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը:
4․ Ամրացնում է մկանային հյուսվածքները
Օրգանիզմում կարգավորում է թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին։ Այն անփոխարինելի է մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:
5. Լավացնում է տեսողությունը
Ծիրանաչրի մեջ պարունակվող A վիտամինը տեսողության կարգավորման ամենալավագույն միջոցն է։ Այն նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների:
6. Պայքարում է սակավարյունության դեմ
Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև հարուստ է պղնձով, ինչն էլ նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում: Իսկ K վիտամինն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում՝ արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար:
7. Կարգավորում է սրտի աշխատանքը
Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը:
8․ Օգտակար է արյան բարձր ճնշման դեպքում
Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:






Թողնել մեկնաբանություն