Ամանորին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Հին Նոր տարի» ցուցահանդեսը, որում առաջին անգամ ներկայացված է Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների բացառիկ հավաքածուն:
Ցուցահանդեսը տարիքային սահմանափակում չունի, այն հետաքրքիր է և՛ փոքրիկներին, և՛ մեծահասակներին։ Մեծահասակ այցելուները, որոշ ժամանակով, հրաշքով հայտնվում են մանկության գիրկը, իսկ փոքրիկները՝ բացահայտում, թե տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները։ Կամ, ո՞ր խաղալիքներով էին զարդարում խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է Խորհրդային իշխանության տարիներին։
Բացառիկ ցուցահանդեսում ներկայացված է նաև 100 տարեկան հնաոճ փոքրիկ ճենապակյա տիկնիկը, որն արտադրվել է գերմանական «Armand Marseille» գործարանում։ Ժամանակին այս հայտնի և աշխարհում ամենամեծ գործարանի տիկնիկները գտնվում էին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի երեխաների խաղալիքների հավաքածուում։
Խորհրդային տիկնիկներն ու խաղալիքներն այս ցուցահանդեսում ներկայացնում են բոլորովին այլ պատմություն՝ ԽՍՀՄ կոչվող երկրի պատմությունը։ Դրանք տարբեր պլաստիկ և ռետինե տիկնիկներ են՝ Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ, կարմիր այտերով տիկնիկներ, ուրախ կենդանիներ և, իհարկե, բոլորի կողմից սիրված Բուրատինոն, Չեբուրաշկան և խորհրդային հայտնի մուլտֆիլմերի մյուս հերոսները:
Ի դեպ, հավաքածուն ներառում է հետաքրքիր ու հազվագյուտ վինիլային տիկնիկներ՝ անպիսի աշխարհահռչակ վարպետներից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները:
Դեկտեմբերի 18-ից մինչև հունվարի 14-ն ընթացող բացառիկ ցուցահանդեսում տոնական տրամադրություն են ապահովում ոչ միայն հնաոճ տիկնիկները, այլ նաև պատմվող զվարճալի պատմությունները՝ տիկնիկների մասին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյան












































Թողնել մեկնաբանություն