Ամռան տապին, հատկապես եղանակային բարձր ջերմային ֆոնին, անտառները դառնում են հրդեհավտանգ։ Անտառային հրդեհների հիմնական պատճառը լինում է հասարակության անփույթ վերաբերմունքի արդյունքը, որը կարող է անդառնալի լինել և՛ բուսականության, և՛ կենդանական աշխարհի համար։
Բնության գրկում ամառային պիկնիկների ավարտին, հասարակությունը կարծես երբեմն առաջնորդվում է՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կարգախոսով, քանի որ բնությունն աղտոտելուն զուգահեռ վնասում են այն՝ պիկնիկից հետո սննդի մնացորդների հետ նաև հրդեհածին իրեր թողնելով։
Բայց իրականում անտառները մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու համար: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է անտառների կարևոր դերն ու նշանակությունը թե՛ մարդկության, և թե՛ բնության վերարտադրողականության համար։
Ի՞նչ էկոհամակարգային ծառայություններ են մատուցում անտառները
Հաճախ ենք լսում, որ անտառները երկրագնդի «թոքերն» են և թթվածնի հիմնական մատակարարները։ Հետևաբար, անտառի և դրա կենսաբազմազանության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից մեկն է:
Անտառներն օդը հարստացնում են․
1․ թթվածնով,
2․ բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը,
3․ ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։
Անտառները կարևոր են, քանի որ․
1․ Մեր մոլորակի թոքերն են,
2․ պաշտպանում են հողը,
3․հանդիսանում են մաքուր ջրի աղբյուր,
4․բնակության վայր են բույսերի, կենդանիների, սնկերի համար,
5․ փայտանյութի աղբյուր են,
6․հանդիսանում են վայրի պտղատուների, դեղաբույսերի, խեժի, եթերայուղերի ստացման աղբյուր,
7․համարվում է մարդկանց հանգստի վայր, ունի առողջարարական նշանակություն,
8․ ունեն գեղագիտական, գիտա-կրթական և բազմաթիվ այլ նշանակություններ։
Գոյություն ունի անտառների երկու տեսակ՝
1․ միատեսակ ծառերից կազմված անտառներ․ օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառներ,
2․ տարբեր տեսակներից․ օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմված անտառները կոչվում են խառնանտառներ։
Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր
Անտառները և անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը, նույնն է, թե ասել՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս թվի մեջ ներառված շուրջ 50 հազ. հեկտարն արհեստական անտառներն են: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում անտառային տարածքները կազմում են երկրի ավելի քան 40%-ը:
Այսուհանդերձ, մեզ բաժին հասած սուղ քանակի անտառները հարուստ են ուրույն տեսակային կազմով: Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներն իրենց տեղը զիջել են լայնատերև անտառներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և այլ տեսակներ։
Այժմ՝ Հայաստանի անտառ կազմող հիմնական տեսակներն են` հաճարենին, կաղնին, բոխին և սոճին:
Ունենք նաև բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, որոնք զբաղեցնում են սահմանափակ տարածքներ և համարվում են բուսաշխարհի հնագույն ներկայացուցիչները: Դրանք են՝ կենին, սովորական բաղեղը, թփային հասմիկը, արևելյան սոսին, թաղարենի բոխատերևը, սովորական մտրակակոթը և այլն:






Թողնել մեկնաբանություն