Եթե որոշել եք կարգի բերել սեփական այգին կամ թարմացնել այն ավելի գեղեցիկ ու հաճելի դարձնելու համար, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է 6 կարևոր էկո խորհուրդ։ Այգու համար ավելի արդյունավետ կլինի, եթե առաջնորդվեք հետևյալ էկո վարքագծերով։
1․Հավաքեք անձրևաջուրը
Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակիչներն իրենց այգին ջրելու համար երբեմն օգտագործում են խմելու համար նախատեսված ծորակի ջուրը։ Կամ, բազմաբնակարան շենքերի բակերում տեղակայված ցայտաղբյուրի ջուրը ծառայում է ոչ միայն ավտոմեքենա լվացնելու, այլ նաև, հարակից պուրակը ջրելու համար։ Դրա փոխարեն, ավելի խելամիտ ու արդյունավետ կլինի, եթե ձեր այգին ջրելու համար Հավաքեք անձրևաջուրը։ Միաժամանակ և կխնայեք մեր երկրի ջրերի պաշարը, և պատշաճ կջրեք ձեր այգին։
2․ Գտեք ոռոգման ջրի արդյունավետ համակարգ
Ցնցուղային և կաթիլային ոռոգումը ավելի արդյունավետ կլինի եթե այն հարմարեցնեք այգու պայմանների հետ։
3․ Ջրեք այգին վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան
Եթե այգին ջրեք վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան այն կնվազեցնի ջրի կորուստը՝ գոլորշիացման տեսանկյունից: Այգին պետք չէ չափից շատ ջրել, պարզապես ջրեք այնքան, մինչև հողը կխոնավանա, այլ ոչ թե ամբողջությամբ ծածկվի ջրի շերտով։
4․էսթետիկ ու բնական գեղեցկություն տվեք այգուն
Այգին գեղեցիկ դարձնելու համար նախ ծառեր տնկեք, թփեր ու ծաղիկներ աճեցրեք։ Տնկեք տեղական ծառերի, ծաղիկների և բանջարեղենների տեսակներ։ Դրանք կգրավեն ոչ միայն թռչուններին, այլ ձեր այգում հյուր եկած մարդկանց: Ցանկալի կլինի նաև տեղադրել թռչունների համար բույներ որպեսզի կերակրեք նրանց։
5․ Աղբն օգտագործեք հօգուտ ձեր այգու
Պարբերաբար այգին կարգի բերելիս բավականին աղբ է կուտակվում՝ ընկած տերևներից ու ծաղիկներից։ Դրանք ոչ թե նետեք աղբամանը, այլ հավաքեք այն թմբի տեսքով՝ թփուտների կամ ծառերի տակ: Նախ այն կնվազեցնի հաճախակի ջրելու կարիքը, հետո, ժամանակի ընթացքում այնա փթթելով կմիախառնվի հողին, կծառայի որպես պարարտանյութ և կբարձրացնի հողի պտղաբերությունը։ Եթե այգում ունեք ազատ տարածք, կարող եք խոհանոցի և այգու օրգանական աղբը նույնպես հավաքել և կուտակել այնտեղ` հարստացնելու հողը գոմաղբով։
6․Քիմիական նյութեր մի՛ օգտագործեք
Շրջակա միջավայրի համար առկա են անվնաս օրգանական պարարտանյութեր և հավելումներ, քանի որ օրգանական այգեգործությունը իջեցնում է աղտոտումը և առավել նպաստավոր է կենդանական աշխարհի համար։ Իսկ քիմիական նյութերն անցնում են ջրի համակարգի մեջ խախտում են կենսացիկլերի հավասարակշռությունը։






Թողնել մեկնաբանություն