Մայիսի 22-ին «Orchid Gallery» ծաղկի սրահում, առաջին անգամ Հայաստանում տեղի ուենացավ ծաղկի ցուցահանդես։ «Orchid Gallery»-ի առաջարկով «Խոլորձների ցուցահանդեսում» ցուցադրվենցին այն անհատների բույսերը, որոնք ունեն հետաքրքիր պատմություն կամ յուրահատուկ տեսակի են։
Eco.am սոցիալական հարթակը, ներկա լինելով ցուցահանդեսին, հենց տեղում պարզեց յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած Խոլորձների հավաքածուի ստեղծման պատմությունը։
Միջազգային պրակտիկայում նման ցուցահանդեսներն ընդունված են, «Orchid Gallery»-ի համահիմնադիր, տնօրեն Լիլիթ Շափաղաթյանն ասաց, որ Հայաստանում էլ նման ցուցահանդես ունենալու մտահղացումը ծագել է տարիներ առաջ, սակայն հաջողվեց իրականություն դարձնել այս տարի։
«Բոլորս էլ մեր տանն աճեցնում ենք բույսեր ու միայնակ ենք հիանում, առավելագույնը՝ տեղադրում ենք սոցցանցերում, ուրախանում ու վերջ։ Բայց, սա իրոք ցուցադրելու, հպարտանալու առիթ է։ Այս ցուցահանդեսով ուզում ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե որքան յուրահատուկ տեսակներ կան, որոնք այս պահին ցուցադրված են սրահում»,- մեզ հետ զրույցում ասաց «Orchid Gallery»-ի համահիմնադիրն ու հույս հայտնեց, որ առաջիկայում այն կդառնա գեղեցիկ մշակույթ․ «Այս մշակույթի տարածումն անհրաժեշտ է, միևնույն ժամանակ մեզ կենցաղից ազատելու տարբերակ, որպեսզի մարդկանց ավելի մոտեցնենք բույսերին»։
Ծաղկի առաջին ցուցահանդեսին հայտերի որոշակի քանակից, ընտրվել և մասնակցում էին միայն վեցը։

«Ընտրվել են ցուցադրմանը համապատասխան բույսեր, հաշվի առնելով յուրահատկությունը, տեսակները, աճեցման եղանակները, ծաղկման ձևը, էսթետիկ վիճակը և այլն։ Ընտրության ընթացքում փորձել ենք չնեղացնել դիմողներին։ Խոլորձների ստանդարտ շատ տեսակներ կան, բայց մեզ անհրաժեշտ էր այնպիսի տեսակներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն։ Օրինակ, ինձ համար էլ կան Խոլորձների հետաքրքիր տեսակներ, կամ աճեցման տարբերակներ, որոնք հետագայում ինքս էլ կփորձեմ կրկնել, կամ էլ՝ ավելի զարգացնել»,- ուրախությամբ ասաց Լիլիթ Շափաղաթյանը։
Ծաղկային ցուցահանդեսում, Խոլորձների աճեցման եղանակով, ամենաօրիգինալը մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Բաբայանի հավաքածուն էր՝ ծառի կեղևի վրա։ Այսինքն՝ ներկայացված էր բնական պայմաններում աճեցված տարբերակով․ «Սկզբում ուսումնասիրեցի աճեցման տեսակները ու այս տարբերակն ինձ ավելի շատ դուր եկավ, քանի որ այն բնությանն ավելի մոտ է։ Իրենց ամրացնում եմ ծառի կեղևների վրա, ապահովելով ավելի բնական պայմաններ, ու աճեցնում եմ տնային պայմաններում։ Այսինքն, ծառի կեղևը բերում եմ տուն, մամուռը հավաքում եմ ու աճեցնում։ Ցուցադրվածների հիմնական մասը բնական ֆորմաներ են՝ այնպես, ինչպես աճում են բնության մեջ՝ չենթարկվելով հիբրիդացման»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգեյը, ում հավաքածուն 2017 թվականից մինչև այսօր հասնում է մոտ 100-ի, այդ թվում մոտ 19 տեսակ։


Ասում է, որ ամեն ինչ սկսվել է մեկ ծաղկաթափ եղած և վնասված Ֆալենոփսիս տեսակից․ «Որոշեցի այն վերցնել ու փրկել։ Մինչ այդ զբաղվում էի բույսերով, հետո իմ մոտ սկսեց արդեն հետաքրքություն առաջանալ ու այդպես բազմացավ հավաքածուն։ Սկզբում սկսեցի ստանդարտ Ֆալենոփսիս տեսակներից, հետո շեղվեցի՝ հետաքրքիր տեսակներ ընդգրկել հավաքածուիս մեջ, որպեսզի տարբերվող լինի»։


Սերգեյն ասում է, որ Խոլորձների հավաքածուն իր համար հոբբի է, ինքն անձամբ է մշակում բույսերը, ապա կես կատակ, կես լուրջ հավելեց․ «Տան անդամները ո՛չ իրավունք, ո՛չ էլ ցանկություն ունեն մոտենալու ծաղիկներին։ Տան այդ հատվածը կարելի է ասել անձնական տարածք է, որն աշխատանքից հետո հանգստություն ու դրական էներգիա են փոխանցում ինձ․ «Մաքսիմալ հեշտացրել եմ խնամքի պայմանները, 15 րոպեում ամբողջ հավաքածուն ջրում եմ, քանի որ, եթե հոբբին ծանր աշխատանքի է վերածվում, ուրեմն այն արդեն հոբբի չի լինում»,- շեշտեց Ս․ Բաբայանը ու տեղեկացրեց, որ մտադիր է սեփական հիբրիդները ստանալու․ «Առաջին փորձն արդեն արել եմ, բարեհաջող ստացվել է, մնում է հասցնենք ավարտին»։
Երկու տարի առաջ քովիդի ինքնամեկուսացումը մասնագիտությամբ ֆիզիկ Արամ Մխիթարյանին ստիպել է նոր հոբբի գտնել՝ Խոլորձների հավաքածու ստեղծել։ Արամը ցուցադրությանը ներկայացրել էր մոտ տասը տեսակ։

«Խոլորձների հավաքածուն իմ տանը էսթետիկ հաճույք է պատճառում, իսկ երեկոյան, մայրամուտի ժամանակ, տեսակներից մեկը սկսում է շատ ուժեղ բուրել։ Բույրը կարող է տարբերվել իր ծաղկման փուլով, բայց հիմնականում վանիլային երագներ ունի»,– պատմեց Արամն ու պնդեց, որ դեռ շատացնում է հավաքածուն, պարզապես տանը նրանց տեղն է սահմանափակ։ Թեպետ Արամի համար այն դեռ հոբբի է, բայց չի բացառում, որ մի օր այն կդառնա բիզնես։
Մասնագիտությամբ ծրագրավորող Հարություն Խալաթյանի համար ծաղիկները զուտ բույսեր չեն, այլ կենդանի էակ։ Խոլորձների հավաքածուն սկսել է հավաքագրել 2016 թվականից, այժմ ունի 100-150 հատ, մոտ 50 տեսակի և 6 տարբեր ընտանիքի Խոլորձներ։
«Այն հիվանդության նման է, գնում ես մեկը, հետո՝ երկրորդը, երրորդը և սկսում ես արդեն էկզոտիկ տեսակներ հավաքել։ Այսօր փորձել եմ ներկայացնել այն տեսակները, որոնք ինձ մոտ ավելի հեշտ է ստացվում աճեցնել»,- իր հավաքածուն ներկայացնելով ասաց Հարությունը։

Խոստովանում է, այս ընթացքում շատ Խոլորձներ է փչացրել․ «Այն ժամանակ, երբ նոր էի սկսում, այդքան տարածված չէր, այսքան տեղեկատվութուն տրամադրող չկար ու պիտի անկեղծ լինեմ՝ քիչ չեմ փչացրել։ Իմ սիրած արտահայտությամբ ասեմ՝ իմ առաջին Խոլորձը ես բարեհաջող փչացրեցի, բայց երկրորդը՝ դեռ կա»,- ժպիտով շտապեց տեղեկացնել զրուցակիցն ու շարունակեց․«Այսօր մաքսիմալ զգուշությամբ եմ բերել սրահ, որ այն հանկարծ չվնասվի»,– կարևորելով հավելեց Հ․ Խալաթյանը։
Արինա Թորոսյանը իր հավաքածուն 7 տարի առաջ է ստեղծել։ Ամեն ինչ սկսվել է որդու նվիրած մեկ Խոլորձից․ «Ծննդյանս օրը որդիս նվիրեց ու հենց այդ օրվանից էլ սկիզբ առավ Խոլորձների հետ իմ «սիրո պատմությունը»։ Այս պահին ունեմ միմյանց տարբեր, 150-ից ավելի տեսականի»։
Տիկին Արինան ասում է, որ սկզբում եղել է որպես հաճախորդ, հետո դարձել «Orchid Gallery»-ի անդամ։

«Հաճախ էի գնում Խոլորձներ, հետո այն ինձ համար դարձավ հոբբի։ Ես 3 որդի ունեմ, իսկ Խոլորձներս իմ աղջիկներն են, ամեն անգամ ծաղկում են ու երջանկություն պարգևում ինձ»,- ուրախությամբ պատմեց տիկին Արինան։
Ստամբուլահայ Արի Չըթինքային, ով նույնպես «Orchid Gallery»-ի անդամ է, Խոլորձներին ծանոթ է եղել դեռևս 12 տարեկանից, սակայն հավաքածուն հիմնել է մոտ տասը տարի առաջ․ «Տանը ունեինք փոքրիկ հավաքածու, մեր բարեկամուհին Գերմանիայից հաճախ էր մայրիկիս նվիրում, սակայն մայրիկս սեր չուներ՝ չէր խնամում ու նրանց խնամքը մնում էր իմ վրա։ Դե, ես էլ այդ տարիքում ինչպե՞ս պիտի խնամեի, անընդհատ ջրում էի ու սպանում այդ ծաղիկներին»,- ժպիտով մտաբերեց Արին։
Մեր այն հարցին, թե հավաքածուից ո՞ր մեկը կառանձնացնի, մի ակնթարթ հայացք գցելով ցուցահանդեսում ներկայացրած արդեն իր ստեղծած հավաքածուհին, նախ դժվարացավ առանձնացնել, ապա վստահ վրա բերեց․ «Բոլորն էլ ունեն ինչ-որ մի պատմություն, նրանցից յուրաքանչյուրին էլ որ կորցնեմ, իսկապես կնեղսրտեմ»։







Թողնել մեկնաբանություն