20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև․ HMC

https://eco.am/20-%d6%80%d5%b8%d5%ba%d5%a5%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a1%d6%83%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%b8/

Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։

Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել  Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։

Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում  20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։

Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։

Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։

Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել