10-րդ դարից սկսած Կապանը հիշատակվում է որպես քաղաք․այս տարի քաղաքի տոնը կնշվի օգոստոսի 21-ին

https://eco.am/10-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab%d6%81-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8/

Այսօր  կապանցիները նշում են Կապան քաղաքի տոնը։ Այս օրը  առավոտից մինչ երեկո Կապան քաղաքում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ՝ օրը կլինի հագեցած, հաճելի անակնկալներով և իհարկե հիշարժան պահերով։

 

Իսկ տոնի հագեցած ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած տեսանյութում։

 

Մինչ կընտրեք, թե տոնակատարության ժամանակ որ ծրագրին եք ցանկանում մասնակից դառնալ, ծանոթացեք Կապան քաղաքի պատմությանը։

Ըստ տարածված տեսակետներից մեկի, Կապանը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ», քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով։

10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ 11-րդ դարում Կապանն արդեն ուներ շուրջ 20․000 բնակիչ և գտնվում էր ներկայիս Կապանից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք։

16-17-րդ դարերում Կապանն ընկել է պարսից տիրապետության տակ։ 18-րդ դարում Արցախում և Սյունիքում ազատագրական պայքար բռնկվեց։ Կապանը դարձավ լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն։ Ամրանալով Հալիձորում Բեկն իր զորախմբով հաղթանակներ տարավ մինչև 1727թ., երբ օսմանյան բանակը սկսեց Սյունիքի ասպատակումը։ Դավիթ Բեկի հալիձորյան զինակիցները որոշ ժամանակ հաջողությամբ կասեցնում էին թշնամու առաջխաղացումը, սակայն ի վերջո Սյունիքը տեղի տվեց մի քանի անգամ գերազանցող օսմանյան բանակի առջև։

18-րդ դարում Կապանը մշտապես կռվախնձոր է եղել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ 1800թ. այն փաստորեն տրոհված էր այդ երկու տերությունների միջև` Ողջի գետով սահմանազատված։ 1813-ի Գյուլիստանի համաձայնագրով և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, Կապանն ամբողջովին անցավ ռուսական տիրապետության տակ, իսկ ցարական Ռուսաստանի անկումից հետո` 1918-1920թթ., Կապանը նորից դարձավ հայերի անկախության պայքարի կենտրոն։ Ի վերջո Խորհրդային Հայաստանի սահմանները ներառեցին նաև Սյունիքը։ 1991թ. Հայաստանի Հանրապետությունն իր երազած անկախությունը նվաճեց և կատարվեց երկրի նոր վարչատարածքային բաժանում։ 1995թ. Հայաստանը բաժանվեց մարզերի և Կապանը դարձավ Սյունիքի մարզկենտրոնը։

Սյունիքը բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օջախ է։ Միայն Կապանի տարածքում հանդիպում է ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան։ Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) փաստագրական տվյալներ է բերել այն մասին, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Հնում բնակավայրը կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար նրա սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով, մինչդեռ «Կապան» բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում։

2011 թվականին լրացավ Վահանավանք պատմական համալիրի ստեղծման 1100 -ամյակը։ Համալիրը Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոնն էր, կրթական և մշակութային օջախը, հոգևորականության և իշխանական տոհմի ներկայացուցիչների հանգստավայր։

Կապանում մշակութային ծրագրերն իրականացվում է Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի, «Մշակույթի կենտրոնի» միջոցով։ Քաղաքի մշակութային օջախներից են` երկրագիտական թանգարանը, Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, ակումբագրադարանային միավորումը։

Պատմականորեն Կապանը հանդիսանում է Հանրապետության հանքարդյունաբերության կենտրոններից։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով