Օգոստոսի 22-ին, Ախթալայում տեղի ունեցավ Խորովածի համահայկական 12-րդ ամենամյա փառատոնը։ Այս տարի ևս, փառատոնի ընթացքում, քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները ներկաներին, նաև ժյուրիի կազմին, զարմացրին խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով: Ներկայացված էին խորովածի այնպիսի տեսակներ, որոնք ներկաները հնարավորություն ունեցան փորձել միայն այդ օրը:
Eco.am մեդիա հարթակի թիմը ևս յուրօրինակ ներկայություն ապահովեց՝ բացառելով ավանդական մանղալային տարբերակը։ Այստեղ ևս մեր թիմը հոգ տանելով շրջակա միջավայրի մասին, փայտ կտրելու, ծուխ ու մուր կապելու փոխարեն, «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության նորարարության շնորհիվ, անծուխ մանղալների վրա պատրաստած խորոված հրամցրեց։
Դե, իսկ նրբաճաշակ ժյուրին էլ անտարբեր չանցավ մեր թիմի օրիգինալ մատուցման կողքով, համտեսեց, գնահատեց մատուցած բանջարեղենային, բուսական ու մսային համադրությամբ մատուցված խորովածի գեղեցիկ և էկո դիզայնն ու վճռեց՝ արժանացնել բրոնզե մեդալի։ «Լավագույն մտահղացում» անվանակարգում Eco.am մեդիա հարթակն արժանացավ 3-րդ մրցանակի։
Ի դեպ, ժյուրին մատուցված կերակուրները համտեսում էր համարակալված, գաղափար անգամ չունենալով, թե որ ռեստորանային համալիրն է կամ, որ ընկերության թիմն է պատրաստել։
Մինչ մասնակից թիմերն իրենց տաղավարներում մեծ եռանդով պատրաստվում էին մրցույթին ու զուգահեռ նաև հրամցնում ներկաներին՝ զբոսաշրջիկներից մինչև տեղացի, ողջ ընթացքում «Adana Project» բենդն իր յուրահատուկ կատարումներով, որպես փառատոնի հատուկ հյուր, ապահովում էր երաժշտական մասը։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով, խորովածի համահայկական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Յուրաքանչյուր տարի, խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ ՝Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։
Փառատոնի ծրագրի շրջանակներում տեղի է ունենում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։
2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
ECO.am մեդիա հարթակը հանդիսանում էր խորովածի Համահայկական 12-րդ փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։















Թողնել մեկնաբանություն