10 երգ Գեղարքունիքի ափամերձ համայնքներից․ ամփոփվել է «Ափդեյթ» ծրագիրը

https://eco.am/10-%d5%a5%d6%80%d5%a3-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d5%a1%d6%83%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/

Գեղարքունիքի մարզում ամփոփվել է «Ափդեյթ» ծրագիրը՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, որոնք կարելի  է ուղարկել աշխարհի տարբեր կողմեր` հանրահռչակելով հայկական երգն ու մշակույթը:

Չորս ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում երիտասարդների խումբը շրջել է Գեղարքունիքի մարզի 15 համայնքներով և 29 երգասացներից հավաքագրել 40-ից ավելի երգեր, որոնց մի մասը հանրությանն արդեն հայտնի, իսկ որոշները դեռևս չբացահայտված երաժշտական գոհարներ են:

Երգասացներից ամենաերիտասարդը 16 տարեկան Անգելինա Գաբոյանն էր՝ Խաչաղբյուր համայնքից: Նա Խաչաղբյուրի երաժշտական  ժառանգությունը ներկայացրել է պապիկի՝ Սոս Գաբոյանի հետ: Ամենատարեց երգասացն էլ 94-ամյա Անուշավան պապիկն էր՝ Ծովազարդ համայնքից:

Հավաքագրված երգերի թեմատիկան բավականին բազմազան է` հայրենասիրական, հայրենի հողն ու ջուրը գովերգող, հարսանեկան, սիրային երգերից մինչև կատակերգեր, խորհրդային գյուղխորհուրդների առօրյան ներկայացնող և իհարկե մանկական խաղիկներ:

Ծրագրի ավարտին Տուրիզմի կոմիտեի հետ համատեղ Սևանում տեղի է ունեցել գրքույկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև երաժշտական խմբեր և անհատ երաժիշտներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել