Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

https://eco.am/%d6%84%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b8%d5%bd-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%be-%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a5%d5%ac%d5%b8%d6%81-%d6%85%d6%80%d5%b0%d5%b6%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d6%80/

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 4-ին:

Քրիստոսի Հարությունը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լիալուսնին հաջորդող կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում: Զատիկը հրեական Փեսախ բառից է, որը նշանակում է «անց կեցավ», երբ մահվան հրեշտակն անցավ հրեաների տների մոտով` տեսնելով դրանց դռներին քսած գառան արյունը և ձեռք չտվեց նրանց առաջնեկներին: Փեսախը խորհրդանշում էր ազատում եգիպտական գերությունից: Նոր Ուխտում Զատիկը Քրիստոսն է և  խորհրդանշում է ազատում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Ավետարանի համաձայն, Հիսում Քրիստոսի` խաչի վրա մահից հետո Սիմոն հարուստը հանել է Քրիստոսի մարմինը խաչի վրայից և թաղել ժայռափոր գերեզմանում, որը մուտքը փակվում էր հսկա քարով:

Երեք օր անց երեք կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հովնաննան և Հակոբոսի մայր Մարիամը եկել են գերեզմանի մոտ, որ անուշաբույր յուղերով օծեն Տիրոջ մարմինը: Սակայն մոտենալով, տեսել են, որ գերեզմանի մուտքի քարը չկա, իսկ գերեզմանը դատարկ է: Այդ պահին նրանց առջև հայտնվել են ճերմակ հանդերձներով երկու այր և ասել. «Ինչու՞ եք մահացածների մեջ փնտրում Նրան: Նա այստեղ չէ, այլ հարություն է առել»: (Ղուկ. 24: 5-6):

Յուղաբեր կանայք բարի լուրն ավետել են առաքյալներին, ինչից հետո Հիսուս հայտնվել է նրանց:
Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է: «Եթե չկա մեռելների հարություն, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունն իզուր է, մեր հավատն էլ է իզուր» (Ա Կորնթ. 15:13-14):

Զատկին հավատացյալները հավկիթներ են ներկում: Այն հարության և նոր կյանքի խորհրդանիշ է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որ թափվեց ի թողություն մեղաց:

Ճրագալույցի Պատարագից հետո սկսվում են Սուրբ Հարության տոնակատարությունները: Կիրակի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ: Ողջունելով միմյանց` քրիստոնյաներն ասում են միմյանց. «Քրիստոս հարեավ ի մեռելոց: – Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այս խոսքերը հիշեցնում են առաքյալների զարմանքը, երբ Քրիստոս հայտնվեց նրանց իր հարությունից հետո:

Հավատացյալ ժողովուրդը Մեծ Պահքից հետո Հաղորդություն է առնում գինով և հացով` մաքրվելով հնից և հագնելով նոր հոգի ու մարմին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով