««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է»,- այսօր այդ մասին ներկայացվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ։
Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:
Հրատապ հանդիպմանը ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները։
Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:
Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ու ներկայացվեց լուծման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև առաջ բերվեց նման իրավիճակներում միջազգային փորձի կիրառումը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերներին ներկայացրեց խնդրի լուծման հրատապությունը։ Հանդիպման ավարտին որոշում է կայացվեց շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։
Eco.am





Թողնել մեկնաբանություն