Ամբողջ աշխարհում սնդիկը շարունակում է օգտագործվել շատ ապրանքներում և ոլորտներում, օրինակ`
1․ մանոմետրերում և ջերմաչափերում,
2․էլեկտրական անջատիչներում և ռելեներում,
3․ֆլուորեսցենտային լամպերում, ատամնալիցքի սնդկազոդքում,
4․սպիտակեցնող կրեմներում,
5․դեղագործական պատրաստուկներում,
6․կուտակիչների և վինիլքլորիդմոնոմերի արտադրության մեջ,
7․ոսկու արդյունահանման և մշակման ժամանակ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է սնդիկի արտանետումների կարևոր աղբյուրներն ու անմիջական ազդեցությունը մարդու առողջության վրա։
Սնդիկի արտանետումների կարևոր աղբյուրների շարքին են դասվում`
1․ ածուխի այրման հիման վրա էներգիայի արտադրությունը,
2․թափոնների այրումը,
3․ցեմենտի, պողպատի և քլորալկալու արտադրությունը,
4․ոսկու և այլ մետաղների արդյունահանումը, հրկիզումը, աղյուսները և այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են անօրգանական քիմիական նյութերի արդյունաբերական արտադրությունն ու երկրորդային հալումը:
Արտանետումների արդյունքում սնդիկը պահպանվելով շրջակա միջավայրում` շրջանառվում է օդի, ջրի, հողի և կենսամիջավայրի միջև: Այն մանրէների ազդեցության տակ կարող է վերածվել սնդիկի առավել վտանգավոր միացության` մեթիլսնդիկի, ինչը տարածվում է սննդային շղթայում, հատկապես` ջրային միջավայրում:
Մարդկանց մեծամասնությունը մեթիլսնդիկի ազդեցությանը ենթարկվում է սննդամթերքի, հատկապես ձկների միջոցով, իսկ տարրական սնդիկի ազդեցությունը տեղի է ունենում ատամնալիցքի ամալգամի և մասնագիտական գործունեության միջոցով (օրինակ՝ փոքրածավալ մետաղների արդյունահանում):
Սնդիկի աղբյուրներ կարող են հանդիսանալ սպիտակեցնող քսուքները, սնդիկի օգտագործումը ավանդական բժշկության մեջ և սնդիկի կենցաղային արտահոսքը:
Թունավորման ախտանիշներն են՝
1․ գլխացավ,
2․ բերանում չորության զգացում,
3․ բերանում մետաղական համ,
4․ ախորժակի նվազում,
5․ սրտխառնոց,
6․ որովայնում սուր ցավեր,
7․ լուծ,
8․ թուլություն։
Առաջին օգնությունը թունավորման դեպքում
Թունավորման բոլոր դեպքերում անկախ ծանրությունից պետք է անհապաղ դիմել բժշկի՝ տրամադրելով թունաքիմիկատի պիտակին նշված լրիվ տեղեկատվությունը։
Անհրաժեշտ է՝
1․ տուժածին ազատել ճնշող հագուստից,
2․ շնչուղիներով թունավորման դեպքում տուժածին հանել աղտոտված գոտուց և ապահովել մաքուր օդ,
3․ մաշկային թունավորման դեպքում լաթով զգուշորեն հեռացնել թունաքիմիկատը մաշկի վրայից, ապա լվանալ առատ, սառը ջրով, հիմնային լուծույթով կամ օճառով,
4․ աչքերի մեջ ընկնելու դեպքում՝ լվանալ առատ ջրով, սոդայի կամ բորաթթվի լուծույթով։
5․ աղեստամոքսային տրակտի թունավորման դեպքում՝ խմեցնել մի քանի բաժակ ջուր (ցանկալի է գոլ) կամ մանգանա-կալիական թույլ վարդագույն լուծույթ,
6․ առաջացնել փսխում
7․ գրգռիչ թունավոր նյութեր կուլ տալու դեպքում (օր․՝ ֆորմալին) խմեցնել որևէ պարուրող նյութ (օր․՝ օսլայի մածուկ)։ Չի կարելի տալ կաթ, ճարպեր, ալկոհոլային խմիչքներ,
8․ մաշկային արյունահոսության դեպքում՝ դնել ջրածնի պերօքսիդով թրջած տամպոններ,
9․ քթային արյունահոսության դեպքում՝ դնել սառը թրջոցներ քթարմատին և ծոծրակին, իսկ քթի մեջ՝ ջրածնի պերօքսիդով կամ խիտ աղային լուծույթով թրջված տամպոններ։






Թողնել մեկնաբանություն