Մարտի 14-ը աշխարհում նշվում է որպես Գետերի միջազգային օր։ Այս տարի այն նշվեց «Ջուրը բոլորի համար» խորագրի ներքո։ Նախկինում այն կոչվում էր Պատվարների դեմ, հանուն գետերի, ջրի և կյանքի միջազգային օր: Տոնը հայտնի է նաև որպես Պատվարների դեմ գործողությունների միջազգային օր անվամբ:
Գետերի միջազգային օրը սահմանվել է 1997 թվականին Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում 20 երկրների բնապահպանների կողմից կազմակերպված խոշոր պատվարների կառուցման դեմ առաջին միջազգային համաժողովում: Ինչպես նշել են համաժողովի մասնակիցերը, մեծ պատվարների կառուցման պատճառով ավելի քան 60 միլիոն մարդ լքել է իրենց տները, իսկ հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր անտառներ և բերրի հողեր հայտնվել են ջրի տակ։ Բնապահպանները հանդես են եկել միջազգային փորձագետների ներգրավմամբ պատվարաշինության պարտադիր անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով։
Գետերի վրա պատվարներ կառուցելը վտանգավոր միտում է, որը սպառնում է ամբողջ մոլորակի բնությանը: Կարևոր է նաև հիշել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել խոշոր ամբարտակների փլուզումը, այդ թվում՝ հնարավոր զոհերի և ավերածությունների:
Գետերի էկոհամակարգերը կարևոր դեր են խաղում ցամաքում կենսաբազմազանության պահպանման գործում: Եվ միևնույն ժամանակ նրանք ենթարկվում են ամենամեծ վտանգի, քանի որ հենց գետերի երկայնքով է կենտրոնանում մարդկային գործունեությունը։
Տարեցտարի նվազում է այն գետերի թիվը, որոնց հոսքը չի կարգավորվում պատվարներով։ Այժմ աշխարհի 177 ամենամեծ գետերից (1000կմ և ավելի երկարություն ունեցող) միայն մեկ երրորդն է, որ իրենց հիմնական հոսքում չունեն պատվարներ կամ շլյուզներ: Եվ միայն 21 գետ է լիովին զերծ նման կառույցներից։ Չկարգավորվող գետերի մեծ մասը հոսում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում:
Աշխարհի ամենակարգավորվող գետերից մեկը Վոլգան է: Վոլգա-Կամա հիդրոէլեկտրոկայանների կասկադը բաղկացած է 12 բարդ հանգույցներից, որոնք Ռուսաստանի եվրոպական մասի գյուղատնտեսության և արդյունաբերության համար ծառայում են որպես էներգիայի կարևորագույն աղբյուր
Հայաստանի Հանրապետությունում հաշվվում են 9479 գետեր և գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ: Նրանցից 379 գետեր ունեն 10 կմ և ավելի երկարություն, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 7565 կմ։
Վերջին տարիներին հանրապետությունում դիտվում է գետերի ջրային ռեսուրսների նվազում՝ կլիմայի փոփոխության հետևանքով:
Համաձայն կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության ՀՀ-ում գետային հոսքը՝
մինչև 2040 թվականը կնվազի 13,5% -ով,
մինչև 2070 թվականը՝ 27,6% -ով,
մինչև 2100 թվականը՝ 39.0% -ով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Որտեղի՞ց է սկսվում Սևանա լճի ծաղկումը․ մեդիա տուր՝ Սևանի ջրհավաք ավազանում






Թողնել մեկնաբանություն