«Ապրիլի 1-ից գազի գնի թանկացումն անխտիր իր բացասական ազդեցությունն է ունենալու ջերմոցային շատ տնտեսությունների վրա, որի արդյունքում էլ վատ վիճակում են հայտնվելու»,– լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։
Բանախոսին անհանգստացնում է այն փաստը, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, Հայաստան կներմուծվի մեծ քանակությամբ էժան գյուղմթերք, ինչի արդյունքում տեղի արտադրողները կդառնան անմրցունակ․ «Պետք է զարկ տալ տեղական արտադրանքին: Արտադրանքը որակյալ կլինի միայն այն դեպքում, եթե տեղական սորտեր աճեցնենք: Հիմա դրսի սորտեր են՝ հոլանդական, իսրայելական: Բերքատվությունը պետք է մի քիչ բարձր լինի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- շեշտում է Պ․Գևորգյանը։
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիացիան, ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ պատրաստվում են, մի քանի առաջարկներով օրերս հանդիպել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին:
«Քննարկելու ենք տեղական սորտերի ու գազի գնի հարցը: Բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքների մաքսատուրքերը, սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։ Ուզում ենք նաև մշակաբույսերը փոխել, թանկ մշակաբույսեր մշակել, այլապես ստացվում է, որ շահույթի միայն 70 տոկոսը վառելիքի գինն է»,- ասաց Պողոս Գևորգյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ն 143.7 դրամ սակագնով։





Թողնել մեկնաբանություն