«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն ու արձանագրեց, որ այդ առումով նախորդ տարին բավական բարենպաստ է եղել:
«Ծրագրի մեկնարկին՝ 2020 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թվականին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք։ 2022-ին ֆինանսավորումը նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը»,– տեղեկացրեց բանախոսը:
«Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»,- հանդիպմանն ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն ու ցավով արձանագրեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը ցածր է, կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:
Ըստ նրա․ «Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-դ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի։ Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում»:
Անդրադառնալով «Անպտղության հաղթահարման ծրագրին» նշեց, որ ցանկալի կլիներ բոլոր խմբի շահառուների համար տարիքային շեմը 35-ից բարձրացվեր․ «Կարելի է մինչև 38 տարեկան կանանց հնարավորություն տալ ընդգրկվել այս ծրագրում»:
Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս կարող են ծրագրից օգտվել մինչև 42 տարին լրանալը:





Թողնել մեկնաբանություն