Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին:
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառմանը ներկա են եղել ոլորտը կանոնակարգող գերատեսչությունների, հասարակական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու այդ խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»,- հանդիպմանն ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ու շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ անդրադարձ կատարելով ծրագրի արդյունքների կարևորությանն ու առկա մարտահրավերներին։
«ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»,– իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսնը։
«Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերակագնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը: Թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Եվրոպական միությանը, և ԳՄԸՀ-ին ձևավորված համագործակցության համար»,-ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և շեշտել Սևանա լճի էկոհամակարգի վերականգման կարևորության մասին։
Միջոցառման ընթացքում «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» (ADWISE Consulting) ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման ընթացքում կատարված աշխատանքն ու մի շարք փուլերով անցած մասնակցային գործընթացի արդյունքում ձևավորված արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով քննարկում, որն անդրադարձավ տեսլականի անհրաժեշտությանը և դրանից բխող օգուտներին։
Սևանա լճի 2050 թվականի ազգային տեսլականի կարևորությունն ակնառու է Սևանա լճի պահպանության և էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից՝ հաշվի առնելով լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Տեսլականը հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով միասնական ազգային մոտեցմամբ լճի և նրա ջրահավաք ավազանի կայուն զարգացման ապահովման նպատակային գործընթացների համար:
Այնուհետև «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» (CIVITTA) ընկերության կողմից ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացի մեկնարկն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Ներկայացվել են գործողությունների շրջանակը և ժամկետները, համապատասխան մեթոդական մոտեցումները, որոնք կիրառվելու են աշխատանքների ընթացքում, ակնկալվող արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում շահագրգիռ կողմերի հետ:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:





Թողնել մեկնաբանություն