Երևան քաղաքի տնտեսության տարբեր ոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները ներկայացվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատաժողովին։
Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են այն ուղղություններն ու շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ հարմարվողականության հատուկ միջոցառումների իրագործելու նպատակով»,- հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հատկանշական է, որ այս տարի Երևանի զարգացման միամյա ծրագիրը համալրվել է նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր» բաժնով․ «Այս առումով 2023 թվականին նախատեսվում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄԱԶԾ-ի և Եվրոպական միության հետ՝ կյանքի կոչելու մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավմանը և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը: Շարունակական կլինեն վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, հասարակական շենքերի ջերմամեկուսացման, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի արդիականացման և խելացի լուծումների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2 արտանետումները»,- վստահեցրեց Լ․ Հովհաննիսյանը:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, բարձր գնահատելով համայնքային իշխանության ջանքերն ու պատրաստակամությունը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն խնդիրների ճշգրտմանն ու կնախանշեն դրանք լուծելու ուղիները։
Քաղաքի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակվում է «Adwise» խորհրդատվական ընկերության կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ՝ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի աջակցությամբ։
Որպես առաջին քայլ կազմվել է «Երևանի հարմարվողականության պլանի իրավիճակի գնահատման» հաշվետվությունը: Այդպես հնարավոր կլինի համապարփակ ուրվագծել կլիմային փոփոխության ռիսկերը քաղաքի տնտեսության՝ ներառյալ զբոսաշրջության և ծառայությունների, հանրային առողջության, ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտներում: Բացի այդ, մատնանշվում են նաև պետական կառավարման մարմինների և հաստատությունների դերերն ու պարտականությունները: Հաշվետվությունը մշակելու նպատակով փորձագիտական թիմն իրականացրել է համապատասխան իրավական, պլանավորման և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն:





Թողնել մեկնաբանություն