Ո՞ր թվականներին է փետրվարին առավել ցուրտ եղանակ դիտվել

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%81%d5%b8/

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Ըստ տեղեկատվության, փետրվար ամսվա առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է:

Մինչև 800 մետր բարձրության վրա՝

1․Իջևան,

2․ Ալավերդի,

3․Բերդ,

4․Մեղրի։

Այս 4 քաղաքների միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2°C։

Մինչև 800-1000 մետր բարձրության վրա ՝

1․Արարատյան դաշտ,

2․Վայոց ձորի ցածրադիր մասեր` -1…-2°C։

Մինչև 1000-1500մ բարձրության վրա՝

1․Լոռի,

2․Արագածոտնի նախալեռնային շրջաններ

3․ Սյունիքի նախալեռնային շրջաններ` -2°C,

Մինչև 1500-2000 մետր բարձրության վրա՝

1․Շիրակ,

2․Արագածոտնի լեռնային շրջաններ,

3․ Կոտայքի լեռնային շրջաններ,

4․Գեղարքունիք` -4…-6°C:

Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է՝

1․ 1947թ․ Պաղակնում` -41°C,

2․ 1946թ․ Աշոցքում` -40°C:

Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը`

-26°C դիտվել է՝1928թ-ին,

-27°C  դիտվել է՝ 1972թ:

Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին:

Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է  -16… -18°C, այսինքն նորմայից ցածր ` 10-12°C:

Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում` +26°C(1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի   7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ,  1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր`  մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ):

Փետրվարը տեղումներով առատ է եղել՝ 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների  20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր):

Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով