Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կոնվենցիաներ, սակայն Շրջակա միջավայրին առնչվող կա միայն 3 վավերացված կոնվենցիա։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
1․ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է կայունացնել մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը այնպիսի մակարդակով, որ կանխվի վտանգավոր մարդածին ազդեցությունը կլիմայական համակարգի վրա։
Ընդունվել է 1992թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում տեղի ունեցած Համաշխարհային Գագաթնաժողովի ժամանակ: Սա մարդկության առաջին քայլն էր ջերմոցային գազերի արտանետումների աճի դեմ պայքարում:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1993թ. մայիսին:
2․ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի Կիոտտոյի արձանագրություն
Ընդունվել է 1997թ. Դեկտեմբերին՝ Ճապոնիայի Կիոտտո քաղաքում և ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 16-ին:
37 զարգացած երկրների և Եվրոհամայնքի համար սահմանվել են լրացուցիչ պարտավորություններ, որպեսզի ջերմոցային գազերի իրենց ընդհանուր արտանետումները 2008-2012թթ. ընկած ժամանակահատվածում 1990թ. արտանետումների համեմատությամբ կրճատեն առնվազն 5,2%-ով:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ. դեկտեմբերին:
ՀՀ կառավարության որոշմամբ 2006թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի Լիազորված ազգային մարմին, ինչի հիմնական գործառույթներից է Կիոտոյի արձանագրության պահանջներին Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի համապատասխանության հաստատումը, ինչպես նաև ՄԶՄ միջազգային գործընթացում ապահովելու երկրի արդյունավետ մասնակցությունը:
3․«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիր
Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2017 թվականին։
Նպատակը՝ զսպել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի համեմատությամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը։





Թողնել մեկնաբանություն