Շոգին դիմակայելու համար օգտագործեք սովորականից շատ հեղուկներ․ ԱՆ

https://eco.am/%d5%b7%d5%b8%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%84-%d5%bd/

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40/+42 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները.

1  խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում,

2․ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,

3 օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

4 ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,

5 օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

6․ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

7․չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

8 ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

9 անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

10 պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

11 այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել