Արդեն մի քանի օր է ինչ մեր համաքաղաքացիները խուճապահար դատարկում են խանութները՝ պարենային ապրանքներից։
«Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նրա պնդմամբ ՌԴ-ի արտահանման ծավալների մեջ Հայաստանը շատ փոքր տոկոս է կազմում և Հայաստան արտահանված սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը չի վնասի:
«Կապի մեջ ենք մեր կոլեգաների հետ՝ Ռուսաստանում ու այլ երկրներում: Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա, տանելու են տունը փչացնեն: Պարենային անվտանգության բոլոր հարցերով համապատասխան կառույցները զբաղվում են: Բանակցություններ են տարվում, որպեսզի հետագայում էլ կարողանանք ապահովել»,-հույս հայտնեց Գեորգի Ավետիսյանը:
Այնուամենայնիվ, ՍԱՏՄ ղեկավարը չբացառեց, որ կլինի պարենային ապրանքների թանկացում․«Մյուս արտադրող երկրները, որոնք հացահատիկի ոլորտում հիմնական խաղացողներն են, հեռու են Հայաստանից: Մեկը Կանադան է, մյուսը Ավստրալիան: Այդ երկրներից ներկրելը թանկ կլինի: Սակայն հաշվի են առնվում բոլոր հնարավոր ռիսկերը»,- ասաց բանախոսն ու համոզված շեշտեց, որ առաջիկայում սերմացուների խնդիր չենք ունենա․ «Սերմացու ներկրողներից որևէ բողոք չկա, որևէ խնդիր չկա: Ոչ ցորենի, ոչ կարտոֆիլի, ոչ կաղամբի սերմացուի մասով խնդիրներ չկան»,- պնդեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։





Թողնել մեկնաբանություն