Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը՝ ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա. ԵՊՀ

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b2-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%a6/

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ:

Ժամանակակից ռադիոկենսաֆիզիկայի արդի խնդիրներից են կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության արդյունավետության մեծացմանն ուղղված հետազոտությունները: Լուսինե Ալոյանի խոսքով՝ դա առավել ակտուալ է ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է ուռուցքային բջիջների ոչնչացումը։

«Կարևոր խնդիր է մնում ԴՆԹ-ի վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի ամբողջականության խախտումը»,- նշեց Լ․ Ալոյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ նախատեսում են ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ քիմիա և ֆոտոթերապիաներում օգտագործվող պրեպարատների՝ ցիսպլատինի և պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի ֆիզիկական վնասվածքների վրա։

«Ֆիզիկական հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ԴՆԹ-ի վրա ուսումնասիրվող միացությունների ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը և այն օպտիմալ կոնցենտրացիաներն ու դոզաները, որոնց դեպքում կստանանք սպասված արդյունքը»,-հավելեց Լ․ Ալոյանը:

Խմբի ղեկավարը նշեց, որ ստացված արդյունքները մեծ ներդրում կունենան ուռուցքների բուժման համար նախատեսված մեթոդների համատեղման գործում, ինչը կբարելավի առկա մեթոդները՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունները և մեծացնելով մեթոդների էֆեկտիվությունը։

Նախագծի խորհրդատուն՝ դեկտոր Պավել Կարատաևը, Ջոն Ադամսի անվան («JAI») արագացուցչային հետազոտությունների ինստիտուտի անդամ է։ Վերոհիշյալ ինստիտուտը Մեծ Բրիտանիայում առաջատար կենտրոն է նոր արագացուցչային տեխնոլոգիաների մշակման և այդ բնագավառում փորձարարական գիտելիքների տրամադրման հարցում։

Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են գիտությունների 1 դոկտոր, 2 թեկնածու և 1 մագիստրանտ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել