Մինչ մարդկությունը պայքարում է համավարակի դեմ, բնությունը շարժվում է իր ճշգրտությամբ ու կանոններով։ Ձմեռային արևադարձն այս տարի դեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին։ Այն կարևոր իրադարձություն է, որը նշում է բնական և աստղագիտական ցիկլերի փոփոխությունը: Ձմեռային արևադարձից հյուսիսային կիսագնդում գիշերը սկսում է աստիճանաբար կրճատվել՝ մինչև հունիսյան ամառային արևադարձ: Այսինքն՝ ցերեկը ամենակարճն է, գիշերը՝ ամենաերկարը։ Ձմեռային արևադարձը տարվա երկու օրերից մեկն է, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։
Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, Հարավային կիսագնդում՝ հունիսի 20-ին կամ 21-ին։
Ինչու հնարավոր չէ դիտել արևադարձը
Արևադարձի ուղղակի դիտումը դժվար է, քանի որ Արեգակը այդ կետին մոտենում է բավականին դանդաղ, այդ պատճառով դժվար է որոշել կոնկրետ օրը, անգամ ակնթարթը։ Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, ժամանակակից սարքերով երկնային մարմինների շարժը հնարավորինս ճշգրիտ դիտելու հնարավորության հետ։ Երևույթի ժամանակահատվածը մեկ օրվա ճշտությամբ որոշել կարողանալու համար պիտի կարողանալ դիտարկել փոփոխությունը, ըստ ազիմուտի և Արեգակի անկյունային տրամագծի 1/60-ով։ Դիտորդների մեծամասնությունն արձանագրում է արևադարձի օրը, ոչ թե պահը։ Այսօրվա դրությամբ, ձմեռային արևադարձի օրը կարող է տեղաշարժվել յուրաքանչյուր 3000 տարում ընդամենը 1 օրով։
Ինչպես են Ձմեռային արևադարձի օրը տոնում աշխարհի բոլոր մշակույթներում
Սկզբում, Ձմեռային արևադարձի օրը տարբեր մշակույթներում ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ այն որակվում էր որպես վերածնունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ։
Քրիստոնեական եկեղեցիներում, որոնք անցել են գրիգորյան օրացույցին, այդ օրերին տոնվում է Սուրբ Ծնունդը։
Ուղղափառները օգտվում են հուլյան օրացույցից, ըստ որի՝ Ծննդյան տոնը համընկել է ձմեռային արևադարձին 2000 տարի առաջ, իսկ հիմա հետ է ընկել կես ամսով։
Սլավոնական ազգերի մոտ ձմեռային արևադարձի օրը տոնվում է ժողովրդական տոն՝ Կալեդան։
Գերմանական ազգերի մոտ՝ Յոլը։
Հռոմեացիների մոտ՝ մինչ 3-րդ դարը, նշվում էր Sol Invictus։
Պատմական ակնարկ
Մ.թ.ա. 45 թվականին Հուլիոս Կեսարն իր հուլյան օրացույցում Եվրոպայի համար դեկտեմբերի 25-ը նշանակել է ձմեռային գիշերահավասարի օր։ Այդ օրվանից՝ արևադարձային տարվա և օրացույցային տարվա տարբերության պատճառով, մոտավորապես, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում ձմեռային արևադարձը տեղափոխվում է 3 օրով, 16-րդ դարում հասնելով դեկտեմբերի 12-ին։
Իսկ 1582 թվականին Հռոմի Պապ Գրիգոր 13-րդը որոշում է վերականգնել եղանակային սեզոնների և քաղաքացիական տարվա ճշգրիտ համապատասխանությունը, ընդ որում, հիմք ընդունելով 325 թվականի Նիկեյան եկեղեցական ժողովը, որը համարվում էր հիմնական քրիստոնեական տոների որոշման ժամանակաշրջան։ Այդպիսով, Պապը զրոյացնում է տասօրյա սխալը, որ կուտակվել էր 4-րդ և 16-րդ դարերի ընթացքում, սակայն նա հաշվի չէր առել 3 օրը, որ կուտակվել էր 1-ից 4-րդ դարերում։ Այդ ուղղումը հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձը տեղաշարժեց մինչև դեկտեմբերի 22-ը։
Քանի որ ձմեռային արևադարձը շրջադարձային իրադարձություն է հանդիսանում երկնքում Արեգակի շարժման մեջ, այն պատճառ է դարձել մարդկանց մեջ՝ աստվածների ծնունդի կամ վերածնունդի համատարած վերագրմանը։






Թողնել մեկնաբանություն