Որպես գյուղատնտեսական արդյունաբերության կարևոր ճյուղ անասնապահությունը տարածված է Հայաստանի տարբեր մարզերում։ Գոմաղբի և գոմաղբահեղուկի վերամշակման խնդիրը անասնապահության մեջ կարևոր բաղադրիչ է։ Հայաստանում այդ կարևոր գործընթացն իրականացնում է «Օռվակօ» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ՝ փոխակերպելով դրանք տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութերի և հողի բարելավիչների:
Արտադրությունը հիմնվելով բնական գործընթացների վրա, նպատակ ունի խթանել անթափոն արտադրությունը։ Ընկերությունը թռչնաղբից և գոմաղբից ստանում է բիոհումուս, որի հիմնական աշխատանքը կատարվում է կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով։ Օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսը (որդակոմպոստը) հաջորդիվ հիմք է դառնում տարատեսակ օրգանական պարարտանյութերի ստացման համար, որոնք իրենց սննդատարրերի հարուստ կազմով կոչված են բարելավելու հողի հատկանիշները, բարձրացնելու բերքատվությունը և հիմնովին ապահովելու բույսերի առողջ աճն ու զարգացումը:
Կալիֆորնիական կարմիր որդեր
Չարլզ Դարվինն առաջինն էր, որն իր նշանավոր գրքի հրատարակությամբ (1881թ․) հանրության ուշադրությանն է ներկայացրել անձրևաորդերի մեծ նշանակությունը օրգանական զանգվածի քայքայման, վերամշակման գործընթացում։ Կալիֆորնիական կարմիր որդերը բարձրորակ որդակոմպոստ արտադրողներ են։ Յուրաքանչյուր որդ օրական արտադրում է իր մարմնի կշռին հավասար կենսահումուս։ Որդերը ջանասիրաբար աշխատում են օրգանական մնացորդները սննդատարրերով հարուստ, գորշ պարարտանյութի վերածելու համար։ Արդյունքում ստացված նյութն ունենում է հողին բնորոշ անուշ հոտ և լավագույն սնունդն է մշակաբույսերի համար:
Ի՞նչ է կենսահումուսը
Օրգանական պարարտանյութերի շարքում կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Կենսահումուսը փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։
Կենսահումուսը բնական ճանապարհով ավելացնում է բույսերում շաքարների, վիտամինների և չոր նյութերի քանակությունը, նվազեցնում է նիտրատների կուտակումը, ինչպես նաև լավացնում բանջարեղենի և մրգի համահոտային հատկանիշները, դարձնում դրանք վիտամիններով հարուստ և առողջ։
Կենսահումուսի 7 առավելությունները
1․ Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը
2․ Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով
3․ Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ
4․ Մեծապես բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները
5․ Բարելավում է հողի օդաթափանցելիությունը
6․ Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը
7․ Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան։
Ե՞րբ օգտագործել կենսահումուսը
Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։
Հողի բերրիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հողում ավելացնել օրգանական նյութերի՝ հումուսի պարունակությունը։ Կենսահումուսն իր մակրո և միկրոսննդատարրերի հարուստ պարունակությամբ և յուրօրինակ միկրոֆլորայով գերազանցում է գոմաղբին։ 1 տ կենսահումուսը սննդատարրերի հարուստ կազմով համարժեք է 7-8 տ գոմաղբին։
1 հա հողի պարարտացման նորմը կենսահումուսով 3,5 – 6 տ է և 4,5-6 տ՝ մեռած հողը վերակենդանացնելու համար։ Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է․ որքան շատ՝ այնքան լավ։
Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։
Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։
Որտե՞ղ օգտագործել
1․ Կանաչապատում
Դեկորատիվ ծառերի պարարտացում, այգիների խնամք և կանաչապատում։
2․ Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսական հողերի, մշակաբույսերի, պտղատու ծառերի, հատապտուղների, սածիլների պարարտացում։
3․ Ծաղիկներ
Դեկորատիվ և տնային բույսերի պարարտացում և խնամք։






Թողնել մեկնաբանություն