Գերմանական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն կառավարմանը։ Այդ մասին երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը ասել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն։
Նախարարը ողջունել է գործընկերներին և մեկ անգամ ևս ընդգծել հայ-գերմանական երկկողմ համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի ոլորտում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ անդիպմանը քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումները․ նախարարը գործընկերներին է ներկայացրել մասնավորապես անտառների, կենսաբազմազանության և ջրային ոլորտի օրնսդրական կարգավորումները։ Ինչպես նաև քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո․ այն տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով, ինչպես նաև Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ուղղությունները։


Իսկ այսօր կայացած հանդիպմանը Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ քննարկվել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ նախարարությունում գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագիծը։
Քննարկմանը մասնակցել են Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը, նախարարության Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել նախագծով նախատեսվող փոփոխությունները։
Ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը:
Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միևնույն ժամանակ, անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել օրենսդրական կարգավորումները և ապահովել միասնական մոտեցում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում։
Ուստի, նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների պահպանության իրականացմամբ։






Թողնել մեկնաբանություն