Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%b0%d5%a5%d5%ae%d5%a1%d5%b6%d5%be%d5%b8%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-2-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5-2-%d5%a1%d6%80%d5%ae%d5%a1%d5%a9%d5%a5-%d6%87-1-%d5%a2%d6%80%d5%b8/

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով:

Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը,

Երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը,

Պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը:

Երեք տարիքային խմբերում մրցաշարին Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ, 55 հեծանվորդ է մասնակցել:

Անջատ մեկնարկ մրցաձևում Էդուարդ Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ 12 կմ մրցատարածությունը հաղթահարելով 17:46 վայրկյանում: Նույն մրցաձևում Վահե Վիրաբյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 24 կմ մրցատարածությունն անցնելով 33:26 վայրկյանում: 24 կմ մրցատարածությունում երկրորդ արդյունքն է ցույց տվել նաև Արթուր Վարելջյանը՝ երիտասարդների պայքարում: Նա  արծաթե մեդալ է նվաճել՝ գրանցելով 34:07 վայրկյան արդյունք:

Մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայ հեծանվորդները հանդես են եկել խմբային մրցաերթում: Վահե Վիրաբյանը նվաճել է ոսկե, իսկ Արթուր Վարելջյանը՝ բրոնզե մեդալ: Էդուարդ Գրիգորյանը պատանիների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը բարձր է գնահատում հայ մարզիկների մրցելույթները 2023 թվականի վերջին մրցաշարում: Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ՝ լեհական «Գրուդիոզ ՍՏԱԼ» ակումբի նախագահ Ադամ Սիեզկովսկին Թբիլիսիում հետևել է հայ հեծանվորդների ելույթներին: Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի երեք հեծանվորդներ՝ Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը, 2024 թվականի ապրիլից կմարզվեն լեհական ակումբի կազմում և կնախապատրաստվեն հուլիսի 9-14-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ից, Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը 10 մարզիկով ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Նախապատրաստական ևս մեկ փուլ հայ հեծանվորդները կանցկացնեն հունվար-մարտ ամիսներին, ինչից հետո Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը կմեկնեն Լեհաստան:

«Լեհաստանում կայանալիք նախապատրաստական փուլը շատ կարևոր և օգտակար կլինի մեր մարզիկների համար: Ամեն շաբաթ նրանք միջազգային մրցումների կմասնակցեն»,- նշում է Արմեն Գյոզալյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ հայ հեծանվորդները 2024 թվականի օգոստոսին նաև աշխարհի առաջնության կմասնակցեն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել