Մեր երկրում շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով, վերջին հինգ տարիներին, Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։ Արդյունքում, վերջին տարիներին, մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ և շեշտակի ավելացել է և՛ ներկրումը և շահագործումը:
Նախորդ տարվա՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Վերջին 5 տարիներին որքան էլեկտրոմոբիլ է ներկրվել Հայաստան
1․ Մինչև արտոնության սահմանումը, 2017-2018 թվականներին Հայաստան է ներկրվել ընդամենը 42 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց,
2․ 2019 թվականին՝ 668 տրանսպորտային միջոց,
3․ 2020 թվականին՝ 2155 տրանսպորտային միջոց,
4․ 2021 թվականին՝ 6645 տրանսպորտային միջոց։
Ինչի շնորհիվ Հայաստանում աճեց էլեկտրոմոբիլների թիվը
1․Ներկայումս հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան։ Դրանցից 25-ը հայտնվել են «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և գործում են անվճար։
2․ Մշակվել է Հայաստանում լիցքավորման կայանների տեղակայման քարտեզ՝ Plug.am ծրագրի շրջանակում, ինչը վարորդներին հնարավորություն է տալիս օնլայն արագ գտնել մոտակա լցակայանը։
3․ Երևանի ավագանու որոշմամբ, բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող ավտոմեքենաների սեփականատերերը, 2021 թվականին ազատվել են կայանատեղերի համար սահմանված վճարից։
4․ 2021-2022 թվականներին, միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկվել է էլեկտրոմոբիլների սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների որակյալ սպասարկումն ապահովելու համար։
Ինչու գնել էլեկտրոմոբիլ
1․ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները նվազեցնում են շրջակա միջավայրի և մթնոլորտային օդի աղտոտվածությունը։ Ըստ փորձագետների, էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը տարեկան միջինում ապահովում է 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում:
2. Զրոյական մաքսատուրք և ԱԱՀ։ 2019 թվականին հարկային օրենսգրքում Ազգային ժողովի կողմից ընդունված լրացման արդյունքում, էլեկտրամոբիլների ներմուծումը և օտարումը ազատվել է ավելացված արժեքի հարկից, իսկ 2020-ին ԵՏՄ երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, զրոյացվել են էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը: Արտոնությունների շնորհիվ էլեկտրամոբիլների սեփականատերերը խնայել են ներկրվող մեքենայի արժեքի 35 %-ի չափով՝ 20% ԱԱՀ, 15% մաքսատուրք:
3․ Էլեկտրոմոբիլներն ավելի մատչելի են «վառելիքի» տեսանկյունից՝ մոտ 10 անգամ ավելի էժան են։
4․ Բացի քիչ ծախսատար լինելուց, էլեկտրոմոբիլները վարելիս անաղմուկ են և անհարմարություն չեն պատճառում և՛ ուղևորներին, և՛ վարողին, և՛ շրջապատին։
Ի դեպ
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Իսկ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը։





Թողնել մեկնաբանություն