Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։

Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում:

Դաշտային  աշխատանքների արդյունքում գիտնականները  հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Վերջերս հրապարակվել է նաև այս արժեքավոր գտածոյի վերաբերյալ գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ  տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

2020թ․-ի մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ:  Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Հիշեցնենք, որ գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով