Հունիսի 27-ից հուլիսի 3-ը, Իտալիայի Սորենտո քաղաքում, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ, կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումը նախատեսված է 2003 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների (ծրագրերի) և/կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները, բացի ճանապարհածախսից, կհոգան մասնակիցների կեցության և սննդի ծախսերը:
Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:
Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել youth@escs.am էլ. հասցեին:






Թողնել մեկնաբանություն