Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնից Կովկասի էքսպոզիցիոն հողամասում օրերս վերատնկվել է 20 տարեկան Ձելկովա բոխիատերև (Zelkova carpinifolia) ծառը։
Այս տեսակը գրանցված է ՀՀ բույսերի կարմիր գրքում՝ «Տվյալների անբավարարության» (DD) կատեգորիայի պատկանող բույսերի ցուցակի կազմում։ Բույսի վերջին հավաքը կատարվել է 1927 թվականին և հնարավոր է, որ այս տեսակը ընդանրապես վերացել է ՀՀ տարածքից։
ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը վերարտադրում է բույսը` հետագայում բնություն վերադարձնելու նպատակով։
Ձելկովա բոխիատերևը տարածված է Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրում, աննշան քանակությամբ, բոխակարնային անտառներում, ծովի մակերևույթից 900 մետր բարձրության վրա։
Ի՞նչ պայմաններ է պահանջում
1․ Այն պահանջկոտ բույս է։
2․ Պահանջկոտ է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավության նկատմամբ։
3․ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ անտառային սևահողերը։
4․ Ստվերատար է. խիստ զգայուն է ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունների նկատմամբ։
5․ Բազմանում է սերմերով, կտրոնավորմամբ և պատվաստի միջոցով։
Ձելկովա բոխիատերևի կիրառությունը՝ բնության մեջ
Պիտանի է ծառուղիների, խմբերի, մասսիվների համար, և որպես սոլիտեր։ Քանի որ առատ արմատային մացառներ է տալիս, հաջողությամբ կարելի է օգտագործել հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում։ Չափազանց արժեքավոր ծառատեսակ է, որը գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում» և ենթակա է պահպանության։
Ձելկովա բոխիատերևի նկարագրությունը
Հզոր, ճյուղատարած ծառն ունի 25-30 մետր բարձրությամբ և մինչև 2,0 մետր բնի տրամագծով։ Խիտ տնկարկներում բունը ուղիղ է, սլացիկ, ճյուղերից ազատ։ Ազատության մեջ առաջացնում է ուժեղ ճյուղավորված հզոր, լայն գլանաձև սաղարթ, կլորավուն գագաթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է։ Ընձյուղները կարմրագորշավուն են, մազմզուկապատ։ Բողբոջները երկարավուն-կոնաձև են, 2-3 մմ երկարությամբ, կարմրագորշավուն կամ դարչնագույն։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, սրածայր, 4-8 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ, սղոցաեզր, վերևի կողմից փայլուն, մուգ կանաչ, ներքևից ավելի բաց գույնի։ Աշնանը սովորաբար գորշ կամ դեղնավուն գույն են ստանում։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։ Տերևաթափը դիտվում է նոյեմբերին։ Պտուղները մանր են, կանաչավուն, անկյունավոր, հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Ապրում է մինչև 300 տարի։






Թողնել մեկնաբանություն