ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա։
Eco.am սոցիալական հարթակը Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։
«Մենք ականատես ենք, թե ինչպես է ավիրվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների շահագործումն ազդում է էկոցենոզների վրա: Ցավոք, բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները, և, հետևաբար, էկոլոգիական կրթությանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը մեզ համար չափազանց արժեքավոր է։ Առանձնապես ողջունելի է ծրագրում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի նախագահության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը»,- հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։
«Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը՝ շրջակա միջավայրի վրա։ Ստեղծել և զարգացնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։ Նաև կստեղծվեն լաբորատորիաներ Հայաստանում և Ուկրաինայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոնը:
«Հայաստանում, կլիմայի փոփոխությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեծացել է գոլորշիացման մակարդակը, նկատվում է ջրային ռեսուրսների սակավության խնդիր, ուստի ջրային կենսաբանական պաշարների արդյունավետ կառավարումը կարևորվում է։ Ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր է ակվակուլտուրան, որի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները, դրանց վրա հիմնված ապագա ձկնաբույծի կարողություններն ու հմտությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչը հիմք կհանդիսանա ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների կառավարիչների պատրաստման համար»,- ընդգծեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի այսօր ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արագ զարգացող ճյուղերից է․ «2022 թվականին այս ոլորտում արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս։ Ամբողջ աշխարհում աճում է պահանջարկը պարենի նկատմամբ, միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից առանձնացնեմ գլոբալ տաքացումը, որը պարտադրում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, ինչը կապահովի գյուղատնտեսության ոլորտի հավասարաչափ զարգացում։ Մենք կարող ենք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ, եթե ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով»։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ասաց․ «Մենք կունենանք նոր մասնագետներ, ովքեր կբերեն նոր մոտեցումներ՝ ինչպես գործել գյուղատնտեսության, ակվակուլտուրայի, ձկնային տնտեսությունների ոլորտներում»:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն էլ պնդեց, որ աա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը․ «Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի, նոր գաղափարների լայն հարթակ է»։





Թողնել մեկնաբանություն