Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող մի շարք խնդիրներ են քննարկվել Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, հանդիպման ժամանակ ներկայացվել է կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության գործում համայնքի նախաձեռնած ծրագրերը՝ քաղաքապետն անդրադարձել է․
1․ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով,
2․ մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ,
3․ բազմաբնակարան բնակելի շենքերում արևային պանելների տեղադրմանը, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել վերականգնվող էներգիան և ունենալ արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու ընդհանուր օգտագործման այլ տարածքներ:
Հրաչյա Սարգսյանը խոսել է նաև ճանապարհաշինության, աղբի տեսակավորման և կանաչապատման ծրագրերից: Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել նոր տրոլեյբուսներ, ներդնել «խելացի» լուսացույցներով կառավարվող համակարգ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային ծրագրեը մանրամասն ներկայացնելու համար՝ Դեյվիդ Մորանը կարևորել է քաղաքային իշխանությունների հետ գործակցության հաստատումն ու ընդգծել, որ քաղաքապետարանները կարևոր դեր ունեն կլիմայի փոփոխության ու CO2 գազի արտանետումները նվազեցնելու գործում:




Թողնել մեկնաբանություն