Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները․ էկոդասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների համար

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d6%80%d5%be%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82/

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ իրականացվել է դասընթաց։  Դասընթացների հիմնական նպատակն էր բարձրացնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր հատվածում որոշումներ կայացնող անձանց իրազեկվածությունը կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանում առկա խոցելիությունների, ռիսկերի և հարմարվողականության հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները:

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթացների շարքի արդյունքներն ամփոփվեցին շահառուների հետ հանդիպման ընթացքում։

2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում անցկացված 10 դասընթացում ներգրավված են եղել 248 մասնակից. մասնավորապես՝ ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, հանդիպման ընթացքում ընդգծել են կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ որոշում կայացնողների կարողությունների զարգացման և բարձրացման կարևորությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում նրանց  առանցքային դերակատարությունը հաշվի առնելով:

6 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են՝

1․ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցություններին,

2․ առկա և կանխատեսվող ռիսկերին ու խոցելիությանը,

3․ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտներում կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատումների արդյունքներին,

4․կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը և այլն:

Դասընթացներից բացի, համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական ծրագրերում և քաղաքացիական ու համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ թեմաների ներդրման ուղղությամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել