Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Քվեարկությունը կընթանա մինչև դեկտեմբերի 16-ը, իսկ և 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 19-ին՝ արդյունքներն ամփոփելուց հետո:
«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:
Մինչ այդ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:
Այսօր մեր ընթերցողին ներկայացնում ենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից մորուքավոր անգղին (Gypaetus barbatus):
Մորուքավոր անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Թռչունն այս անվանում ստացել է կտուցի տակ գտնվող մորուքի նմանվող փետուրների փնջի պատճառով։ Մորուքավոր անգղին անվանում են նաև գառնանգղ, ինչի պատճառ է դարձել հնում հովիվների ունեցած պատկերացումը, թե մորուքավոր անգղը գառներ է որսում, այնինչ անգղը սնվում է լեշերով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիներով:
Մորուքավոր անգղի տարածման հիմնական արեալը ընդգրկում է հարավային Եվրոպան, արևելյան Աֆրիկան, կենտրոնական և հարավ-արևմտյան Ասիան։ Հայաստանում հանդիպում է հանրապետության գրեթե ողջ տարածքում` բացառությամբ Արարատյան և Շիրակի դաշտերի։
Բնադրում են անմատչելի լեռնային տարածքներում և կիրճերում, հաճախ բները կառուցում են անձավներում։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկն է գոյատևում։
Մորուքավոր անգղի սիրելի ուտելիքը ոսկորներն ու ոսկրածուծն են։ Նույնիսկ երկու ամսեկան ձագը կարող է կուլ տալ 15-20 սմ երկարության ոսկոր, իսկ հասուն թռչունները երբեմն կուլ են տալիս ոչխարի կամ այծի ամբողջական կողոսկրեր։
Երբ անգղը քաղցած է և սնունդ չի գտնում, ապա հարձակվում է թույլ և հիվանդ կենդանիների վրա։ Նա իր զոհի վրա հարձակվում է հետևից և թևերի հարվածներով հրում է դեպի անդունդը, որի հատակին էլ հետո գտնում է զոհի մարմինը։
Քվեարկելու համար սեղմեք այստեղ․






Թողնել մեկնաբանություն