Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը:
«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:
Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:
Այսօր մեր ընթերցողին ներկայացնում ենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից ամենագունավորին՝ կանաչ մեղվակերին (Merops persicus):
Կանաչ մեղվակերն առանձնանում է մարմնի վառ գունավորմամբ։ Հասուն թռչնի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։
Տարածված է Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հնդկաստան ընկած տարածքներում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի կիսաաանապատային տեղանքներում, բնադրող չվող է։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։
Կանաչ մեղվակերը Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Հակառակ անվանմանը՝ մեղուները կանաչ մեղվակերի սիրելի ուտելիքը չեն և կազմում են նրանց ընդունած սննդի մոտ 10%-ը։ Կանաչ մեղվակերները նախընտրում են ավելի դանդաղաշարժ և չխայթող միջատներ որսալ։
Նման է Ոսկեգույն մեղվակերին (Merops apisater), որը Հայաստանում տարածված տեսակ է։ Տարբերել կարող եք մարմնի վերևի կանաչով, կոկորդի և թևատակի ծածկողների շիկակարմիրով։




Թողնել մեկնաբանություն