Խնամե՛ք եղունգները․ մի՛ օգտագործեք գործիքի փոխարեն

https://eco.am/%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%9b%d6%84-%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%b4%d5%ab%d5%9b-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%84-%d5%a3/

Ժամանակակից կանայք եղունգների խնամքը վստահում են մատնահարդարին ու գերադասում, որոշ ժամանակով, քիմիական տարատեսակ նյութերով ապահովել խնամված եղունգներ։ Արդյունքում, մի քանի շաբաթ անց կրկին հայտնվում են անելաների իրավիճակում՝ արհեստական եղունգների աճի արդյունքում պատճառած անհարմարություններով հանդերձ։ Իսկ երկար ժամանակով քիմիական նյութերի միջոցով ստացած արհեստական եղունգների օգտագործման հետևանքների ու  առաջացած սնկային հիվանդությունների դեպքերը քիչ չեն։ Որպես առողջ ապրելակերպի կողմնակից, Eco.am-ն այդ մասին դեռ կանդրադառնա, իսկ այսօր Ձեզ համար հավաքագրել ենք մի քանի խորհուրդներ՝ առավել առողջ ու խնամված եղունգներ ունենալու համար։ Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։

Եղունգներն աճում են անդադար․ 1 օրում 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ և ծեր հասակում։

Եվ, այսպես․

1․ Եթե Ձեր եղունգները շերտավորվում և  փշրվում են, ուրեմն՝ խանգարված են ներքին օրգանների ֆունկցիաները։ Այդ դեպքում, անմիջապես դիմե՛ք բժշկի։

2․ Աշխատեք ընդունել անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ։ Եղունգների աճի համար հատկապես շատ նպաստավոր է․

Ա․ A վիտամինը, որը պարունակվում է աղցանների, պոմիդորի, կաթնամթերքի մեջ,

Բ․ D վիտամինը, որով հարուստ է կարագը, կաթը և ձվի դեղնուցը։

3․Եղունգների վրա նշմարվող ճերմակ կետիկները անվնաս են, նշանակում է՝ աճի ժամանակ եղունգի տակ օդ է անցել։

4․Եղունգների շուրջ ավելորդ կոշտուկները առաջանում են  այն ժամանակ, երբ նրա շուրջ գտնվող մաշկը սխալ է մշակվում։ Սրանք ժամանակի ընթացքում չեն անհետանում։ Կոշտուկները  կարող են անցնել ժառանգաբար և տարիքի հետ նույնիսկ շատանում են։

5․Եղունգների գունաներկը՝ լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտվել դրա համար նախատեսված հեղուկներից, որոնք պարունակում են վիտամիններ։ Եղունգները կոտրատվելու դեպքում խորհուրդ է տրվում 7-10 օր անընդմեջ եղունգներին կիտրոնի հյութ քսել։

6․ Եղունգների ներկը արագ կչորանա և ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մի քանի րոպե ընկղմեք սառը ջրի մեջ։

Հակացուցված են

1․ Պահպանե՛ք եղունգները, մի օգտագործեք դրանք գործիքի փոխարեն։

2․ Ուժեղ արևն ու ցուրտը, աղի և քլորով հարուստ ջուրը փշրում և չորացնում են եղունգները։

3․ Արգելվում է օգտվել տեխնիկական ացետոնից, դրանք վնասում են եղունգները։

Ինչպե՞ս մշակել եղունգները

Եղունգներն անհրաժեշտ է մշակել զգուշորեն և նույն ուղղությամբ՝ փոքրիկ խարտոցի օգնությամբ։ Չի՛ կարելի եղունգները շատ խորը կտրել, հատկապես կողքերից, քանի որ դրանք հետո կարող են ներաճել մաշկի մեջ և ցավ պատճառել։

Եթե ձեռքի դաստակները մեծ են և ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթև կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը։ Կարճ և կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձևերը։ Չափից ավելի սրած եղունգները հեշտությամբ կոտրվում են։

Ամրացրե՛ք եղունգները բուժիչ քսուքներով

Լաքը չորացնում է եղունգները։ Դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտակար է հետևյալ միջոցը․

-Մատների եղունգները գոլորշու վրա տաքացրած 15 գրամ կարագից և 85 գրամ ձիթապտղի յուղից պատրաստված թանձարուկի մեջ դրեք 5 րոպե։ Հետևեք, որ տաք թանձարուկը ծածկի եղունգները։ Նույնը կրկնեք ամեն երեկո՝ 8 օրվա ընթացքում։ Թանձարուկից կարելի է օգտվել մի քանի անգամ, այն տաքացնելով գոլորշու վրա։

-Որպեսզի եղունգները ամուր լինեն և չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետևյալ խառնուրդով՝ 5 շիբ, 25 գրամ գլիցերին և 70 գրամ ջուր։

-Որոշ հիվանդությունների, կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են և կոտրվում։ Նման դեպքերում խորհուրդ  է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ, կամ մերսել հետևյալ քսուքով․

30 գրամ յոդի թուրմ

30 գրամ գլիցերին

30 գրամ 70% գինու սպիրտ։

Բոլորը խառնել իրար և ստացված զանգվածը քսել եղունգներին՝ 20-30 օրվա ընթացքում, որից հետո՝ եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական ձիթապտղի, նշի, գերչակի յուղի մեջ։

Խորհուրդ է տրվում  վիտամիններով հարուստ սնունդ․ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք։ Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով