Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով աղբից մաքրվում են Գավառագետի հունը և մի շարք համայնքներ։ Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանից, մաքրման աշխատանքներ են իրականացվել Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր տարածքում։ Ըստ տեղեկատվության, գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից:
Նույն ծրագրի շրջանակներում մաքրվում են նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Սարուխան գյուղի հեղեղատարները, որտեղ կուտակված տիղմը փակում է ջրի ճանապարհը և հեղեղումների վտանգ առաջացնում հարակից բնակարանների ու տնամերձերի համար: Մաքրման աշխատանքներ են կատարվել նաև Գավառագետի՝ Բոշնաղյան փողոցով հոսող հատվածում: Այստեղ կուտակված աղբը և տիղմը գրեթե փակել էին ջրի ճանապարհը: Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Իսկ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Շոռգոլի վանքի հարակից տարածքի` շուրջ 2 հա աղբավայրի վերածված տարածքում։ Մաքրված տարածքը հետագայում չաղտոտելու և մաքուր պահելու նպատակով Նորատուսում օրերս տեղի է ունեցել հանրային լսում, որին մասնակցել են նաև բնակավայրի բնակիչները:
«Նորատուսի Շոռգոլի վանքի, Բանջարանոցային և Կամուրջին հարող տարածքներում բնակիչների կողմից տարիների ընթացքում կուտավել և այժմ էլ շարունակվում է թափվել ձկան վերամշակման հետևանքով առաջացած աղբը: Իրավիճակը առաջացնում է բնապահպանական խնդիրներ, խոչընդոտ է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը և մարդկանց առողջությանը»,- ասել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:
Հանրային լսմանը մասնակցող ՏԻՄ ներկայացուցիչները քննարկել են առկա վիճակը և փորձել են միջոցներ գտնել՝ աղբը չնախատեսված վայրերում թափելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում. որից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Տեղեկացնենք նաև, որ այժմ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ նշված տարածքներում ընթանում են աղբավայրերի փակման ու մաքրման աշխատանքներ:




Թողնել մեկնաբանություն