Քովիդ 19-ով վարակվելուց հետո շատերն են երկար ժամանակ տառապում հոտի ու համի զգացողության կորստով։ Երբեմն, վարակի հետևանքով, հոտի և համի զգացողության վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
Մեծ Բրիտանիայի Առողջապահությունը (NHS) գրում է, որ Քովիդ 19-ը վարակի հետևանքով հոտի կորստի վերաբերյալ այս պահին բավարար տվյալներ չկան։
Ըստ բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի․ «10 մարդուց 1-ի մոտ զգայական կորուստը պահպանվում է հիվանդությունից հետո: Պատահում է, որ կորում է ոչ միայն հոտառությունը, այլ նաև համը կամ խառնվում են համային զգացումները»։
Eco.am-ն այսօր ներկայացնում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի խորհուրդները՝ Քովիդ -19-ով վարակվելուց հետո համի և հոտի զգացողությունը վերականգնելու վերաբերյալ։
«Եթե կորցրել եք և համի, և հոտառության զգացումը, ապա կարևոր է չընկնել ծայրահերությունների հետևից և լցվել համբերությամբ»,- ասում է բժիշկ-դիետոլոգը և թվարկում տարբերակներ․
1․ Կան մթերքներ, որոնք դուք սիրում եք։ Հավանաբար, հենց նրանց համն է, որ կսկսեք ճանաչել առաջին հերթին:
2․ Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան՝ խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, ողողեք բերանը խոռոչի լվացման միջոցներով (առանց ալկոհոլի) կամ ջրով։
3․ Փոխեք սննդի ջերմաստիճանը։ Սովորաբար տաք սննդի և սենյակային ջերմաստիճանի սննդի համը տարբեր են:
4․ Սննդի համը ուժեղացնող միջոցների ավելացումը կարող է արագացնել ընկալիչների վերականգնումը` համեմունքներ, խոտաբույսեր, սոուսներ, կիտրոնի հյութ, անանուխի սոուս, մանանեխ, թթու վարունգ և այլ ուժեղ համեր:
5․ Եթե զգայուն եք քաղցրի նկատմամբ, համը հավասարակշռեք ցիտրուսային մրգերի միջոցով։
6․ Անանուխի համով կոնֆետները ևս կարող են օգնել «զրոյացնել» բերանի տհաճ համը:
7․ Եթե ուտելիքներն ունեն մետաղի համ, ապա մետաղե պատառաքաղի փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկից կամ փայտե պատառաքաղներ։
8․ Եթե զգայուն եք աղի և դառը համերի նկատմամբ, ընտրեք քիչ աղ պարունակող մթերքներ, ավելացրեք ավելի շատ քաղցրավենիք։ Օրինակ՝ շաքարավազ և մեղր աղցանների և խմիչքների մեջ:
9․ Թվում է, թե համային զգայունության կորստի արդյունքում մեր հետաքրքրությունը սննդի նկատմամբ պետք է թուլանա, բայց շատերը զգում են հակառակ էֆեկտը՝ առանց համերի ավելի դժվար է զգալ լիարժեք հագեցվածություն: Եթե վերահսկում եք քաշը՝ աշխատեք հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին:
Ինչպե՞ս հաղթահարել հոտի և համի փոփոխությունները
Վարժեցրեք կամ նորից «սովորեք» համերը
1․Օրվա ընթացքում փորձեք մի քանի մթերքներ սուր համերով՝ աղի, կծու, քաղցր, թթու: Օրինակ՝ լիմոն, իմբիր, սոյայի սոուս, պղպեղ, քացախ, աղ, շաքարավազ:
2․ Եթե բերանում չորութուն կա՝ փորձեք մրգային և անանուխի համով կոնֆետներ և մաստակներ օգտագործել:
Վարժեցրեք հոտառությունը
Օրվա ընթացքում փորձեք մի քանի անգամ հոտ քաշել վառ հոտեր ունեցող յուղերից, խոտաբույսերից, համեմունքներից, օծանելիքներց և ցիտրուսներից, փորձեք նաև աչքերը փակ տարբերակել հոտերը:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ






Թողնել մեկնաբանություն