Օդերևութաբանները մոտակա օրերին կանխատեսել են մինչև +40 +42 աստիճան ջերմություն։ Eco.am-ն առաջարկում է, հատկապես շոգ եղանակին, հետևել սննդակարգին և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հեղուկ շատ խմեք
Շոգ օրերին օրգանիզմը ջրազրկվում է, քանի որ շատ եք քրտնում։ Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ։ Անհրաժեշտ է օրական խմել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ։
Սննդակարգում ներառեք
1․ Կաթնամթերք՝ կաթնաշոռ, մածուն։
2․ Բնական հյութեր՝ խնձորի, մասուրի։ Մասուրը հարուստ է վիտամին C-ով։
3․ Շատ օգտագործեք բանջարեղեն՝ վարունգ, պոմիդոր, բադրիջան, պղպեղ։ Կարող եք բանջարեղեններից աղցաններ պատրաստել։
4․ Շատ կերեք մրգեր։ Ամառը հարուստ է մրգերով, ուստի բոլոր տեսակներն էլ ցանկալի են։ Խորհուրդ է տրվում համտեսել նաև աղցանի տեսքով։
Առաջարկվող մթերքները դասվում են դյուրամարս կերակրատեսակների շարքին և դրանով իսկ թեթևացնում օրգանիզմի մարսողությունը։
Շոգ օրերին խորհուրդ չի տրվում
– Սնվել դրսում
– Ուտել կրեմով կարկանդակներ։
Կրե՛ք հովանոց
Շոգ եղանակին պետք է կրել հովանոցներ, որոնք չպետք է լինեն սև գույնի, քանի որ սև գույնը արևի ճառագայթները շուտ է կլանում։
Եթե արևահարվել եք
Ամռանը հաճախ են արևահարություններ լինում, որոնք երկու աստիճանի են՝ թեթև և ծանր։
Ծանր աստիճանի արևահարությունը ուղեկցվում է սրտխառնոցով, գլխացավերով, գլխապտույտներով։ Այս դեպքում հարկ է անհապաղ դիմել համապատասխան բուժկենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար։
Թեթև աստիճանի արևահարության դեպքում պետք է խուսափել արևի ճառագայթների տակ երկար մնալուց, մի քանի օր պահպանել անկողնային ռեժիմ և օգտագործել շատ հեղուկներ։
Արևի ճառագայթները մեծ վտանգ կարող են առաջացնել հատկապես սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպես նաև արյան բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց։






Թողնել մեկնաբանություն